Այսուհանդերձ փաստացիորեն իրագործվելու է տխրահռչակ միջանցքի տրամադրումը
Օգոստոսի 8-ի վաշինգտոնյան հռչակագիրն էյֆորիկ «խաղաղության» լույսի ներքո ներկայացնողները պետք է հստակորեն մեկնաբանեն, թե ի՞նչ է նշանակում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի խոսույթից նույն այդ հռչակագիր սպրդած և Հայաստանի ինքնիշխան տարածքով արհեստածին Ադրբեջան-Նախիջևան ցամաքային կապն ապահովելիք ճանապարհի վերաբերյալ կիրառված «անխոչընդոտ» բառը։
Բանն այն է, որ Բաքվի բռնապետի խոսույթում «անխոչընդոտ» ձևակերպումը պարզապես չի նշանակում առանց արհեստական խոչընդոտների կամ խանգարումների հաղորդակցություն, այլ ունի ընդգծված աշխարհաքաղաքական և իրավական ենթատեքստ, որը ենթադրում է հայկական պետության վերահսկողության փաստացի բացակայություն Հայաստանի իսկ տարածքի մի հատվածի վրա։
Այսինքն, ըստ Բաքվի բռնապետի մինչ այժմ պաշտոնապես առաջ մղած խոսույթի՝ ձևականորեն այդ ուղին պետք է գտնվի Հայաստանի տարածքում, սակայն միևնույն ժամանակ մեր երկիրը չպետք է փաստացի իրավասություն ունենա մեր իսկ տարածքով անցնող հաղորդակցության վրա իրականացնելու սահմանային և մաքսային հսկում, գանձելու սահմանված վճարներ, կատարելու այլ գործողություններ, որոնք կարող են բխել Հայաստանի շահերից, բայց հակասել Բաքվի բռնապետի պատկերացրած «անխոչընդոտ» հաղորդակցության արատավոր տրամաբանությանը։
Առանց այս «անխոչընդոտ» բառի հետ կապված հստակ բացատրության և մեր հասարակական մտահոգության անվերապահ փարատման, անհնարին է խոսել որևէ՝ նույնիսկ չնչին, հաջողության մասին։
Հակառակ պարագայում պետք է անկեղծորեն խոստովանել, որ տարբեր հեղհեղուկ ձևակերպումներովի քողի տակ, այսուհանդերձ փաստացիորեն իրագործվելու է տխրահռչակ միջանցքի տրամադրումը և բացատրել, թե ինչո՞ւ էր անհրաժեշտ «ինքիշխանություն» բառի այդքան բաձրագոչ չարչրկումը։
Իրանագետ Վարդան Ոսկանյան