Խոսրովի արգելոցում իրականացվում են հրդեհի առանձին օջախների մարման և հետմարման աշխատանքներ
Օգոստոսի 17-ի ժամը 09.00-ի դրությամբ՝ ՀՀ ԱԻ նախարարության մասնագետները ՀՀ ՊՆ օդուժի ուղղաթիռով իրականացնում են Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքի հետախուզություն: Տեղում ծառայություն է իրականացնում 42 հրշեջ-փրկարար, հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է նաև 2 քաղաքացի:
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ իրականացվում են հրդեհի առանձին օջախների մարման և հետմարման աշխատանքներ:
Մինչ օրս ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռն արգելոցի տարածքում կատարել է հրդեհաշիջման 11 թռիչք: Հետագա թռիչքների մասին որոշումը կկայացվի օդային հետախուզության արդյունքների հիման վրա:
ՀՀ ԱԻ նախարարության մասնագետների կողմից ՀՀ ՊՆ օդուժի ուղղաթիռով Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքում իրականացրած հետախուզության արդյունքում, որոշում է կայացվել շարունակել «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռի թռիչքները՝ հետմարման աշխատանքների իրականացման նպատակով:
Այս պահի դրությամբ ինքնաթիռն իրականացնում է 12-րդ թռիչքը: Խոսրովի արգելոցի տարածքում երեկոյան տեղացած անձրևի կարճատևության և ներկայումս անձրևի բացակայության պատճառով, «ԻԼ-76»-ը խնդիր ունի անվտանգության գոտիներ և խոնավ միջավայր սապահովել առանձին հրդեհային օջախների շուրջ՝ դրանց կրկնակի բռնկումը բացառելու նպատակով: ՀՀ ԱԻՆ 42 փրկարար և 2 քաղաքացիական անձ շարունակում են ցամաքային հրդեհաշիջման աշխատանքները: