26.11.2024
ԱԱԾ-ն այս պահին գործողություններ է իրականացնում Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի տանը. ՈՒՂԻՂ
prev Նախորդ նորություն

Ի՞նչ անել ռուսերենի դասավանդման հայեցակարգի հետ. նախարարը հանդիպել է ՌԴ դեսպանին

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:


Ինչպես հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից, շնորհավորելով ՌԴ դեսպանին նշանակման առթիվ՝ Արայիկ Հարությունյանը հույս է հայտնել, որ Սերգեյ Կոպիրկինն իր առաքելության ընթացքում կնպաստի կրթության եւ գիտության ոլորտում առկա ռազմավարական հարաբերությունների առավել խորացմանը եւ ընդլայնմանը:


ԿԳ նախարարը նշել է, որ կրթության ոլորտը նոր կառավարության առաջնահերթություններից է եւ այդ համատեքստում ընդգծել է, որ արդեն կրթության տարբեր աստիճաններում նախանշվում են համագործակցության որոշակի ուղղություններ ու նախագծեր:


Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՌԴ դեսպանը հավաստիացրել է, որ կներդնի առավելագույն ջանքերը՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամական հարաբերությունները, ինչպես նաեւ գիտակրթական ոլորտում ռազմավարական փոխգործակցության շարունակականությունը ոչ միայն ապահովելու, այլեւ դրանք առավել զարգացնելու եւ խորացնելու ուղղությամբ:


Հանդիպմանն անդրադարձ է եղել ռուսերենի դասավանդման խնդրին՝ ԿԳ նախարարը նշել է, որ օտար լեզուների դասավանդման արդյունավետության բարձրացումը Հայաստանի կրթության ոլորտի առաջնահերթություններից է, միաժամանակ շեշտելով, որ իրականացվող համակարգային բարեփոխումները նպաստելու են դպրոցներում դասավանդվող բոլոր առարկաների որակի բարձրացմանը:


Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ միջին մասնագիտական եւ բարձրագույն կրթության ու գիտության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերվող այլ հարցեր:


Հիշեցնենք, որ Հայաստանում անցյալ տարի, Կարեն Կարապետյանի վարչապետության ժամանակ, ընդունվեց Ռուսերենի դասավանդման հայեցակարգ, որն առաջացրեց շատ բուռն արձագանք հանրության շրջանում: Շատ մասնագետներ դեմ դուրս եկան այդ փաստաթղթի ընդունմանը, այդ թվում ներկայիս ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, որն այն ժամանակ հանդես էր գալիս, որպես Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, Կրթության, մշակույթի, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:


Արայիկ Հարությունյանը նշում էր, ոչ ներկայացված հայեցակարգում «վտանգավոր դրույթ կա», որով փորձում են շրջանցել Լեզվի եւ հանրակրթության մասին օրենքով օտարալեզու դպրոցների սահմանափակումը:


«Հայեցակարգով հիմք են դնում, որով շատ շուտ կարող են գալ և ասել, որ Հանրակրթության մասին օրենքը պետք է փոխվի և օտարալեզու դպրոցների թիվը պետք է փոխվի: Հիմա օտարալեզու դասարանների միջոցով փորձում են ռուսաց լեզուն տարածել, թիվը կմեծացնեն, հետո կասեն՝ պահանջարկը կա», - ասում էր նա՝ ու հավելում, որ այս հայեցակարգը ռուսերենը ՀՀ-ում պաշտոնականացնելու քողարկված փորձ է:


Մինչ այսօր սակայն Հարությունյանը՝ որպես ԿԳ նախարար, չի անդրադարձել Ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգին եւ չի խոսել դրա չեղարկման անհրաժեշտության մասին: