Վրաստան մեկնել լիազորագրով և հույսը չդնել սահմանապահի բարի կամքի վրա. ՀՀ դեսպանություն
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հուլիսի 11-ին հայտարարություն էր տարածել, որ այն վարորդները, ովքեր Վրաստանի սահմանը հատում են իրենց անունով չգրանցված տրանսպորտային միջոցով,պետք է լիազորագիր ներկայացնեն։
Այս կապակցությամբ դեսպանությունը ներկայացնում է պարզաբանում.
«Սոցիալական ցանցերում որոշ օգտատերերի կողմից եղան մեկնաբանություններ, որ դա իրականությանը չի համապատասխանում և սահմանին լիազորագիր չեն պահանջում։ Հայտնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Վրաստանում գործող օրենքը, ըստ որի՝ այլ անձի մեքենայով սահմանը հատել փորձող վարորդը պետք է լիազորագիր ներկայացնի։
Տեղեկացնում ենք, որ սահմանին եղել են դեպքեր, որ սահմանապահն ընդառաջել է վարորդին և թողել Վրաստանի տարածք՝ հետագայում լիազորագիր ունենալու պայմանով, միաժամանակ նաև զգուշացնում ենք, որ եղել են դեպքեր, երբ լիազորագիր չունենալու պատճառով չեն թույլատրել մտնել Վրաստանի տարածք։
Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, խնդրում ենք ձեզ հետ ունենալ վրացերեն կամ անգլերեն լեզվով լիազորագրեր և Վրաստան մեկնելիս չհիմնվել միայն սահմանապահի բարի հայեցողության վրա»,- նշված է հայտարարության մեջ։