Վարչապետի պատոնակար Կարեն Կարապետյանի մամուլի ծառայությունը խմբագրել է ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսի հետ հանդիպման մամուլի հաղորդագրության այն մասը, որտեղ շեղատառերով ներկայացված էր Ամերիկայի դեսպանի՝ ՀՀ-ում ներքաղաքական վիճակի մասին խոսքերը:
«Ես հասկանում եմ, որ այս ցույցերը, քաղաքացիական անհնազանդության գործողությունները հանդիսանում են օրենքի խախտում, և կառավարությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգն ու անվտանգությունը հնարավորինս լավ: Ես վստահ եմ, որ ժողովրդավարության կամ ժողովրդավարության ամրապնդման ճանապարհը նա չէ, որ վարչապետի թեկնածուն ընտրվում է փողոցում՝ ցույցի ժամանակ»,- այսպես էր ներկայացած Միլսի խոսքերը հաղորդագրության առաջին տարբրակում:
Այնուհետեւ, երբ լրատվամիջոցներն աղմուկ բարձրացրեին Միլսի խոսքերի իսկության վերաբերյալ, այդ հողարդագրությունը նախ հեռացվեց վարչապետի կայքից, խմբագրվեց եւ տեղադրվեց հետեւյալ տարբերակը, որտեղ չկա դեսպանի ուղիղ խոսքը:
«Դեսպան Միլսը կրկին անգամ վերահաստատել է ԱՄՆ կառավարության դիրքորոշումը և շեշտել, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան Սահմանադրության համաձայն: Նա ավելացրել է, որ քաղաքական իրավիճակի կարգավորման համար երկխոսությունն այլընտրանք չունի», - ասված է հաղորդագրության նոր, խմբագրված տեքստի մեջ:
Հայտարարությամբ է հանդես եկել նաեւ ԱՄՆ-ի դեսպանատան մամուլի ծառայությունը:
«Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատակազմը և ԱՄՆ դեսպանությունը ցավով նշում են, որ այսօր կառավարության աշխատակազմի կողմից ներկայացված մամլո հաղորդագրության մեջ դեսպան Միլսին վերագրվող խոսքը Դեսպանի մեկնաբանությունների ու ԱՄՆ կառավարության դիրքորոշման սխալ թարգմանություն է:
Ինչպես ԱՄՆ դեսպանատունը նախկինում նշել է, Հայաստանի ժողովրդի խաղաղ հավաքների և ազատ արտահայտման իրավունքը երաշխավորվում է ՀՀ սահմանադրությամբ: Մենք համոզված ենք, որ այս իրավունքները պետք է լիարժեք հարգվեն և նոր կառավարության ձևավորումը պետք է լինի բարեխիղճ բանակցությունների արդյունք», - ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ: