Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց. դատարանը բավարարեց փաստաբանների բողոքը
Վերաքննիչ դատարանի որոշմամբ «Մարտի 1»-ի գործով կալանավորված նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց: Դատարանը փոխեց Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։
Քոչարյանի փաստաբանների բողոքը քննել էր դատավոր Ալեքսանդր Ազարյանը: Բողոքի քննությունը տեղի է ունեցել օգոստոսի 10-ին, իսկ վճիռը հրապարակվեց օգոստոսի 13-ին: Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի բողոքը եւ փոխեց խափանման միջոցը:
Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը լրագրողներին հայտնեց, որ դատարանը վերացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանը անձեռնմխելի է։
«Ռոբերտ Քոչարյանը օգտվում է անձեռնմխելիության իրավունքից։ Չի կարող անձը ենթարկվել քրեական հետապնդման և պատասխանատվության իր պաշտոնավարման ժամանակ և պաշտոնավարումից հետո, եթե նրա գործողությունները բխել են իր կարգավիճակից», - պարզաբանեց նա: Ռուբեն Սահակյանը նաև նշեց, որ իրենք բավարարված են Վերաքննիչ դատարանի որոշումից և չբացառեց, որ Հատուկ քննչական ծառայությունը կբողոքարկի Վերաքննիչ դատարանի որոշումը։
Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ՀՀ եւ Արցախի Ազգային ժողովվների մի խումբ պատգամավորների միջնորդությունը:
«Նախաքննության ներկա փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմքերը և անազատության հետ չկապված այլ խափանման միջոցի ընտրությունը դեռևս ի զօրու չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագծով պայմանավորված քննության անխափան ընթացքը»,- հայտնել էր ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
ՀՀ-ում «Մարտի 1»-ի գործի շրջանակներում քրեական գործեր են հարուցվել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի եւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի (որը 2008 թ-ին ՊՆ Երեւանի կայազորի հրամանատարն էր) նկատմամբ։ Նրանք մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար։
Միայն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ էր կիրառվել կալանավորվումը որպես խափանման միջոց. Խաչատուրովը գրավի դիմաց ազատ էր արձակվել, իսկ Հարությունյանը հետախուզման մեջ է։