Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է անցկացրել Ժան-Կլոդ Յունկերի և Դոնալդ Տուսկի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 12-ին հանդիպումներ ունեցավ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի և Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարները՝ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունների համատեքստում: Ժան-Կլոդ Յունկերը նշել է, որ հայաստանյան զարգացումների խաղաղ ու ժողովրդավարական բնույթը ոգևորել է իրենց և պատրաստակամություն հայտնել շարունակաբար աջակցելու մեր երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացին:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախորդ բոլոր տարիներին ցուցաբերված աջակցության համար և հավաստիացրել, որ այսուհետ ԵՄ թե՛ ինստիտուցինոլ, թե՛ ֆինանսական և թե՛ խորհրդատվական աջակցությունը կօգտագործվի առավել նպատակային:
«Հայաստանում արդեն շուրջ երկու ամիս տևող հակակոռուպցիոն պայքարի շարունակականությունը մեր կառավարության հիմնական գերակայություններից է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը ողջույններ է փոխանակել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Ավելի ուշ Փաշինյանը կճաշի Բելգիայի հայ համայնքը ներկայացնող գործարարների հետ, ինչից հետո կմեկնի Սուրբ Մարիամ Մագթաղինե հայ առաքելական եկեղեցի, որտեղ տեղի կունենա հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումից անմիջապես հետո վարչապետի ղեկավարած պատվիրակությունը կվերադառնա Հայաստան: