23.11.2024
Երևանը կարևորում է Չեխիայի փորձը մեկնարկած սահմանադրական բարեփոխումներում
prev Նախորդ նորություն

Տարբերվող գնահատականներ. Ինչպիսի՞ տնտեսության կարիք ունի Հայաստանը

Հայաստանի տնտեսությունը ավելի շատ մրցակցության, ավելի շատ դերակատարների, խաղի կանոնների պահպանման և արդար դատական համակարգի կարիք ունի: Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը:

«Հայաստանը ավելի դինամիկ տնտեսության կարիք ունի: Ավելի դինամիկ տնտեսություն նշանակում է ավելի շատ մրցակցություն, տնտեսության մեջ ավելի շատ դերակատարներ, խաղի կանոննների պահպանում, բիզնես միջավայր, սա նշանակում է արդար դատական համակարգ: Այս ամենը աշխատում է այլ երկրներում և չի աշխատում Հայաստանում: Մենք շարունակում ենք աշխատել այս ոլորտում, սակայն սա շատ դժվար է և պահանջում է փոփոխություններ, և ոչ միայն օրենդրական: Պետք է կյանքի կոչել օրենքը, փոխել մտածելակերպը: Փոփոխություններ տեղի ունենում են․ եթե հայացք նետենք 10-20 տարի առաջ, ապա այժմ ավելի լավ վիճակում ենք, սակայն դեռ ցածր ենք այն մակարդակից, որտեղ Հայաստանը կարող է լինել», - ասաց նա, փոխանցում է Ազատություն ռադիոկայանը:

Ծագումով իսպանացի Թերեզա Դաբան Սանչեսը հավելեց, որ Իսպանիայում տնտեսության մեջ համակարգային փոփոխությունները տեղի ունեցան միայն երկրի ժողովրդավարացումից հետո:

Չնայած վարչապետ Հովիկ Աբրահամյանը համոզված է, որ կառավարությունը կկարողանա ապահովել այս տարվա բյուջեով նախատեսված 4.1 տոկոս տնտեսական աճը, ԱՄՀ-ի ներկայացուցիչը այսօր կրկին հրապարակավ կասկած հայտնեց այդ առնչությամբ․ - «Մենք Հայաստանի կառավարությունից տարբերվող կարծիք ունենք և սա օրինաչափ է: Այժմ մենք գնահատում ենք, թե ինչ է այսօր կատարվում Հայաստանում՝ կապված ռուսաստանյան զարգացումների հետ: Մենք տեսնում ենք՝ եթե իրավիճակը Ռուսաստանում վատանում է, տուժում է նաև Հայաստանի տնտեսությունը: Առաջին անգամը չէ, որ մեր ու Հայաստանի կառավարության տեսակետները տարբերվում են: Կարծիքները չեն համընկնում նաև այլ երկրների կառավարությունների դեպքում: Սա նորմալ է: Մենք ունենք գնահատման մեր՝ անկախ չափանիշները: Մինչև այժմ մենք չենք տեսնում, որ Հայաստանում տնտեսության նման բարձր աճ է տեղի ունենում»:

Սանչեսը, միևնույն ժամանակ, տեղեկացրեց, որ հիմնադրամը բարելավել է Հայաստանի այս տարվա տնտեսությանը վերաբերող գնահատականը․ եթե ապրիլին ԱՄՀ-ն կանխատեսել էր, որ 2015-ը Հայաստանը կփակի 1 տոկոս անկումով, ապա ԱՄՀ-ի ներկայացուցիչը նշեց՝ երկիրը տարին կամփոփի 0 տոկոս աճով՝ անմիջապես հավելելով, որ Հայաստանը դեռևս գտնվում է «տնտեսական շոկի մեջտեղում, և առջևում դեռ հսկայական անորոշություն է»:

Առավել հոռետեսական է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կանխատեսումը, որի համաձայն 2015-ը Հայաստանը կփակի 1.5 տոկոս տնտեսական անկմամբ։ Ընդ որում, ըստ ՎԶԵԲ-ի, հարավկովկասյան երկրներից Հայաստանը միակն է, որ այս տարի հետընթաց կապրի:

Չնայած այս գնահատականներին, Հայաստանի իշխանությունները շարունակում են վստահեցնել, որ կապահովեն 2015 թվականի պետբյուջեով նախատեսված 4.1 տոկոս տնտեսական աճը:

Օրեր առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ այս տարի բոլոր խնդիրների միասին մենք արձանագրելու ենք դրական աճ: «Եվ ես համոզված եմ, որ տարածաշրջանի այդ բոլոր խնդիրների առկայության պայմաններում մեզ հաջողվելու է արձանագրել այն, ինչ որ մենք պլանավորել ենք հանրապետական բյուժեով 2015 թվականին», - նշել է նա:

Օրերս ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հայտարարել էր, որ Հայաստանի 2015թ.-ի պետբյուջեի կատարման հետ կարող են որոշակի խնդիրներ առաջանալ: Խաչատրյանի խոսքով, Հայաստանի տնտեսական իրավիճակը պայմանավորված է, մասնավորապես, ԵԱՏՄ-ում տիրող իրավիճակով և ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցներով:

Հայաստանի տնտեսական խնդիրների պատճառները, ըստ տնտեսագետների, պետք է փնտրել բացառապես երկրի իշխանությունների գործունեությունում: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը կարծում է, որ Հայաստանում բիզնեսով զբաղվելը դառնում է ոչ գրավիչ և ռիսկային՝ ի շնորհիվ կառավարության գործունեության, մասնավորապես հարկային կառույցների:

«Տոտալ ճնշումները, որոնց ենթարկվում է առաջին հերթին փոքր և միջին բիզնեսը շատ ավելի էականորեն իրեն զգացնել է տալիս: Տնտեսվարող սուբյեկտները հայտնվել են ծանր իրավիճակում: Դա պետբյուջեում գումարների սղության պատճառերից մեկն է: Մեկ այլ պատճառը՝ պետական ապարատի չափից դուրս ուռճացված լինելն է, դա պաշտոնյաների վրա ծախսվող ֆանտաստիկ գումարներն են և հաճախ չարդարացված արտերկրյա այցերը: Այդ ամենի նպատակահարմարությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում հասարակության ներսում», - նշել է նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի 2015թ.-ի Պետբյուջեի մասին օրենքում ՀՆԱ-ի աճը նախատեսված է 4.1%-ի սահմաններում, գնաճի մակարդակը 4%(+1.5%), իսկ ՀՆԱ-ի դեֆլյատորը՝ -3.3%: