Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը չի հավատում, որ Վյաչեսլավ Հարությունովը, որին, ըստ նախաքննության տվյալների, ծեծի է ենթարկել Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը, վնասվածքներ է ստացել սայթաքելու հետեւանքով:
Կառավարության նիստից առաջ լրագրողները ոստիկանապետ Վալերի Օսիպյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք Վյաչեսլավ Հարությունովը վնասվածքներ ստացել է ընկնելու հետեւանքով:
«Եթե կարելի է սայթաքելով նման մարմնական վնասվածքներ ստանալ, ուրեմն խնդիր չկա: Այսինքն՝ հանրապետությունում ամեն երրորդը կարող է նման վնասվածքներով ման գալ: Չեմ կարծում, որ դա իրականությանը համապատասխանում է»,- նշեց նա:
Դիտարկմանը, որ ոստիկանությունը պնդու՞մ է ծեծի վարկածը, Օսիպյանն ասաց. «Առաջին օրը մենք դա ամրագրել ենք՝ տուժողի հաղորդման հիման վրա: Այնպես չէ, որ մոտավոր ենք ասում: Թե հետո ինչ եղավ, դուք ինքներդ կարող եք հասկանալ»,- նշեց ոստիկանապետը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ծառուկյանի թիկնազորի պետը ձերբակալվել է նախօրեին Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Օլիմպավան» մարզասրահում 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովին ծեծի ենթարկելու կասկածանքով: Ծեծի հետեւանքով Հարությունովը ծանր մարմնական վնասվածքներ է ստացել. նա հիվանդանոց է տեղափոխվել «աջակողմյան եզրային պնեւմոթորաքս (կրծքավանդակի խոռոչում օդի առկայություն), 9-րդ կողոսկրի կոտրվածք աջից, ենթամաշկային էմֆիզեմա հետին մակերեսի կրծքավանդակի աջ կեսով» ախտորոշմամբ:
Քիչ ուշ պարզվեց, որ ծեծկռտուքին մասնակցություն է ունեցել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, համենայնդեպս այդպիսի ցուցմունք է տվել ինքը՝ տուժողը:
Նշվում էր նաեւ, որ միջադեպին ներկա է եղել նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, Գագիկ Ծառուկյանի մտերիմ Հրաչյա Ռոստոմյանը: Նա նաեւ հրավիրվել էր ՀՔԾ՝ միջադեպի հետ կապված պարզաբանումներ տալու համար:
«Ձեր ասած միջադեպին ո՛չ ներկա եմ եղել, ո՛չ էլ ականատես»,- հայտարարեց Ռոստոմյանը լրագրողների հետ զրույցում եւ ասաց, որ տուժողին ճանաչում է: Նա նաեւ նշեց, որ ՀՔԾ-ում հարցաքննվել է, որը գաղտնիք է եւ չի կարող մանրամասնել:
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ տուժողը հայտարարել է, որ նրան հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու եւս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է։
Այժմ միջադեպին Ծառուկյանի մասնակցության հարցը պարզելու համար գործը փախանցվել է ՔՀԾ: