ՍԴ դատավորների վարձատրությունը կավելանա
Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունն իր կառուցվածքով եւ չափերով համարժեք չէ վերջիններիս բարձր իրավական կարգավիճակին, սահմանադրական լիազորությունների ծավալին ու գործունեության համար բնորոշ բարձր պատասխանատվության աստիճանին: Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ու հավելել, որ վերոնշյալով պայմանավորված էլ առաջարկվում է վերանայել ՍԴ դատավորների վարձատրության չափը:
Առաջարկվում է ՍԴ նախագահի, փոխնախագահի եւ ՍԴ դատավորների համար օրենքով սահմանել հավելավճար դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար:
ՍԴ դատավորների 12-ամյա պաշտոնավարման ժամկետը հաշվի առնելով՝ աշխատանքային ստաժի հավելավճարը հաշվարկվում է առավելագույնը 11 տարվա համար եւ սահմանվում է աճողական կարգով՝ սկսած պաշտոնավարման 2-րդ տարվանից, 2-րդ տարում՝ 20 տոկոս, 3-րդ տարում՝ 35 տոկոս, 4-րդ տարվանից՝ յուրաքանչյուր հաջորդ տարում նախորդ տարվա չափից 10 տոկոսով ավելի:
Նախագծի անցումային դրույթների ուժով հավելավճարի հաշվարկման համար հաշվի են առնվելու օրենքն ուժի մեջ մտնելու դրությամբ ՍԴ դատավորի պաշտոնում աշխատած լրիվ տարիները, այսինքն՝ մեկնակետը ՍԴ նախագահի, փոխնախագահի, դատավորի պաշտոնը ստանձնելու պահն է:
2026 թվականի համար ՍԴ նախագահի, փոխնախագահների եւ 7 դատավորների մասով տվյալ պաշտոններում պաշտոնավարման դիմաց աշխատանքային ստաժի հիման վրա վճարելիք հավելավճարի մասով ենթադրվում է 46 մլն 775 հազար 40 դրամի ծախս, որը լրացուցիչ ծախսային պարտավորություն է:
Հարակից զեկույցում պատգամավոր Ալխաս Ղազարյանը ներկայացրել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:
ԱԺ հերթական նիստում քննարկվել է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում եւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: