23.11.2024
«Վեոլիա Ջուր» ընկերության ջրի թանկացման հայտը ՀԾԿՀ-ն ընդունել է ուսումնասիրության
prev Նախորդ նորություն

Մամուլ. Քանի՞ հիմնարկ է լուծարվել Կարեն Կարապետյանի օրոք, որքան գումար է տնտեսվել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. Նախորդ տարվա սեպտեմբերից, երբ Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ, կառավարությունն սկսեց օպտիմալացումների գործընթաց, գործադիրի գրեթե բոլոր նիստերում լուծարումներ են: Ամենաթարմ դեպքը. օգոստոսի 17-ի նիստում լուծարվում է «Գյումրու N3 դպրոց» ՊՈԱԿ-ը: Պատճառն աշակերտների թվի նվազումն է: 39 աշխատող մնում է անգործ: Նախորդ նիստում լուծարվեցին Արագածոտնի մարզի հիվանդանոցներ: Դրանից առաջ վերակազմավորվեցին պետական հիմնարկներ:


Քաղաքաշինության նախարարությունը դարձավ կոմիտե, տեսչությունները խոշորացվեցին, մի շարք ՊՈԱԿ-ներ միացվեցին, փակվեցին, դադարեցվեց արտակարգ իրավիճակների, մշակութային, սպորտի ու երիտասարդական և այլ ԾԻԳ-երի աշխատանքը: Վերահսկիչ պալատի, Ազգային ժողովի տասնյակ աշխատողներ դարձան գործազուրկ, ՊԵԿ-ից՝ 500 հոգի: 2016-2017 թվականներին ՀՀ պետական ապարատում նախատեսվում է կրճատել 2900 մարդ:


Պետական հիմնարկներն, անխոս, ուռճացված էին, մասնագետները խոսում էին 30 տոկոսով կրճատելու անհրաժեշտության մասին: Բայց կառավարությունը դրանով սոցիալական խնդիր էր լուծում: Հիմա, երբ այդ ամենն արվում է արագ տեմպերով, տնտեսվել է 5 մլրդ դրամ, որքանո՞վ է կառավարման արդյունավետությունը բարձրացել: Բանն այն է, որ Կարեն Կարապետյանի կառավարությունն իրար հետևից ստեղծում է ՊՈԱԿ-ներ ու հիմնադրամներ, որոնք առաջին հայացքից բոլորովին էլ չեն խոսում պետապարատի արդյունավետության բարձրացման մասին»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը նախանձելի աշխատասիրություն եւ ավյուն է ցուցաբերում: Այն ժամանակ, երբ երկրի առաջին դեմքերը, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանը արտերկրում իր հանգիստն էր վայելում, Կարեն Կարապետյանը ամենախիտ գրաֆիկով աշխատում էր. կառավարության նիստեր, առանձին խորհրդակցություններ, օտարերկրյա պատվիրակությունների ընդունելություններ, մարզային այցեր եւ այլն:


Ի վերջո, վարչապետն էլ մեկնեց կարճատեւ հանգստի, որն ի տարբերություն Սերժ Սարգսյանի, «կարճատեւ հանգստից» իսկապես կարճատեւ է: Սարգսյանն, օրինակ, արձակուրդ մեկնեց հուլիսի 24-ին, վերադարձավ օգոստոսի 14-ին, այդ ընթացքում երկու օրով ընդհատելով այն Իրանի նախագահի ինաուգուրացիային մասնակցելու համար:


Երեքշաբաթյա հանգիստը կարճատեւ չես անվանի, թեեւ նախագահական նստավայրի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ նախագահը մեկնելու է կարճատեւ հանգստի, որի մի մասը կանցկացնի արտերկրում: Վարչապետի արձակուրդը օգոստոսի 15-ից մինչեւ 18-ն է հայտարարված: Արձակուրդի նախօրյակին Կարեն Կարապետյանը Աստանայում մասնակցում էր ԵԱՏՄ խորհրդի նիստին, որից հետո, ըստ մամուլի հրապարակումների, օգոստոսի 14-ին մեկնել է Մոսկվա՝ նշելու իր ծննդյան տարեդարձը:


Այդ նույն օրերին Հայաստանի կառավարության տարբեր գերատեսչություններ անօգուտ ջանքեր էին գործադրում Արտավանի եւ Խոսրովի արգելոցի հրդեհները մարելու ուղղությամբ: Իրավիճակը թելադրում էր նաեւ կառավարության ղեկավարի միջամտությունը: Սակայն Կարեն Կարապետյանը ոչ միայն չմիջամտեց, այլեւ կատարվածից մտահոգվելու որեւէ նշան ցույց չտվեց. զանգ, հայտարարություն: Նրա լռությունը մոտավորապես ասում էր. «Ոնց վառել եք, այնպես էլ հանգցրեք»:


Մինչդեռ Սերժ Սարգսյանը մինչ արձակուրդից վերադառնալը ԱԻ նախարարին հանձնարարականներ էր տալիս, վերադառնալուն պես պահանջեց անձամբ զեկուցել իրեն իրավիճակը, հաջորդ օրը ընդլայնված խորհրդակցություն հրավիրեց եւ այլն: Այս իրավիճակը ոչ թե պատահականություն է, այլ քաղաքական իրողությունների արտացոլում:


Գործող կառավարության անդամներից ընդամենը մի մասն է Կարեն Կարապետյանի առաջարկով նշանակվել, մյուս մասը նրա վերահսկողությունից եւ «աշխատանքային համակրանքից» դուրս է, քանի որ նշանակվել է կամ Սերժ Սարգսյանի անձնական որոշման կամ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրի արդյունքում: Հրդեհների համար պատասխանատու երկու նախարարներն էլ վերջին կատեգորիայի մեջ են: Դավիթ Տոնոյանը Սերժ Սարգսյանի համակրանքը վայելող չինովնիկներից է, Արծվիկ Մինասյանը՝ ՀՅԴ քվոտայով նշանակված նախարար:


Երկուսի հետ կապված էլ վարչապետը վերապահումներ ունի. Տոնոյանը նշանակվել է իրեն շրջանցելով, իսկ Մինասյանին նա վաղուց էր ուզում այլ թեկնածուով փոխարինել: Անգամ փորձ է արվել պոտենցիալ թեկնածուներին ՀՅԴ շարքերը մտցնել՝ քվոտայի հարցը լուծելու համար:


Նախօրեին վարչապետի խոսակը հայտնեց, որ Կարեն Կարապետյանը իր կարճատեւ արձակուրդը կանցկացնի Արցախում: Այս փաստն ինքնին վերլուծաբանները գնահատել են որպես քաղաքական բազմաթիվ մեսիջներ պարունակող քայլ, արտերկրում հանգստացած Սարգսյանին նետված մարտահրավեր:


Այսօր էլ ԼՂՀ կառավարությունը հաղորդագրություն տարածեց, որ «վարչապետ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 15-ին Շահումյանի շրջանում դիմավորել է ոչ պաշտոնական այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, որից հետո միասին ծանոթացել են շրջանում գործող տնտեսական մի շարք նախագծերի՝ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու եւ շրջանի հիդրոէլեկտրակայանների շինարարական աշխատանքներին, մասնակցել են Քարվաճառ քաղաքի մերձակայքում հիմնվող ջրի գործարանի հիմնարկեքին»:


Կից լուսանկարներում երեւում է, որ Կարեն Կարապետյանը շատ բարձր տրամադրություն ունի, ինչն առնվազն տարօրինակ է Հայաստանում մոլեգնած բնապահպանական աղետի ֆոնին: Չենք ակնարկում, իհարկե, թե վարչապետը չարախնդում է: Ավելի հավանական է, որ նրա բարձր տրամադրությունն ապահովել են Արցախում տարբեր տնտեսական նախագծերի հաջողությունները»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Օգոստոսի 14-ին Շիրակի մարզի Հացիկ գյուղի հացատներից մեկում կախված 19-ամյա զինծառայող Աբաս Սլոյանին զորամասում 7-8 հոգով ծեծի են ենթարկել: Այս մասին երեկ պատմել են Աբասի համագյուղացիները: Տեղեկացրել էինք, որ Աբասը նախկին փեսայի հետ խնդիրներ է ունեցել: Աբասը զորամասում զրույցի ընթացքում նշել է, որ ազգությամբ եզդի է, ծառայակիցներն էլ նշել են, թե իրենք էլ ազգությամբ եզդի ընկեր ունեն: Զրույցի ընթացքում պարզվել է, որ նշյալ ընկերն Աբասի քրոջ նախկին ամուսինն է եղել:


Ըստ Հացիկի բնակիչների՝ փեսայի ընկերները վիրավորել են Աբասի քրոջը, Աբասն էլ նախկին փեսային է վիրավորել, ինչը չի ներվել փեսայի ընկերների կողմից: Աբասի համագյուղացիների խոսքով՝ 7-8 հոգով ծեծել են, նա էլ զորամասից փախել է, եկել է գյուղ և ասել, որ հրաժարվում է զորամաս գնալ, իսկ երկու օր անց քույրը նրան կախված է գտել հորեղբոր հացատանը»: