VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ օրերս Հայաստան կգա «Կեմպինսկի» հյուրանոցային ցանցի ներկայացուցիչը՝ Գագիկ Ծառուկյանի հետ՝ «կինո Մոսկվայի» հարեւանությամբ հյուրանոցի պայմանագիրը կնքելու, որի շինարարությունը շատ արագ տեմպերով է ընթանում: Կառուցապատողները հույս ունեն, որ եկող տարի այս ժամանակ պատրաստ կլինի: Հիշեցնենք, որ հյուրանոցի կառուցման համար նախատեսված է ներդնել 100 մլն դոլար: Ի դեպ, օլիգարխները միմյանց հետ մրցում են, ոչ միայն ներդրումների հարցում, այլեւ՝ արտադրության, մասնավորապես՝ տեքստիլ արդյունաբերության. Հիշեցնենք, որ տեքստիլի զարգացման «գործում» արդեն իսկ կան երկու հայտնի անուններ՝ Ծառուկյան եւ Ալեքսանյան: Բանն այն է, որ ԵՏՄ տարածքում տեքստիլի անհաշիվ պահանջարկ կա, որը կարող է Հայաստանը բավարարել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյան-բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյան «լիչնի նեպրիյազնը» հասել է գագաթանկետին: Նրանք ոչ միայն միմյանց բարեւ չեն տալիս, այլեւ հարց լինելու դեպքում վարչապետը դիմում-շփվում է Արծվիկի տեղեկալների հետ, ինչից Արծվիկը ցնցումների մեջ է ընկնում: Վերջին երկու անգամ կուսակցությունում հարց է բարձրացրել՝ դիմում գրել դուրս գալ, կուսակցությունում ասել են՝ ոչ, մենք նախագահի հետ ենք աշխատում: Դաշնակցականներն ուշիուշով ու անհամբեր սպասում են 18 թվին, երբ «նախագահը» կդառնա վարչապետ: Ինչ վերաբերում է «նախագահին», նա լուռ, հանդարտ հետեւոմ է ՀՅԴ-Կարեն Կարապետյան «տանդեմում» տեղի ունեցող զարգացումներին: «Բաժանիր, որ տիրես» սկզբունքն ամենաաշխատող սկզբունքներից է մեզանում»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինքը երեկ պաշտոնապես պատերազմ հայտարարեց Կարեն Կարապետյանի կառավարությանը: Պատերազմի հայտարարման ֆորմալ առիթը «Առինջ մոլի» առեւտրականների բողոքն է: Այսօրվանից խորհրդարանում սկսվում է 2018թ. բյուջեի նախագծի քննարկումը, եւ կարելի է չկասկածել, որ «Ծառուկյան» դաշինքը շարունակելու է գրոհը, որը կավարտվի բյուջեի նախագծի դեմ քվեարկությամբ: Որովհետեւ եթե կառավարությունը սպառել է իրեն, ապա այդ կառավարությունից պետք է ազատվել հնարավորինս շուտ, եւ ոչ թե թույլ տալ, որ նա շարունակի գործել նաեւ 2018թ.: Հետաքրքիրն այն է, որ ՀՀԿ-ականները որեւէ կերպ չփորձեցին պաշտպանել կառավարությանը»։
«Ժամանակ» թերթը գրում է. «Հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը կդիմի զինված պայքարի, եթե «Ընտանեկան բռնության մասին» օրենքն ու Քրեական նոր օրենսգիրքը ընդունվեն: «Քրեական նոր օրենսգրքի մեջ հերթական կեղտոտ հոդվածներն են դրել, որի իրավունքը չունեն։ Այնտեղ գրված է, որ միասեռականների պարադին խանգարողը պետք է պատժվի, ով միասեռականներին բան ասի՝ պետք է պատժվի։ Այսինքն՝ մենք միասեռական ընտանիքների, միասեռական ամուսնությունների մասին օրենք չունենք, բայց արդեն Քրեական օրենսգրքի մեջ արդարադատության նախարարությունը մտցրել է, որ նրանց դեմ խոսողները կպատժվեն։ Այսինքն՝ դրվել է փոքրամասնության դիկտատուրա մեծամասնության վրա։ Սա ամբողջը մի ծրագիր է, որը համամարդկային դժբախտության ծրագիր է։ Այն իր մեջ ընդգրկում է «Ընտանեկան բռնության մասին» օրենքը, միասեռականների ազատությունները օրենքով, պապիլոմա վիրուսի դեմ կատարվող պատվաստումները, նույնականացման քարտերը»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Ստամբոլցյանը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի խորհրդական, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանի երիտասարդ որդին՝ Ժորժ Խաչատրյանը, որ այսօր զբաղեցնում է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, պարզվում է՝ բավականին ճոխ ունեցվածք ունի: «Ժողովուրդ» օրաթերթը նրա ներկայացրած պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ Խաչատրյանն ունի արտադրական նշանակության երկու շինություն, երկու հատ հողամաս, հողին ամրացված երկու հատ անշարժ գույք, հասարակական նշանակության երեք հատ շինություն, մեկ ավտոտնակ, Toyota Camry 2.4 մակնիշի մեկ ավտոմեքենա: Բացի այս՝ նա մեկ ընկերությունում ունի 18 հազար դրամի բաժնետոմս, մեկ ընկերությունում էլ 25 հազար դրամի բաժնեմաս: Փոխառությունը կազմել է մոտ 74.5 մլն դրամ, իսկ դրամական միջոցը` 5 մլն դրամ: Բայց որպես եկամուտ հայտարարագրել է մեկ ընկերությունից ստացած 9 մլն 638 հազար դրամ շահաբաժինը եւ երկու վայրից ստացած աշխատավարձը, որը կազմել է 4 մլն 158 հազար դրամ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ զինծառայությունից ուսումնառության նպատակով տարկետման իրավունքի սահմանափակումների դեմ ուսանողների՝ արդեն երկրորդ շաբաթը շարունակվող դասադուլը ՀՀ իշխանությունների վերնախավին լուրջ մտահոգել է: Նախօրեին ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը ԲՈՒՀ-երի ռեկտորների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել: Նախարարը ռեկտորներից փորձել է պարզել, թե նրանցից յուրաքանչյուրը որքանով է տիրապետում իր ղեկավարած ԲՈՒՀ-ում տիրող իրավիճակին եւ ինչ միջոցներ է ձեռնարկում դասադուլների մասսայականացումը կանխելու ուղղությամբ:
Մեր տեղեկություններով՝ ԿԳ դաշնակցական նախարարը ռեկտորներին հանձնարարել է, որ նրանք իրենց դասախոսներին հրահանգեն՝ ուսանողների բոլոր բացականերն արձանագրվեն, սակայն միեւնույն ժամանակ դասադուլավոր ուսանողների հեռացման հարց ոչ մի դեպքում չպետք է բարձրացնեն: Վերը բերված լուրերի առնչությամբ ՀՀ ԿԳՆ մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ասաց, որ նախարար Լեւոն Մկրտչյանը պարբերաբար աշխատանքային հանդիպումներ է ունենում ռեկտորների հետ: «Ինչպես գիտեք` գործում է ռեկտորների խորհուրդը, որտեղ հաճախակի կրթության եւ հատկապես բարձրագույն կրթության բարեփոխումների շուրջ քննարկումներ են տեղի ունենում: Վերջին շրջանում նախարարը երեք անգամ ռեկտորների հետ խորհրդակցություն է անցկացրել բարձրագույն կրթության օրենքի նախագծի շուրջ` անդրադառնալով բարձրագույն կրթության տարբեր դրույթների»,- ասաց խոսնակը: Իսկ ինչ վերաբերում է դասադուլների հետ կապված ռեկտորներին հանձնարարականներ տալու խնդրին, ապա, ըստ Լուսինե Մարգարյանի, դա չի մտնում ՀՀ ԿԳ նախարարի գործառույթի մեջ»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մի խումբ գիտաշխատողներ եւ դասախոսներ մտահոգված լինելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում կրթության եւ գիտության ոլորտին սպառնացող ծանր հետեւանքներով, գրել են բաց նամակ ՀՀ Նախագահին, Ազգային ժողովին, Կառավարությանը։ Նամակը ստորագրել են ավելին քան 120 գիտաշխատողներ եւ դասախոսներ, ընդ որում այդ թիվը, նրանց փոխանցմամբ, աճում է։ Նամակը հասանելի դարձնելու համար հասարակությանը, ինչպես նաեւ ԱԺ պատգամավորներին, դասախոսների ու գիտաշխատողների խումբը խնդրել է այն հրապարակել նաեւ «Հայկական Ժամանակ» օրաթերթում եւ մեր կայքում: Նամակը ներկայացնում ենք ստորեւ.
Մտահոգված լինելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում կրթության եւ գիտության ոլորտին սպառնացող ծանր հետեւանքներով եւ կիսելով «Հանուն Գիտության Զարգացման» նախաձեռնության մտահոգությունները՝ ստորեւ նշված գիտաշխատողներս եւ դասախոսներս առաջարկում ենք.
Օրենքի նախագծում ամրագրել դրույթ, որի համաձայն Կրթության եւ գիտության նախարարությունը պետք է կազմակերպի ամենամյա հիմնավոր հետազոտություն՝ յուրաքանյուր ոլորտում բակալավրի, մագիստրոսի եւ ասպիրանտի կրթական աստիճաններում նպատակային տարկետման համար անհրաժեշտ տեղերի նվազագույն թվերը սահմանելու եւ դրանք Պաշտպանության նախարարությանը ներկայացնելու նպատակով: Հատկացված տարկետման տեղերի համար Կառավարությունը պետք է սահմանի չափանիշներ, որոնց բավարարելն անհրաժեշտ պայման պետք է լինի տարկետման իրավունք ստանալու համար (օրինակ՝ մագիստրատուրա ընդունվելիս տարկետման իրավունք չի կարող ստանալ այն դիմորդը, ում բակալավրիատի ՄՈԳ-ը ցածր է 18-ից)։
Նմանապես, անհրաժեշտ է սահմանել հստակ չափորոշիչներ, որոնք կկարգավորեն թեկնածուի գիտական աստիճան ունեցողներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը՝ կապված նրանց գիտա-մանկավարժական մասնագիտական գործունեության հետ (օրինակ՝ պաշտպանությունից հետո կամ սահմանված ժամանակահատվածի ընթացքում պետք է տպագրել որոշակի քանակով գիտական հոդվածներ կամ սահմանված ժամանակահատվածում իրականացնել մանկավարժական գործունեություն)։
Ձեւավորել այնպիսի համակարգ, որտեղ ՊՆ-ն եւ գիտական հաստատությունները շահագրգռված կլինեն համաձայնության գալ համատեղ հետազոտական նախագծերի շուրջ եւ այդ նախագծերում կներգրավեն բակալավրիատի, մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի՝ տարկետում չունեցող շրջանավարտներին: Այն դեպքում, երբ ՊՆ-ն չի կարողանա ապահովել այս կատեգորիայի՝ ուսման հաջորդ փուլ ընդունված ուսանողների գիտելիքների նպատակային կիրառումը ծառայության ընթացքում, ՊՆ-ն կպարտավորվի առաջարկել այնպիսի ծառայություն, որի ընթացքում ուսանողները կկարողանան շարունակել մագիստրոսական եւ ասպիրանտական կրթությունը բուհերում եւ գիտական հաստատություններում: Սա կշահագրգռի ՊՆ-ին հնարավորին կարճ ժամկետներում պայմաններ ստեղծել ուսանողների գիտելիքները նպատակային կիրառելու համար: Հիմնվելով մեր մասնագիտական փորձառությանը, վստահեցնում ենք ձեզ, որ առանց վերոնշյալ փոփոխությունների, կրթության եւ գիտության ոլորտը կկրի անդառնալի կորուստներ։ Վերջում գիտաշխատողներն ու դասախոսները ներկայացրել են ՀՀ նախագահին, Ազգային ժողովին եւ Կառավարությանը ուղղված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններով բաց նամակի թվով 120 ստորագրությունները»: