24.11.2024
ՔԿ. Ամուլսարի հարցով շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկություններ են թաքցվել
prev Նախորդ նորություն

Վաչագան Ղազարյանը ազատ կարձակվի 1 մլրդ դրամ գրավի դիմաց

Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել 1 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ արձակել Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին։


Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Այս պահին Ղազարյանը դեռևս կալանքի տակ է՝ մինչև գրավի վճարումը:


Ղազարյանը ձերբակալվել է հունիսի 25-ին, նրան մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար, ապօրինի հարստանալու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու կասկածանքով:  Ղազարյանը բողոքարկել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը իրեն կալանավորելու վերաբերյալ:


Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 29-ին ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալ, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, գեներալ Վաչագան Ղազարյանը (Սերժի Վաչո) եւ իր կինը` Ռուզաննա Բեգլարյանը, պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:


Այսպիսով՝ Վաչագան Ղազարյանը, որպես շարժական գույք հայտարարագրել է մեկ բնակարան` բազմաբնակարան շենքում, 6 բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքներ: Որպես շարժական գույք Ղազարյանը հայտարարագրել է «RANGE ROVER Supercharged 5.0» մակնիշի ավտոմեքենա:


Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ՝ Վաչագան Ղազարյանի դրամական միջոցները կազմել են 11 մլն դրամ, 9 500 դոլար, 12 500 եվրո: Այս տարվա հունվարի 1-ից մինչեւ պաշտոնը դադարեցնելու օրը Ղազարյանը ունեցել է 2 մլն 520 հազար 773 դրամի եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:


Վաչագան Ղազարյանի կինը` Ռուզաննա Բեգլարյանը, շարժական եւ անշարժ գույք, ըստ հայտարարագրի չունի: Նրա դրամական միջոցները կազմել են 25 մլն դրամ, 29 հազար դոլար եւ 17 հազար 400 եվրո: Ռուզաննա Բեգլարյանի եկամուտները կազմել են 3 մլն 240 հազար դրամ, որը գոյացել է վարձակալության դիմաց ստացված վճարից: