Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում անցյալ տարվա ապրիլյան ռազմական բաղումներից հետո հայկական կողմի դիրքորոշման մեջ որևէ սկզբունքային փոփոխություն չի ըեղի ունեցել: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդման ընթացքում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ապրիլյան Քառօրյա պատերազմից հետո մեր սկզբունքային դիրքորոշումների մեջ որևէ նոր մոտեցում չկա»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ հայկական կողմը խոսել և խոսում է ոչ թե զիջումների, այլ փոխզիջումների մասին:
«Դիրքորոշումների մեջ փոփոխություն՝ գոնե հայկական դիրքորոշման մեջ փոփոխություն, ես չեմ ենթադրում։ Ինչ վերաբերում է զիջումներին, վերջին 20 տարիների ընթացքում մենք որևէ կերպ, որևէ տեղ, որևէ ձևով չենք խոսել զիջումների մասին։ Մենք մշտապես խոսել ենք և հիմա էլ շարունակում ենք խոսել խնդրի լուծման փոխզիջումային տարբերակի մասին։ Սրանք տարբեր բաներ են։ Եվ ես վստահ եմ, որ եթե այս խնդիրը 20 տարի էլ լուծում չստանա, ապա հայկական կողմի մոտ երբեք չի լինի ցանկություն զիջումների միջոցով գնալ իրավիճակի թեթևացման։ Որովհետև սա կործանարար ճանապարհ է և սա երբեք խնդիրները չի կարող լուծել»,-հավելեց նախագահը:
Խոսելով հայկական կողմից դիրքորոշման մեջ փոփոխություններ չլինելու պատճառների մասին՝ ՀՀ նախագահը մի քանի սկզբունք առանձնացրեց:
«Ակնհայտ է հայկական կողմի ցանկությունը, հայկական կողմի նպատակը Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման՝ ի վերուստ տրված իրավունքն է, միջազգային կառույցների կանոնադրությամբ նախատեսված իրավունքն է, միջազգային իրավունքի կողմից ընդունված սկզբունքն է, և այն պետք է իրացվի։ Սա մեկ կարևորագույն կետ։ Երկրորդ կետը․ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է ունենա ցամաքային սահման Հայաստանի Հանարպետության հետ։ Սա երկրորդ սկզբունքային դիրքորոշումն է։ Եվ երրորդ սկզբունքային դիրքորշումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է ունենա անվտանգության հուսալի երաշխիքներ։ Եվ այս 20 տարիների ընթացքում մենք խոսել ենք միայն այս խնդիրների շուրջ»,-ասաց Սարգսյանը:
Նախագահը շեշտեց, որ Ղարաբաղի մասնակցությանն արդեն իսկ սկզբունքների շուրջ ձևավորվող փաստաթղթին պարտադիր է։
Անցյալ տարի ապրիլ ամսվա վերջին Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը բացահայտել էր, որ 2011թ. Կազանում Ալիևի հետ բանակցություններում ինքը կողմ էր Ադրբեջանի հինգ տարածքներից հայկական ուժերի դուրսբերմանն ու խաղաղապահների տեղակայմանը: Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները կոչ էին անում երկու առաջնորդներին կարգավորել հակամարտությունը՝ ստորագրելով համաձայնագիր, որը նույնպես կհետաձգեր ԼՂ կարգավիճակի վերաբերյալ լուծումը, սակայն «Ալիևը հրաժարվել էր»:
«Արմենիա» հեռուստաընկերությանը հետ հարցազրույցի ժամանակ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև ԼՂ հակամարտությամբ պայմանավորված անվտանգության խնդիրներին: «Մեր երկրի անվտանգության թիվ մեկ երաշխիքը սեփական մարտունակ զինված ուժեր ունենալն է», - ասել է նա:
Հուլիս ամսվա սկզբին ԼՂ հակամարտության գոտում լարվածության կտրուկ աճը նախագահը չի համարում “ինչ-որ նոր փուլ են մեր հակամարտության ընթացքում”: Այդ ժամանակ ըստ Արցախի ՊԲ տարածած հաղորդագրության, հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքնում Ադրբեջանում զոհեր էին գրանցվել նաև խաղաղ բնակչության շրջանում: Զոհվել էին մեկ երեխա և տարեց կին:
«Ես չեմ համարում, որ հուլիսի 4-ին տեղի ունեցած իրադարձություններն ինչ-որ նոր փուլ են մեր հակամարտության ընթացքում, որովհետև լարվածությունը, որ տիրում է շփման գծում, վաղուց է հաստատվել, ցավոք սրտի, և մերթընդմերթ լինում են տեղային նշանակության միջադեպեր, որ, կողմերի շնորհիվ, այսպես ասեմ, կողմերի լրատվամիջոցների շնորհիվ նաև ստանում են հասարակական լայն հնչեղություն։ Սովորաբար դրանք լինում են այն դեպքում, երբ այդ միջադեպերի ընթացքում մարդկային զոհեր են լինում և հուլիսի 4-ի իրադարձություններն, իմ կարծիքով, դրանով էին պայմանավորված»,-նշեց Սարգսյանը:
Խոսելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մերթընդմերթ սրվող լարվածության մասին՝ նախագահն ասաց. «Թե ինչու է արդեն տևական ժամանակ լարված իրավիճակ տիրում, կարծում եմ՝ շատ-շատերի համար պարզ է և հասկանալի։ Այն բանից հետո, երբ Ադրբեջանը գրեթե բացահայտորեն որոշեց, որ պետք է հրաժարվի Մադրիդյան սկզբունքների հիման վրա խնդրի լուծումից, նրան այլ ելք, այլ ճանապարհ չէր մնում։ Եթե հրաժարվում է առաջարկված տարբերակից և սահմաններում տիրում է անդորր, ապա և միջազգային հանրության մոտ և Ադրբեջանի ներսում պետք է ստեղծվի կարծիք, որ Ադրբեջանը համակերպվել է ստեղծված իրավիճակի հետ, ստատուս քվոյի հետ, ուստի պետք է լարված իրավիճակ, պետք են միջադեպեր, որպեսզի մի կողմից նախ սեփական հանրությանը բերվեն փաստեր, համոզեն, որ իրենք դեռևս շարունակում են լրջորեն պայքարել Լեռնային Ղարաբաղը գրավելու համար կամ իրենց կազմ վերադարձնելու համար, մյուս կողմից էլ, իհարկե, միջազգային հանրությանը մշտապես հիշեցնեն, որ իրենք չեն համակերպվում այդպիսի իրավիճակի հետ»,-ասաց ՀՀ նախագահը։
Նախագահը չի կիսում կարծիքը, որ Մինսկի խումբը կամ միջազգային այդ կառույցները հավասարության նշան են դնում։
«Առնվազն երեք անգամ շատ հստակ ի ցույց էր դրվել, թե որ կողմն է խախտում հրադադարի ռեժիմը և ուրիշ ինչպե՞ս պետք է վարվի Մինսկի խումբը կամ միջազգային հանրությունը։ Ամեն անգամ մատնացույց անելով Ադրբեջանին, իսկ բոլորը դրանում համոզված են, դրանում կարող եք վստահ լինել, որ խախտող կողմը Ադրբեջանն է, ես քիչ հետո նաև դրան կանդրադառնամ, բայց իրենք ինչպես պետք է վարվեն ամեն անգամ մատնացույց անելով Ադրբեջանին՝ դա կնշանակի խրախուսել հայկական կողմին՝ շատ ավելի կոշտ պատասխան տալ կամ շատ ավելի լուրջ միջոցներ ձեռնարկել։
Անկեղծ ասած, ես մի անգամ կիսապաշտոնական միջավայրում երկար զրույց եմ ունեցել համանախագահ երկրներից մեկի ներկայացուցչի հետ և ասել եմ՝ ինչո՞ւ Դուք կոնկրետ մատնացույց չեք անում՝ ասաց, գիտեք, կոնկրետ մատնացույց անելու պարագայում մենք կարող է դառնանք կողմ և բոլորը կարող են մտածել, որ մենք հայամետ քաղաքականություն ենք վարում, իսկ մեր խնդիրն է բանակցային պրոցեսը շարունակել, որովհետև բանակցային պրոցեսին այլընտրանք չկա, բանակցային պրոցեսի այլընտրանքը ռազմական գործողություններն են, որը ցանկալի չէ նաև մեզ համար և, միգուցե առաջին հերթին մեզ համար, որովհետև մեր սպայի կյանքը, մեր զինվորի կյանքը մեզ համար շատ թանկ են»,-ասաց ՀՀ նախագահը՝ ընդգծելով, որ «Մինսկի խմբի անդամների համար որևէ կասկած չկա, նրանք շատ հստակ գիտեն, թե որ կողմն է լարվածության հեղինակը և որ կողմն է նախահարձակ լինում, որ կողմն է խախտում հրադադարը»։