25.11.2024
Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերությունները
prev Նախորդ նորություն

Մամուլ. Դողն ընկել է սիրտը` Սեյրան Օհանյանը քանդում է Վահագնի թաղամասի շքեղ առանձնատունը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է․ «Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը քանդում է Վահագնի թաղամասում կառուցվող իր տունը, քանի որ մտավախություն ունի, որ այն կարող է ծառայել որպես ապօրինի հարստացման կենդանի ապացույց: Շարքային քաղաքացիները, նաև իրավապահ մարմինները կարող են հարցնել նախկին պետական պաշտոնյա Օհանյանին, թե որտեղից այդ միջոցները, չէ՞ որ Պնախարարի աշխատավարձով հնարավոր չէ հսկա առանձնատուն կառուցել: Բայց եթե այս տրամաբանությամբ շարժվենք, ապա պետք է քանդվի Հայաստանում վերջին 25 տարում կառուցված շենք-շինությունների առնվազն 90 տոկոսը, որովհետև Հայաստանում աշխատավարձերը այնպիսին են, որ դրանցով հնարավոր չէ նման ունեցվածք կուտակել»։


«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ առաջկա օրերին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքից կազատի «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրեն, Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանին․ քաղաքական որոշումը կայացված է վարչապետ-նախարար մակարդակում։ «Իրավական» հիմնավորումը ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումներն են, որոնց նախարարը ձեռնամուխ էր եղել նշանակվելու պահից եւ ինչի մասին 2 օր առաջ խոսել է ԶԼՄ-ների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ՝ նշելով խախտումների չափը՝ 1 մլրդ դրամ։ Նոր տնօրենը, ասում են, Թորոսյանի շրջապատից է լինելու, բայց անունը դեռ չեն հայտնում»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀԿ-ն հրաժարվել է այս տարվա աշնանը նախատեսած համագումար անցկացնելու մտքից: Բացի այդ, ինչպես պնդում են մեր աղբյուրները, վերջին շրջանում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այնքան էլ ակտիվ չի զբաղվում կուսակցական հարցերով՝ գերադասելով դրանք վստահել փոխնախագահներին եւ կուսակցության Գործադիր մարմնի անդամներին: Սերժ Սարգսյանը կուսակցության կենտրոնական գրասենյակ շաբաթը մեկ անգամ է այցելում՝ մասնակցելու Գործադիր մարմնի նիստերին: Նա միայն այդ օրերին է հանդիպում կուսակիցներին, դեմ առ դեմ քննարկումներ անցկացնում նրանց հետ: Մնացած ընթացքում, ինչպես պնդում են մեր աղբյուրները, նա հեռախոսազանգերի միջոցով է կապի մեջ լինում կուսակիցների հետ: Բացի այդ, այս օրերին ՀՀԿ-ից ակտիվորեն շարունակվում է արտահոսքը. մարդիկ զանգվածաբար ՀՀԿ-ից հեռանալու դիմումներ են ներկայացնում»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին նախագահ Սերժ Սարգսյանը մասնավոր զրույցների ժամանակ բողոքում է, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մեղավորը նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն էր, որը շարունակ ճնշում էր գործադրում իր վրա, որպեսզի Հայաստանը վերադարձնի ազատագրված հինգ շրջանները, ընդ որում՝ ոչ մի բանի դիմաց: Նախագահ Սարգսյանն ասում է, որ հեղափոխության արդյունքում Հայաստանի իշխանությունը դարձավ ավելի անզիջում, որովհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես հրաժարվում է բանակցել Ղարաբաղի հարցով՝ ասելով, թե հարցի լուծմանը պետք է մասնակցեն Արցախի ընտրված իշխանությունները: Հիմա ումից է Պուտինը պահանջելու հինգ շրջանները՝ հարցնում է Սերժ Սարգսյանը»:


«Հրապարակ» թերթը գրում է․ «Պետական համակարգի միջին օղակներում աշխատանքը կազմալուծված է, քանի որ այժմ աշխատում են «ստուգող-բռնող» մարմինները: Վարչությունների, բաժնի պետերի մակարդակում խոսում են, որ քանի դեռ արտահերթ ընտրություններ չեն եղել, լուրջ ռեֆորմներն անհնար են: Այս շրջանակը քաղաքականացված չէ, փոփոխություններն էլ, որպես կանոն, չեն ազդում նրանց վրա, սակայն հեղափոխությունից հետո կադրային փոփոխությունների ալիքն արդեն նրանց է հասել․ ոմանց ասվել է՝ դիմում գրեք գնացեք։ «Համակարգը կազմալուծվում է, ահագին մարդիկ դուրս են գալիս, եկողները մյուսներին որպես պոտենցիալ հանցագործ են նայում: Ներսում մեծ դժգոհություն է հասունանում։ Ուղղակի, քանի դեռ Նիկոլի ռեյտինգը բարձր է, լռում են, բայց մի օր պայթելու է»,- ասաց պետական համակարգի մեր աղբյուրը:


«Հրապարակ» թերթը գրում է․ «Հուլիսի 14-ը Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է․ նա կդառնա 62 տարեկան։ Այդ օրը հիմնականում «Վան» ռեստորանում՝ բարձրաստիճան պաշտոնյաների հետ տոնող գեներալն այս անգամ շնորհավորողներ քիչ կունենա։ Բայց ոմանք նրան այցելում են կալանավայրում, վերջերս այցելած մեկին նա ասել է․ «Բացթողումներ եղան․ փորձված աղվեսն էրկու ոտով է թալակն ընգնում․ էրեխեքին ուշադիր եղեք»։ Նախօրեին ՀՀԿ որոշ պատգամավորներ են այցելել, այդ թվում՝ Վահրամ Բաղդասարյանը։ Առաջիկայում Ֆրանսիայից Հայաստան է ժամանելու նրա օնկո-բժիշկը։ Պարզվում է՝ բուժզննության հետ կապված խնդիր էլ կա՝ Հայաստանում ռադիոճառագայթող սարք չկա, որով հնարավոր լինի պարզել հիվանդի վիճակը։ Վերջերս գեներալի 2 որդին փորձել են անցնել Բավրայի սահմանը, Կարենին թույլ չեն տվել, Արմանն անցել է։ Օրերս էլ ԱՄՆ մշտական բնակության է մեկնել ԵԿՄ-ի հաշվապահը՝ Հովհաննես Գրիգորյանը, ում փաստորեն, թույլ են տվել դուրս գալ երկրից»։


«Ժամանակ» թերթը նշում է. «ՊԵԿ-ում խայտառակ նշանակումները շարունակվում են: Նոր սկանդալի կենտրոնում հայտնվել է ՊԵԿ նախագահի նորանշանակ տեղակալ Արա Գաբրիելյանը, որը, պարզվում է, ոչ վաղ անցյալում ԱՄՆ-ում դատապարտվել է GPS-ի միջոցով 35-ամյա նախկին ընկերուհուն հետապնդելու համար։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արա Գաբրիելյանը մինչ դատապարտվելը ԱՄՆ-ում, որտեղ իր կեցությունը երկարաձգել է կեղծ փաստաթղթերի հիման վրա, տարիներ շարունակ հայկական տարբեր հեռուստաընկերություններում աշխատել է որպես մոնտաժող։ Նա մտերիմ հարաբերությունների մեջ է պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի հետ։ Վերջինիս՝ ԱՄՆ-ում աշխատած տարիներին Արա Գաբրիելյանը նրա մոտ է աշխատել, օգնել մոնտաժային աշխատանքով։ Գաբրիելյանը Հայաստան է վերադարձել 2015-ին և սկսել աշխատել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող «Յուքոմ» ընկերությունում՝ որպես անվտանգության պետ։ Դրանից հետո աշխատել է կրկին Գագիկ Խաչատրյանին պատկանող բուքմեյքերական մի կազմակերպությունում։ Նա պետական ապարատում աշխատելու փորձ չունի, ոչ էլ մասնագետ է այն ոլորտի, որի կուրացիան իրականացնում է»։