26.11.2024
Ադրբեջանը շարունակում է զինտեխնիկայի տեղաշարժերն ու կուտակումները. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

The Hill. ԱՄՆ-ն և միջազգային հանրությունը պետք է սատարեն Փաշինյանի նոր կառավարությանը

Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը պետք է սատարեն Նիկոլ Փաշինյանի նոր կառավարությանը: Այդ մասին The Hill-ում գրում է Բաց հասարակության քաղաքականության կենտրոնի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ավագ խորհրդական Ալեքս Ջոնսոնը:


Ջոնսոնը գրում է, որ անցած շաբաթ նա հյուրընկալել է «թավշյա» հեղափոխության հաղթանակից հետո Վաշինգտոն ժամանած Հայաստանի քաղաքացիական հասարակության առաջնորդներին: Ինչպես շատ ամերիկացի քաղաքական գործիչների, որոնց հետ հանդիպումներ են կայացել, հեղինակին նույնպես տպավորել է պատմական փոփոխություններից հետո նրանց վճռականությունն ու լավատեսությունը: Հեղինակը նշում է, որ այժմ բարեփոխումների համար պայքարող մարդիկ իշխանություն են ստացել և հնարավորություն ունեն տասնամյակներ շարունակ իրենց քարոզած արժեքները վերածելու իրական քաղաքականության:

Այդ պատճառով այսօր, ավելի քան երբևէ, կարևոր է, որ Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը սատարեն նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին: Այդ պահը կարող է շատ կարճ տևել, բայց նա այժմ ունի փոփոխություններ իրականացնելու մանդատ: Հունիսի 7-ին ընդունված և բողոքի շարժման առաջնորդների հետ սերտ խորհրդակցությամբ մշակված կառավարության ծրագիրը պետք է և արժանի է միջազգային համայնքի կողմից աջակցության: ԱՄՆ իշխանությունները և այլք պետք է օգնեն Փաշինյանի կառավարությանն իրագործել իր նոր ծրագիրը, վերացնել կոռուպցիան և թույլ չտալ նախկին իշխանությունների ներկայացուցիչներին ապակայունացնել նոր կառավարությունը»,- գրում է հեղինակը:


Ջոնսոնի խոսքով՝ բարեբախտաբար երկուշաբթի ԱՄՆ երկու կուսակցությունները ներկայացնող ամերիկացի օրենսդիրները նամակ են ուղարկել պետքարտուղար Մայք Պոմպեոյին և USAID-ի ղեկավար Մարկ Գրինին՝ կոչ անելով մեծացնել Հայաստանին տրամադրվող օգնությունը: Սա պետք է հեշտ լինի, քանի որ Պետքարտուղարությունից և USAID-ից պահանջվում է միայն վերահասցեավորել իրենց ռեսուրսները: Ոչ մի նոր գումարի անհրաժեշտություն չկա կոռուպցիայի դեմ պայքարելու, թափանցիկության բարելավման հարցերում նոր կառավարության ջանքերին աջակցելու համար:


Այնուամենայնիվ, համեմատական առումով քիչ ուշադրություն է դարձվել Հայաստանում տեղի ունեցած արագ և հարաբերականորեն ոչ բռնի իշխանափոխությանը: Դա զարմանալի չէ, նշում է հեղինակը՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանը փոքր երկիր է, և ԱՄՆ-ում հիմնականում Հայաստանը ճանաչում են Քարդաշյանների ընտանիքի կամ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի միջոցով:


Հեղինակը նշում է, որ ԱՄՆ-ն պետք է միջամտի՝ թույլ չտալու համար, որ Ռուսաստանը վնասի ժողովրդավարական շարժմանը: Հայաստանը պետք է Թրամփի վարչակազմի համար կարևոր դեր ունենա, քանի որ այն երկար ժամանակ եղել է Ռուսաստանի հաճախորդ պետություն և այնտեղ իշխել են ավտոկրատներ և էլիտաներ, որոնք թալանել են երկրի ռեսուրսները:


Չնայած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտադրությունները նոր Հայաստանի վերաբերյալ պարզ չեն՝ նա հետաքրքրված է Ռուսաստանի գերիշխանությունը Հարավային Կովկասում պահպանելու մեջ: Եթե Հայաստանը սերտ կապ պահպանի Ռուսաստանի հետ, կարող է անհրաժեշտ լինել միջազգային համակարգված միջամտություն Կրեմլի կողմից Հայաստանում կլեպտոկրատիայի ներդրմանը հակազդելու համար: Ավելի վաղ միջազգային միջամտությունը հնարավորություն կտա Հայաստանին ուժեղացնել իր կառավարությունը և բարելավել իր տնտեսությունը, մի բան, որ չհաջողվեց հեղափոխություններից հետո անել Ուկրաինային և Վրաստանին:


Ազդեցիկ հայկական սփյուռքը պետք է աշխատի ազատ շուկայական տնտեսությունը խթանելու, անկախ լրագրությանն աջակցելու և օլիգարխների ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ: Հեղինակը նաև առաջարկել է, որ ԱՄՆ-ն, բացի ժողովրդավարության զարգացման համար հատկացվող գումարները մեծացնելուց, աշխատի նաև նորարարական փոխանակման ծրագրերի իրականացման վրա, ինչպես նաև ցույց տա անցումային շրջանում բարդ որոշումների առնչությամբ իր քաղաքական համերաշխությունը բարձր մակարդակի հանդիպումների և ԵԱՀԿ-ի նման կազմակերպությունների կողմից հայտարարությունների միջոցով:


Այժմ հարցն այն է, թե արդյոք ամերիկացի քաղաքական գործիչները և միջազգային համայնքը սատարում են Հայաստանի ապագային, գրել է հեղինակը: