23.11.2024
Ոստիկանությունում մոտ 110 մլն դրամ է յուրացվել. հարուցվել է քրեական գործ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Քոչարյանի թիմակիցները Փաշինյանի դեմ հակափաթեթ են ուղարկել Կրեմլ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք փորձեցինք Տիգրան Սարգսյանին մերձ շրջանակներից ճշտել, թե ինչ նյութեր են նախապատրաստվում նախկին վարչապետի դեմ, քրեական գործ հարուցվելու հեռանկար կա, թե ոչ, իրեն հարցաքննության հրավիրե՞լ են։ Մեր աղբյուրը կտրականապես հերքեց նյութերի նախապատրաստման մասին լուրը։ Ավելին՝ պնդեց, որ դա հատուկ տարածվող լուրերի շարքում է՝ «փորձում են Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարելիք այցից առաջ նրան նոր հարված հասցնել»։ Բանն այն է, որ դեռ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը «չի մարսվել» և ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի դեմ քրգործի հարուցումը կարող է ավելի բարդացնել հայ-ռուսական առանց այն էլ ոչ պարզ հարաբերությունները։ Եվ, ըստ Տիգրան Սարգսյանի շրջապատի, նման լուրի տարածումը արվում է հակաիշխանական շրջանակներից։ Ավելին՝ մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ հակաիշխանական շրջանակները լուրջ փաթեթ են պատրաստել և ուղարկել Կրեմլ։ Իսկ փաթեթում հատկապես մանրամասն ներկայացված է, թե ովքեր են Փաշինյանի կառավարությունում ընդգրկված, ինչ կենսագրություն ունեն և նրանցից քանիսն են հակառուսական ձեռնարկներում մասնակցություն ունեցել։ Ըստ մեր աղբյուրի, փաթեթը կազմվել է Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների կողմից, որոնք Քոչարյանի դեմ հարուցված քրգործից հետո համակարգային պայքար են սկսել նոր իշխանությունների դեմ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վարած կադրային քաղաքականության արդյունքում հայտնվել է լուրջ խնդրի առաջ. Հայաստանի ռազմավարական գործընկեր ՌԴ-ի համար շարունակում են անընդունելի մնալ մի շարք առանցքային պաշտոնյաներ: Խոսքն այն անձանց մասին է, որոնք տարիներ շարունակ բացահայտ թշնամական կեցվածք են ունեցել ՌԴ-ի նկատմամբ` վիրավորական արտահայտություններ անելով այդ երկրի իշխանությունների հասցեին, իսկ այսօր բարձր պաշտոն զբաղեցնում Հայաստանում: Այս առումով առանցքային դեմքերից են ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ռուսական կողմը բաց տեքստով պարբերաբար հասկացրել է, որ իրենց համար անցանկալի է նման անձանց ներկայությունն իշխանական վերնախավում, եւ որ դա չի բխում երկու երկրների շահերից, քանի որ առնվազն իրենք շատ հարցերում չեն վստահում կոնկրետ անձանց: Մամուլում գրվել է, որ Արմեն Գրիգորյանին ռուսական կողմը չի վստահում ռազմաքաղաքական բնույթի շատ փաստաթղթեր` մտածելով, որ դրանք կարող են հայտնվել ամերիկացիների ձեռքում: Նման խնդիրներ կան նաեւ Դավիթ Սանասարյանի դեպքում: Ավելին` ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների` այդ ամենի հետեւանքով Պետական վերահսկողական ծառայությանը հաճախ չեն ընդունում ու չեն նկատում նաեւ երկրի ներսում: Ավելին, երբ նրա ղեկավարած կառույցի աշխատակիցները ստուգումների նպատակով մտել են ՊՆ, զինվորական վերնախավն անլուրջ է մոտեցել նրանց` ասելով, որ այստեղ անելիք չունեն: Դավիթ Սանասարյանը մեր թղթակցի հարցին ի պատասխան հերքել է այդ տեղեկությունները՝ ասելով. «Առհասարակ, վերահսկողական ծառայության աշխատակիցների հետ խոսելուց վերահսկող օբյեկտի աշխատողները ոտքի են կանգնում եւ պետք է ոտքի կանգնեն եւ նոր խոսեն, այնպես որ անլուրջ է»»:


 


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին Հատուկ քննչական ծառայության քննիչներն աշխատում են աննախադեպ ծանրաբեռնված վիճակում: Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործով հարցաքննության հրավիրված վկաների թիվը շատ-շատ է, եւ քննիչները հազիվ են հասցնում հարցաքննել նրանց: ՀՔԾ-ում հարցաքննության են կանչվում 2008թ. այդ օրերին իշխանության մեջ բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք, նաեւ ոստիկանության բաժանմունքների նախկին պետեր, տեղակալներ եւ այլն: Ու այդ ամենի հետեւանքով ՀՔԾ միջանցքներն աննախադեպ բազմամարդ են. ժամանակը չի բավարարում բոլորին հարցաքննելու համար: Ի վերջո, ինչպես հայտնի է, ՀՔԾ-ում հարուցված մայր գործը մի քանի դրվագից է բաղկացած՝ դեռ փետրվարյան հանրահավաքների օրերին ներքաղաքական իրադարձություններին բանակի ներգրավում, այդպես սահմանադրական կարգի տապալում, մարտի 1-ի լուսադեմի իրադարձություններ, երբ բռնությամբ ցրել էին ցույցը, այդ օրը երեկոյան կատարված սպանություններ, նաեւ ՍԴ որոշման վրա նախկին պաշտոնատար անձանց կողմից միջամտություն, ինչի հետեւանքով խոչընդոտվել է արդար դատաքննության իրականացումը»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հրավեր է ստացել նոր ձեւավորվող Եվրամիության դատախազությունից՝ այնտեղ պաշտոնավարելու։ Առաջիկայում նա վայր կդնի ԱԺ մանդատը եւ կմեկնի Եվրոպա՝ նորաստեղծ մարմնում աշխատելու։ Հիշեցնենք՝ Կոստանյանը ՀՀԿ անդամ չէ, սակայն պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ցուցակով։ Մեր տեղեկություններով՝ նրան կփոխարինի ԿԳ նախկին փոխնախարար Վահրամ Մկրտչյանը․ ՀՀԿ համամասնական ցուցակում նա է հաջորդը։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ ԱԺ ՀՀԿ եւ «Ծառուկյան դաշինքի» պատգամավորները պարզապես «ցեխը կոխեցին» կառավարության ներկայացրած «անփույթ, երեւակայական» օրենքի նախագիծը։ Խոսքը Քրեական դատավարության եւ այլ օրենքներում փոփոխությունների մասին է, որով խստացվում են ընտրական հանցագործությունները։ Նախագծի հեղինակը Ընտրական բարեփոխումների հանձնաժողովն է՝ Դանիել Իոաննիսյանի գլխավորությամբ։ ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը նկատեց, որ փաթեթում այնպիսի ձեւակերպումներ կան, որոնք ստիպում են իրեն մտահոգվել ՀՀ քաղաքացիների, ոչ թե ընտրակաշառք բաժանողների համար։ Մեկի համաձայն՝ ընտրակաշառքի առաջարկը կամ խոստումն ընդունելը եւս քրեորեն պատժելի արարք է համարվում․ «Ենթադրենք, ընտրակեղծարարը որեւէ գյուղում թակում է քաղաքացու դուռն ու մի տատիկի ասում է՝ եթե մեզ ընտրես, քեզ գումար կտանք, տատիկը ժպտում է, ասում է՝ լավ, ու դուռը փակում։ Տատիկին դատապարտելու ենք 3 տարվա ազատազրկմա՞ն։ Խոստումն ընդունելն ի՞նչ է նշանակում»։ ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանն էլ հեղինակներին բնութագրեց որպես մարդիկ, «ովքեր երբեք իրենց մտածողության գործիքը չեն ծանրաբեռնել իրավական ոլորտի իմացությամբ, այլ ելնում են այն դրույթից, որ իրենց կարծիքն աստվածաշնչյան ճշմարտություն է»: Նախագիծն ընդունվեց պայմանով, որ ոչ հստակ ձեւակերպումները վերացվեն»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի նոր իշխանությունը որոշել է քրեականացնել ընտրակաշառք տալը և ստանալը: Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել Քր.օր.-ում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին առաջարկներ, և այդ փոփոխություններով իսկապես բավական մեծ պատժաչափեր են նախատեսվում ընտրակաշառք բաժանողների համար: Ընդ որում՝ ընտրակաշառք է դիտարկվում նաև բարեգործությունը, եթե դա արվում է ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման օրվանից հետո: Ընտրություններում ընտրակաշառքը վերացնելու համար քրեական պատասխանատվություն սահմանելուց բացի, պետք է իրականացնել առնվազն երկու ինստիտուցիոնալ փոփոխություն»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել «Մարտիկ» հիմնադրամի ծախսերի կապակցությամբ, ավելին՝ մեղադրանք է առաջադրվել այդ հիմնադրամի հիմնադիրներից գեներալ Արթուր Աղաբեկյանին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Աղաբեկյանը նշել է, որ ինքը չի ընդունում առաջադրված մեղադրանքը: «Վստահեցնում եմ, որ այդ ծրագրերն ու ծախսերն իրականացրել եմ «Մարտիկ» հիմնադրամի ռեսուրսներով, գումարներով, որոնք ձեւավորվել են մայր գումարի տոկոսներից, եւ իրականացրել եմ բացառապես կանոնադրության շրջանակում»,- ասել է նա: Աղաբեկյանը նաեւ պնդել է. «Փաստի առթիվ ինձ մեղադրանք է առաջադրված որպես բացառապես իմ իրավասության շրջանակներում, իմ գործողությունների համար: Ես չեմ ընդունում այդ մեղադրանքը եւ պետք է հնարավորություն ընձեռնեմ քննչական կոմիտեին իմ ցուցմունքներով ու մանրամասնելով ամեն ինչ»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ընտրություններին ընդառաջ Հայաստանում նոր ուժեր են ձեւավորվում: Մեր տեղեկություններով՝«Համախմբում» կուսակցության երիտմիության նախկին ղեկավար Աղվան Պողոսյանը նոր նախաձեռնություն է հիմնում՝ «Քաղաքացիական հարթակ», որտեղ համախմբվելու են երիտասարդներ, այդ թվում՝ «Համախմբում» կուսակցության նախկին անդամներ, եւ գործելու են ընդդիմադիր դաշտում: Սեպտեմբերին նախատեսվում է մեկնարկը։ Այս օրերին մտմտում են, թե ինչպես շռնդալից մտնեն դաշտ:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանքարդյունաբերության արտադրանքի ծավալները սկսել են նվազել, այն էլ մտահոգիչ տեմպերով: «Ժողովուրդ» օրաթերթը Վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա 7 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, միայն պղնձի խտանյութի արդյունահանման ծավալները նվազել են 20 տոկոսով: Անցած տարվա հունվար-հուլիսին արտադրվել է 243 հազար 100 տոննա պղնձի խտանյութ` այս տարվա նույն ժամանակահատվածի 194 հազար 400 տոննայի դիմաց: Հայտնի է, որ 2016 թվականի վերջից սկսած պղնձի միջազգային գները աճել են, եւ այդ միտումը շարունակվել է անցած տարում, ինչն էլ զգալի դրական ազդեցություն էր թողել արտահանման վրա: Իսկ հայաստանյան տնտեսության հիմնական շարժիչ ուժը տարիներ շարունակ եղել է հանքարդյունաբերությունը: Բայց հիմա, չնայած միջազգային շուկայում բարձր գներին, արդյունահանումը նվազել է առանցքային հանքարդյունաբերողների չաշխատելու հետեւանքով. օրինակ` չի շահագործվում Թեղուտի հանքավայրը»: