Հայաստանը կշարունակի մնալ «սեւ ցուցակում»
Տարածքային կառավարման նախարարը հայտարարում է, որ ԵՄ-ն նոր թերություններ է հայտնաբերել Հայաստանի քաղավիացիայի ոլորտում, ինչի պատճառով էլ Հայաստանը կշարունակի մնալ այսպես ասած «սեւ ցուցակում», որում հայկական ավիացիան հայտնվել է դեռեւս 2020 թվականի հունիսից:
Ընդ որում, նախարարը ասում է, թե այն 40 կետից բաղկացած թերությունները, որոնց պատճառով Հայաստանը հայտնվել էր ցուցակում՝ սահմանվել էր հայկական ընկերությունների թռիչքի արգելք ԵՄ տարածք, վերացված են:
Ի՞նչ է ստացվում՝ եղած 40 կետանոց թերությունները վերացվել են, բայց ԵՄ- հայտնաբերել է նորերը, ու Հայաստանը կշարունակի մնալ «սեւ ցուցակում»: Ընդ որում, նախարար Խուդաթյանն ասում է, թե նոր թերությունները վերացնելը շատ ժամանակ չի պահանջի՝ մոտ 5 տարում կլուծեն հարցը:
Սա մեղմ ասած զավեշտալի պատկեր է, որն իրականում վկայում է ոլորտի կառավարման մեղմ ասած անորակությունը: Եթե չլիներ կառավարման անորակություն, ապա ոչ միայն կլիներ արձանագրված թերությունների վերացում, այլ նաեւ ԵՄ հետ համակարգված աշխատանք, որպեսզի ի հայտ չգան նոր թերություններ, կամ՝ եթե կան այլք, ապա չեզոքացվեն նաեւ դրանք: Այլ կերպ ասած, որակյալ կառավարման պարագայում, «սեւ ցուցակում» հայտնվելուց վեց տարի անց խնդիրը կլիներ լուծված, այլ ոչ թե առաջացած կլինեին նոր խնդիրներ ու կպահանջվեր եւս հինգ տարի: Ընդ որում, դեռ պարզ չէ, թե այդ ասված հնգամյակը որքան է երկարելու իրականում, ու ինչ նոր թերություններ են ի հայտ գալու դրանից հետո:
Սա է այսօր կառավարման «միջին վիճակագրական մակարդակը» Հետաքրքիր է, քաղավիացիայի ոլորտի պատասխանատուները որքա՞ն պարգեւավճար են ստացել Նոր Տարում:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան