25.11.2024
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Միրզոյանը` փոխվարչապետ, Ծառուկյանին 4 պորտֆել. կառավարությունն ուրվագծվում է

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում սահմանադրական ճգնաժամ է ստեղծվել: ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածով նախատեսված կարգով` խորհրդարանում այսօր կայուն մեծամասնություն ունի Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Սակայն համաժողովրդական շարժման ճնշման արդյունքում ՀՀ վարչապետ ընտրվեց ոչ թե խորհրդարանական կայուն մեծամասնության թեկնածուն, այլ ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, իհարկե, նույն այդ մեծամասնության օժանդակությամբ: Եւ դրանից հետո խորհրդարանական կայուն մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն` հանձինս կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի, երեկ հայտարարեց ընդդիմադիր դառնալու մասին: Սա, համաձայնեք, քաղաքագիտական նոնսենս է. չի կարող խորհրդարանական կայուն մեծամասնություն ունեցող ուժը լինել ընդդիմություն:

Ավելին` այդ կուսակցությունը, միեւնույն է, ԱԺ-ում շարունակում է պահպանել ղեկավար պաշտոնները. ո՛չ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ո՛չ էլ ՀՀԿ-ական երկու փոխնախագահները՝ Էդուարդ Շարմազանովն ու Արփինե Հովհաննիսյանը, հրաժարական չեն ներկայացրել ու չեն էլ ներկայացնի, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները: Ու ըստ էության Հայաստանում ստացվում է հակասական վիճակ. իրեն ընդդիմադիր հռչակած ՀՀԿ-ն խորհրդարանում, այնուամենայնիվ, լինելու է իշխանության կազմում` ղեկավարելով օրենսդիր իշխանությունը: Իսկ գործադիր իշխանությունը ղեկավարելու է Նիկոլ Փաշինյանը, որը նույն այդ խորհրդարանում այս պահին չունի մեծամասնություն, հետեւաբար չունի կայուն հենարան, հետեւաբար նա կաշկանդված է լինելու իր ծրագրերն իրականացնելիս օրենսդրական փոփոխությունների միջոցով իրավական անհրաժեշտ հիմքեր ստեղծելու առումով: Բայց, դե, հիշեցնենք` գործող Սահմանադրությունը ժամանակին գրվեց Սերժ Սարգսյանի «հագով», որպեսզի նա նախագահական լիազորությունների ավարտից հետո շարունակեր պաշտոնավարումը որպես վարչապետ, որպես երկրի փաստացի ղեկավար: Եւ այն ժամանակ «սահմանադրության հայրերի» եւ, ընդհանրապես, որեւէ մեկի մտքով անգամ չէր անցնում, որ Հայաստանում կարող է նման իրավիճակ ստեղծվել: Մեկ արձանագրում էլ. ՀՀԿ-ն լեգիտիմ չէր որպես իշխանություն, ՀՀԿ-ն լեգիտիմ չէ նաեւ որպես ընդդիմություն: Ասել է, թե լեգիտիմության բացակայությունն այս քաղաքական ուժին «հետապնդում է» ամենուր»:


«Հրապարակ» թերթը գրում է. Մայիսի 10-ը Վիգեն Սարգսյանի ծննդյան օրն է, նա դառնում է 43 տարեկան: Տարեդարձի առթիվ ՊՆ կոլեկտիվը ցանկացել է շնորհավորանք պատրաստել «պաշտպանության նախարար» բառերով, սակայն մերձավորներն ասել են, թե դա կարող է ժամանակավրեպ լինել: Իսկ երեկ արդեն՝ իր ծննդյան նախօրեին, Վիգեն Սարգսյանը հանդես եկավ հրաժեշտի ուղերձով, որտեղ ասաց․ քաղաքական իրադարձությունների բերումով իմ նախատեսածից շուտ եկավ բանակի ղեկավարի կարգավիճակում ձեզ հրաժեշտ տալու պահը: Այդպես ճիշտ է: Նախարարը քաղաքական պաշտոնյա է, եւ նրա աշխատանքն արդյունավետ է միայն համախոհների թիմում»: Գործող կառավարությունից Նիկոլ Փաշինյանը, մեր տեղեկություններով, հակված է պահել Վաչե Գաբրիելյանին՝ փոխվարչապետի պաշտոնում։ Մյուս փոխվարչապետ տեսնում է Արարատ Միրզոյանին։ Իսկ առաջին փոխվարչապետի պաշտոնը մտադիր է լուծարել, բայց դրա համար կառավարության մասին օրենքի փոփոխության անհրաժեշտություն կա։ Ապագա կառավարությունում, անշուշտ, տեղեր կունենան ե՛ւ ԲՀԿ-ն, ե՛ւ ՀՅԴ-ն։ Գագիկ Ծառուկյանը կարող է անգամ 4 պորտֆել տնօրինել»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Ծառուկյան» դաշինք խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրենք կմասնակցեն Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմավորմանը միայն այն դեպքում, եթե իրենց այդ կառավարությունում ազդեցիկ ներկայացվածություն առաջարկվի: Խոսքը պաշտոնների թվի մասին չէ, այլ որ իրենք ունենան ազդեցիկ պաշտոններում սեփական թեկնածուներ առաջադրելու հնարավորություն: Թե որ պաշտոններն է Ծառուկյանը համարում ազդեցիկ եւ երբ կորոշվի մասնակցության հնարավորությունը՝ նա չի մանրամասնել»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այլևս վարչապետի նախկին պաշտոնակատար Կարեն Կարապետյանը և ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը մեկ միլիարդ դրամ են հանել բյուջեից՝ դա ձևակերպելով որպես ԱԱՀ-ի հետվերադարձ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդիրը պետք է լինի ուսումնասիրել վերջին մեկ ամսում կատարված բոլոր մեծ ֆինանսական գործարքները, որովհետև հեռացող իշխանությունը կարող էր գայթակղություն ունենալ օգտագործելու վերջին հնարավորությունը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Նիկոլենց թիմում հույս են ունեցել, որ Վահրամ Բաղդասարյանի հայտարարած թիվը` 10+1, չի աշխատի, և ՀՀԿ-ից շատ ավելի պատգամավորներ իրենց թեկնածուին ձայն կտան, ինչն էլ դե ֆակտո կնշանակեր, որ ՀՀԿ-ն այլևս տրոհվում է՝ որպես մեծամասնություն։ «Ելք»-ում սպասել են, որ նախօրեին Գագիկ Բեգլարյանի և Գևորգ Կոստանյանի վեճի «առիթով» Հակոբ Բեգլարյանը ևս կողմ կքվեարկի, բայց կողմ են եղել Սերժ Սարգսյանի որոշած պատգամավորները, միայն Շիրակն է «շեղվել» գծից։ Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի («Տաշիր») բացակայությանը երեկվա նիստից, ՀՀԿ-ից ասացին, որ նա Հայաստանում չէ։ Ի դեպ, նախորդ օրը ֆրակցիայի նիստին չի մասնակցել նաև վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը։ «Նա ԳՄ նիստին ներկա է եղել, և քանի որ պաշտոնավարման վերջին օրն էր, կառավարությունում բավականին անելիքներ ուներ, թույլտվություն վերցրեց՝ չմասնակցելու ֆրակցիայի նիստին»,- տեղեկացրեց ՀՀԿ-ական մեր աղբյուրը, որը նաև հարկ համարեց ասել, որ իրենք սպասում էին, որ Պուտինը պետք է անպայման առաջինը և շատ արագ շնորհավորի Փաշինյանին։ Իսկ ճի՞շտ է, որ ֆրակցիայի նախորդ նիստի օրն ԱԺ-ում է եղել ԱՄՆ դեսպան Միլզը, և Բաբլոյանի սենյակում Միլզ-Սերժ Սարգսյան հանդիպում է ընթացել, պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ իրավիճակին առնչվող, 1/3-ին և ՀՀԿ-ից 10-12 ձայների մասով։ Մեր աղբյուրն ասաց․ «Պայմանավորվածություններ ձեռք են բերվել, թե ոչ՝ չեմ կարող ասել, սակայն, այո, եղել է նման եռակողմ հանդիպում»»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենց առաջին գործը պետք է լինի ՀՀ Ընտրական օրենսգիրքը փոխելը: Ենթադրվում է, որ Փաշինյանը ցանկանում է ռեյտինգային ընտրակարգը փոխարինել պարզ համամասնական ընտրակարգով: Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, որի ընդունման համար անհրաժեշտ է 63 կողմ ձայն, իսկ քանի որ ռեյտինգային ընտրակարգը ձեռնտու է ՀՀԿ-ին, չի բացառվում, որ ՀՀԿ-ականները փորձեն տապալել օրենսգրքի փոփոխությունները: Այդ դեպքում կմնա միայն մի տարբերակ՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կազմակերպում, եւ այդ դրույթների ամրագրում Սահմանադրությամբ»: