18.08.2025
Լուսանկարը` trt.global/russian
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,


2025 թվականի օգոստոսի 8–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հյուրընկալությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած գագաթնաժողովը շրջադարձային է։


ԱՄՆ նախագահի, իմ եւ Ադրբեջանի նախագահի ներկայությամբ արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը», ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը՝ ուղղված Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը։


Ընդունեցինք Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ Հռչակագիրն Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին, որը ստորագրեց նաեւ նախագահ Թրամփը։


Այդ Հռչակագրում կարեւորագույն պայմանավորվածություններ են արձանագրված։ Ես եւ Ադրբեջանի նախագահն ընդունեցինք Խաղաղության Համաձայնագրի ստորագրմանը և վերջնական վավերացմանը հասնելու ուղղությամբ հետագա գործողությունները շարունակելու անհրաժեշտությունը և ընդգծեցինք մեր երկու երկրների միջև խաղաղության պահպանման ու ամրապնդման կարևորությունը։


Վերահաստատեցինք ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։


Ուշադրություն դարձրեք․ ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացում՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա։ Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցություն, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։


Հռչակագրում արձանագրվեց, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Ընդ որում, ընդգծվեց մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար։


Ադրբեջանի նախագահի հետ ընդունեցինք նաեւ անցյալի հակամարտությամբ չկանխորոշված, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու անհրաժեշտությունը։ Հռչակեցինք, որ մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո մեր ժողովուրդների համար ստեղծվել են վերջապես բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա։ Արձանագրեցինք, որ այս իրողությունը, որը ենթակա չէ և երբեք չպետք է ենթակա լինի վերանայման, ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու համար։ Մենք վճռականորեն մերժեցինք և բացառեցինք վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում։


Սիրելի՛ ժողովուրդ,


Այն ինչ ասացի, արդեն նորություն չէ, եւ վերջին 10 օրերին մեր հանրային–քաղաքական–փորձագիտական ամենաակտիվ քննարկումների առանցքում է։ Բայց հիմա, այս ուղերձում հարկ եմ համարում հանդես գալ գնահատականով, թե գործնականում ինչ է նշանակում վերը հիշատակվածը եւ մեջբերվածը, որն է տեղի ունեցածի քաղաքական իմաստն ու նշանակությունը։


Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,


Վերը նշվածը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղություն է հաստատվել։ Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղություն է հաստատվել։


Այս գործում, իհարկե, անգնահատելի է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա վարչակազմի դերակատարումը։ Այս է պատճառը, որ Ադրբեջանի նախագահի հետ որոշել ենք պարոն Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու համատեղ դիմում հղել միջազգային Նոբելյան կոմիտեին։


Բայց ուզում եմ վերադառնալ մեզ, եւ արձանագրել, որ օգոստոսի 8–ից հետո մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ, բոլորովին նոր Հարավային Կովկասում, մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ, բոլորովին նոր Հայաստանի Հանրապետությունում եւ այս փաստը պետք է գիտակցել։ Այսպես ասում եմ, որովհետեւ դա հեշտ չէ գիտակցել, որովհետեւ դա մեզ անծանոթ իրավիճակ եւ իրողություն է։


Մենք՝ Երրորդ հանրապետության քաղաքացիներս, չգիտենք, թե ինչ է խաղաղությունը, չգիտենք, թե ինչ է նշանակում ապրել խաղաղության պայմաններում, աշխատել խաղաղության պայմաններում։ Դա մեզ անծանոթ զգացում է, որովհետեւ մեր անկախության առաջին օրից մենք ապրել ենք կոնֆլիկտի մթնոլորտում, պատերազմի կամ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում։


Խաղաղության մասին մարդիկ, իհարկե, երազել են, բայց մյուս կողմից՝ խաղաղություն բառի համար այդ բառն օգտագործողները հաճախ դատափետվել եւ քննադատվել են։


Եվ ուրեմն, խաղաղությունը մեզ համար անծանոթ գիտակցություն եւ անծանոթ իրողություն է, խաղաղությունը մեզ համար անծանոթ եւ այսպիսով՝ օտարոտի կյանք է եւ խնդրում եմ եկեք չթերագնահատենք այս իրողությունը։ Այս իրողությունը նշանակում է, որ մենք գործնականում զրոյից պետք է սովորենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել, իմանանք, թե ինչ է նշանակում խաղաղություն, ինչպիսի՞ն է այն եւ ինչ տեսք ունի։


Սրա մասին մտածելիս է, որ հասկանում ես, որ խաղաղությունն այնպիսի տեսք ու պատկեր կունենա, ինչպիսի տեսք եւ պատկեր մենք նրանց կհաղորդենք, ինչպիսին այն կկերտենք եւ կստեղծենք, իհարկե՝ Ադրբեջանի հետ, եւ ոչ թե միայնակ։


Բայց փաստ է նաեւ, որ հաստատված խաղաղությունն ամենօրյա խնամք եւ հոգատարություն է պահանջում, ինչպես ամենօրյա խնամք եւ հոգատարություն է պահանջում նորածին, եւ ոչ միայն նորածին երեխան, ինչպես ամենօրյա խնամք եւ հոգատարություն է պահանջում նորակառույց եւ նորաբնակ տունը, ինչպես ամենօրյա խնամք է պահանջում, այո՛, նոր ու սիրելի ավտոմեքենան։


Իհարկե, երեխայի բարեհաջողությունը կախված է ոչ միայն իր ծնողից, այլեւ՝ առողջապահական, կրթական, իրավական համակարգի վիճակից, հարեւանությունից, մյուսներից, տան վիճակը կախված է ոչ միայն մեզնից, այլեւ՝ եղանակից, կոմունալ ծառայություններից, երկրաշարժ կամ փոթորիկ կամ ջրհեղեղ լինել–չլինելուց, մեր ավտոմեքենայի վիճակը կախված է ոչ միայն մեզանից, այլեւ՝ երթեւեկության մյուս մասնակիցներից, ոստիկանության եւ ճանապարհաշինարարների աշխատանքից։


Բայց մեզնից որեւէ մեկն իրավունք չունի առավելագույնս հոգ չտանել իր երեխայի մասին, դա արդարացնելով կրթական, առողջապահական կամ իրավական համակարգի նկատմամբ վստահության պակասով, որեւէ պատճառով սեփական տան նկատմամբ հոգ չտանելը բացառում է բարեկեցությունը եւ ընտանեկան անդորրը, որեւէ կարգազանց վարորդի վարքը չի կարող տրվել արդարացման՝ պատճառաբանությամբ, թե երթեւեկությունը մեր օրերում շատ քաոսային է։


Այսպիսին է եւ օգոստոսի 8–ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ հաստատված խաղաղությունը։ Եվ մենք պետք է ամենօրյա խնամք տանենք այդ խաղաղության նկատմամբ։


Սա նոր կյանք է եւ մենք մեր այս նոր կյանքը պետք է ապրենք նորովի, համաձայն Նոր կտակարանի այն խոսքի, թե նոր գինին հին տիկերի մեջ չեն դնում, ինչպես ասվում է Կտակարանում՝ «ապա թէ ոչ – տիկերը կը պատռուեն. ե՛ւ գինին դուրս կը թափուի, ե՛ւ տիկերը կը փչանան. այլ նոր գինին նոր տիկերի մէջ են լցնում, եւ երկուսն էլ պահւում են»:


Մեր կյանքը, կենցաղը, խոսույթը, իրականությունն այնքան են ներծծված կոնֆլիկտով ու պատերազմով, որ պետք է կառավարել նույնիսկ մեր իրականության ու խաղաղության բախման ռիսկը։ Սա նուրբ, չափազանց նուրբ սոցիալ–հոգեբանական, հանրային–քաղաքական, կառավարչական–տնտեսական աշխատանք է, որը պիտի միասին անենք՝ յուրաքանչյուրս մեր տեղում, մեր չափով, բայց միասին, բոլորով, ժողովրդով, ամենքով։


Մեր նահատակներին խնկարկելու եւ սրբացնելու, նրանց հիշատակի հետ հարաբերվելու մեր ձեւն անգամ պիտի կաթիլ–կաթիլ, միլիմետր առ միլիմետր փոխվի, որովհետեւ խաղաղությունը պետք է մխիթարի որդեկորույս ծնողներին, այրիացած կանանց, կանանց կորցրած ամուսիններին, ծնող կորցրած զավակներին։ Խաղաղությունը պետք է լուսավորի մեր նահատակների հոգիները, որովհետեւ ահա Հայաստանի Հանրապետությունը՝ որպես միջազգային կյանքի ավելի ու ավելի հեղինակավոր դարձող մասնակից, ավելի անկախ, ավելի ինքնիշխան, ավելի ինքնավստահ մի պետություն, ահա սա է այն նպատակը, որի համար ընկան մեր եղբայրներն ու քույրերը եւ նրանց զոհողության սուգը պիտի հաղթահարենք խաղաղության բերկրանքով, որովհետեւ քրիստոնեական–առաքելական մեր հավատը մեզ ասում է՝ մեռած չեն նրանք, այլ այստեղ են հենց հիմա, մեր գլխավերեւում եւ ժպտում են մեզ, որովհետեւ եկել է Հայաստանի Հանրապետության այն ապագան, որի շուրջ 2021 թվականին մենք պայմանավորվածություն ձեռքբերեցինք մեր նահատակների մարմինները դեռ չսառած։


Ահա եկել է այդ ապագան եւ այդ ապագան այսօր է, եւ խաղաղության նկատմամբ ամենօրյա խնամքով ենք ամրացնելու, շենացնելու, ծաղկեցնելու այդ ապագան, որն այլեւս երբեք վաղվա մեջ չպիտի փնտրենք, այլ պիտի տեսնենք այսօրվա մեջ։


Մեր ամենատարածված հարցը մեր իրականության մեջ կամ կոչը, որ մենք ամենաշատն ենք օգտագործում՝ «լավ է լինելու» կամ հարցականով «լա՞վ է լինելու» արտահայտությունը պետք է անցյալին ժառանգենք այլեւս, որովհետեւ «լավ է լինելու»–ին փոխարինելու է գալիս «լավ է»–ն, արտահայտված խաղաղությամբ։


Սիրելի՛ ժողովուրդ,


Վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքում ավելի քան 30–ամյա շրջափակումից հետո Հայաստանի Հանրապետությունն ապաշրջափակվում է, մի արդյունք, որ կարծում եմ աներեւակայելի կարող էր համարվել ոչ հեռավոր անցյալում։


Տարբեր հարցեր են հնչում այն մասին, թե ինչպես եւ ինչ կարգավորումներով պետք է բացվեն հաղորդակցության ուղիները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այսինքն՝ ինչ տեսք է ունենալու ճանապարհների բաց լինելը, որը նույնպես մեզ համար, ըստ էության, անծանոթ երեւույթ է։


Վաշինգտոնի հռչակագրի տեքստը լիարժեք տալիս է այս հարցի պատասխանը՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, սահմանների անխախտելիություն։ Ահա այն սկզբունքները, որոնց շրջանակում պետք է տեղի ունենա ճանապարհների բացումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։


Սա նշանակում է, որ հաղորդակցության ուղիների վերականգնման, կառուցման հատվածներում նախ պետք է հստակեցվի, սահմանազատվի եւ սահմանագծվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանը։ Իսկ սահմանն արդեն ունի իր պարտադիր ատրիբուտները․ սահմանապահ, մաքսակետ եւ այսպես շարունակ։ Այլ բան, որ դեռեւս «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ներկայացման ժամանակներում և մինչև այսօր էլ մենք սահմանի հատման պարզեցումների պատրաստակամություն ենք հայտնել եւ այս հարցն է, որ առաջիկայում պետք է դետալացված քննարկման առարկա դառնա։


Իսկ արդյոք սա մեզ համար նոր մտավախությունների դուռ չի բացում։ Միանշանակ ոչ, որովհետեւ Վաշինգտոնի հռչակագրի երրորդ կետում արձանագրվել է նաեւ փոխադարձության սկզբունքը եւ սա երաշխիք է, որ Ադրբեջանի հետ կգտնենք բալանսավորված եւ փոխընդունելի լուծումներ։ Այս համաձայնությունները գլոբալ մակարդակում, ինչպես արդեն նշեցի, արձանագրված են Վաշինգտոնյան հռչակագրում։


Հայաստանի ապաշրջափակման վերը նշված սկզբունքներն ավելի են ամրանում «Խաղաղության խաչմերուկ» նախագծին առնչվող այն երկկողմ հուշագրով, որ նախագահ Թրամփը եւ ես ստորագրեցինք օգոստոսի 8–ին՝ երկկողմ ձևաչափով։ Այդ հուշագրում արձանագրվում է ԱՄՆ հետաքրքրությունը Հայաստանի Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի նկատմամբ եւ դրանում ներդրումներ անելու Միացյալ Նահանգների ցանկությունը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանների անխախտելիության սկզբունքների շրջանակներում։


«Խաղաղության խաչմերուկ» նախագծից եւ այդ հուշագրից է բխում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագիրը, որը մեծ ներդրումներ, ֆինանսական օգուտներ, տնտեսական զարգացում եւ դերի հետագա բարձրացում է խոստանում Հայաստանի Հանրապետությանը։


Այս ծրագրի իրագործման արդյունքում մեր երկրի տարածքով կանցնեն միջազգային երկաթուղիներ, մայրուղիներ, խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր։ Այս ծրագիրը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարեւոր մասերից մեկն է դառնում։ Հայաստանն այս ամենով դառնում է Խաղաղության խաչմերուկ։


Ես ուրախ եմ, որ մեր մի շարք տարածաշրջանային գործընկերների մտավախություններն այս ծրագրի վերաբերյալ այլեւս փարատված են, չնայած մենք կշարունակենք աշխատել նրանց հետ գործընկերության եւ թափանցիկության մթնոլորտում։


Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ քաղաքացիներ,


Վերջին 10 օրերին շատ են հարցադրումները, թե երբ այսպիսով՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, բա ի՞նչ եղան, կամ ի՞նչ են լինելու ՀՀ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքները։


Վաշինգտոնյան հռչակագրով եւ նախաստորագրված համաձայնագրով Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց սահմանների անխախտելիությունը եւ տարածքային ամբողջականությունը ճանաչել են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Սա նշանակում է, որ կողմերն ընդունում են, որ այսօր Հայաստանի Հանրապետության տարածքը ճշգրտորեն նույնական է Հայկական ԽՍՀ–ի տարածքի հետ եւ այսօր Ադրբեջանի Հանրապետության տարածքը ճշգրտորեն նույնական է Ադրբեջանական ԽՍՀ տարածքի հետ։


Այս իրողությունը պետք է լուծում ստանա սահմանազատման գործընթացում։ Բայց խաղաղության տրամաբանությունը, նոր տրամաբանությունն այն է, որ ասելիս, որ ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որ այսօր գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, պետք է ասենք նաեւ, որ կան Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո, եւ փոխադարձ այս հարցը պիտի լուծում ստանա սահմանազատման գործընթացում։


Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ քաղաքացիներ․ գիտեմ, որ այս շեշտադրումը, այսպիսի շեշտադրումը կարող է խորթ հնչել մեր ականջին, եւ գուցե կարող է նյարդ առաջացնել, բայց սա է խաղաղության նոր տրամաբանությունը, սա է այն նոր գինին, որ մենք պետք է լցնենք նոր տիկերի մեջ։ Մենք մեր իրականությանն ու տարածաշրջանին պետք է նայենք ամբողջության մեջ ու նոր հայացքով, որովհետեւ սա է խնամքը, որ պետք է տածենք խաղաղության նկատմամբ։


Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ քաղաքացիներ,


Օգոստոսի 11–ին հրապարակվեց «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախաստորագրված տեքստը, եւ արդեն մի քանի տարի դրա շուրջ հյուսվող դավադրությունների տեսությունները պարզապես փլուզվեցին խաղաքարտերի տնակի նման՝ այդ հրապարակման արդյունքում։ Մեր քաղաքացիները գոհունակությամբ են ընդունել համաձայնագրի նախաստորագրված տեքստը։ Իհարկե, կան նաեւ առարկայական քննադատություններ։


Դրանցից առաջինը վերաբերվում է Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների հարցը Խաղաղության համաձայնագրի տեքստում չներառելուն։


Խաղաղության համաձայնագրի տեքստի բանակցությունները սկսվել են 2022 թվականի գարնանից եւ մենք այդ հարցը Համաձայնագրում ներառելու լրջագույն ջանքեր ենք գործադրել։ Բայց որքան ձգվել են բանակցությունները, հասկացել ենք, որ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների հարցը Համաձայնագրի տեքստում ներառելը կարող է մեկնաբանվել, թե նրանց վերադարձը Համաձայնագրի ստորագրումից եւ վավերացումից հետոյի հարց է, իսկ մենք այդ կանխավարկածով չենք առաջնորդվել ու չենք առաջնորդվում։ Եվ այդ կանխավարկածով չառաջնորդվելու արդյունքում է, որ Խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների մեկնարկից ի վեր մեր 58 հայրենակիցներ վերադարձել են գերությունից եւ եթե հարցը թողնված լիներ Խաղաղության համաձայնագրին, դա կարող էր եւ տեղի չունենալ եւ մեծ հավանականությամբ տեղի չէր ունենա։ Այժմ էլ դիվանագիտական ահռելի աշխատանք է տարվում այդ խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար, ինչի արտահայտությանը վերջերս ականատես եղաք։


Երկրորդ առարկայական քննադատությունն այն է, որ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տեքստով Ղարաբաղի հարցը փակվում է։


Այս քննադատությանն ի պատասխան պիտի հիշեցնեմ, որ դեռեւս 2025 թվականի մարտին այդ առիթով հայտարարություն եմ արել Ազգային ժողովի բարձր ամբիոնից, իսկ ավելի ուշ՝ վարչապետի համար տարօրինակ կոչով դիմել ժողովրդին։ Ասել եմ, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, ասել եմ, որ ես Հայաստանն առաջնորդելու եմ այս՝ Ղարաբաղյան շարժումը չշարունակելու տրամաբանությամբ, եւ եթե ժողովուրդը համաձայն չէ այս տրամաբանությանը, նրան կոչ եմ արել հեղափոխություն անել։


Ժողովուրդը, այսինքն դո՛ւք, սիրելի՛ քաղաքացիներ, հեղափոխություն չարեցիք, որովհետեւ ինձ նման հասկացաք, որ առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէ, որ Ղարաբաղի հարցն իրոք որոշ ուժեր պարզապես օգտագործում էին որպես գործիք Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականության կայացումն ու զարգացումը թույլ չտալու համար։


Ինչ վերաբերվում է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին, մեկ անգամ չէ, որ հրապարակային հայտարարել եմ, որ վերադարձի մասին նրանց պատկերացումներն իրատեսական չեմ համարում։ Ու ընդհանրապես, Հայաստանում եւ Ադրբեջանում հակամարտության մեկնարկից ի վեր փախստական դարձած անձանց վերադարձի թեմայի երկկողմ արծարծումը համարում եմ վտանգավոր, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությանը վնասող գործոն։ Այդ թեմաներն արծարծելու երկկողմ փորձերը հենց իրենց՝ փախստականներին ոչինչ չեն տալու, իսկ պետությունների միջեւ դառնալու են լարվածության նոր աղբյուր։ Իմ այս պատկերացումը կիսել եմ նաեւ պաշտոնական Բաքվի հետ։ Եվ արձանագրում եմ, որ այո՛, դա վտանգավոր և վնասակար թեմա է նորընծա խաղաղության համար։


Իմ ընկալումն այն է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր համաձայն չեն այս ռազմավարության հետ, կամա թե ակամա հայտնվում են կոնֆլիկտի վերակենդանացման տրամաբանության մեջ։ Շատ կոնֆլիկտներ, ներառյալ Ղարաբաղյանը, սկսվել են հումանիտար, մշակութային՝ թվում է անմեղ և պարզ հարցերի արծարծումով, իսկ թե ինչի են վերաճել, հիշում ենք եւ մեր մաշկի վրա, ցավոք, զգացել ենք բոլորս։


Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների ապագայի մասին մեր պատկերացումը հետեւյալն է․ նրանք մեր եւ միջազգային հանրության աջակցությամբ պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում եւ այստեղ ապրեն, ստեղծագործեն, հաստատվեն՝ որպես Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացիներ։


Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,


Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության համաձայնագրի տեքստի նախաստորագրումը եւ հրապարակումը, Վաշինգտոնյան գագաթնաժողովը, նրա արդյունքները, ընդունված Հռչակագիրը, դրա արդյունքում հաստատված խաղաղությունը բազում շերտեր ունեն, որոնք մի ուղերձում հնարավոր չէ պարզաբանել։ Օգոստոսի 8–ին եւ 9–ին հենց Վաշինգտոնից, Վաշինգտոնում ծավալուն հարցազրույց եմ տվել, ապա՝ ասուլիսի ժանրում պատասխանել եմ հայաստանյան լրատվամիջոցների հարցերին, բայց դրանով ակնհայտորեն ասելիքը չի պարպվել, որովհետեւ ինչպես ասացի, խաղաղության իրողությունը դանդաղ է ընկալվում, առաջ է բերում նոր դիտանկյուններ, նոր նրբություններ, նոր եւ հին հարցեր, որոնց համոզված եղեք, առաջիկայում մանրակրկիտ անդրադառնալու որեւէ առիթ բաց չեմ թողնի, ինքս կստեղծեմ այդ առիթները։


Բայց իմ այսօրվա ուղերձի առանցքային ասելիքն այն է, որ Խաղաղությունը եկել է, դա արժանապատիվ, պետականակենտրոն, մարդակենտրոն, տարածաշրջանակենտրոն խաղաղություն է եւ ես առավել քան ոգեւորված եմ այդ փաստից։


Մեր պետության 34–ամյա պատմության մեջ բոլոր արտաքին քաղաքական, դիվանագիտական հանգրվանները մենք սովորաբար դիտարկել ենք հաղթանակ–պարտություն հարթության եւ բանաձեւերի ներքո։ Ամեն անգամ որեւէ դիվանագիտական, արտաքին քաղաքական հարաբերություն հասկանալու մեր փորձերի մեջ ձգտել ենք գնահատել, դա հաղթանա՞կ է, թե պարտություն։


Սիրելի ժողովուրդ, պիտի համարձակվեմ ասել, որ սա իրականության սխալ ըմբռնում է, որովհետեւ եթե դու գտնվում ես հաղթանակի ու պարտության ընտրության միջև, այսինքն՝ քո ընտրությունը կամ հաղթանակն է, կամ պարտությունը, քո պարտությունն անխուսափելի է, քանզի դու կարող ես հաղթել մի անգամ, երկու անգամ, երեք անգամ, թեկուզ հինգ կամ տասն անգամ, բայց ի վերջո՝ քո պարտությունն անխուսափելի է, ու դու անխուսափելիորեն կպարտվես, որովհետև անվերջ հաղթել հնարավոր չէ։


Այլ բան է փոխհամաձայնության բանաձեւը, որը հաջողություն է խոստանում համաձայնվող բոլոր կողմերին։ Վաշինգտոնյան համաձայնությունները, ըստ այդմ՝ հաջողություն են թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ ԱՄՆ–ի համար։ Սա փոխհամաձայնության եւ փոխշահավետության խաղաղություն է, եւ այս բանաձեւը հուսալի, կայուն եւ տեւական է դարձնում խաղաղությունը։


Հուսալի, կայուն եւ հարատեւ է դարձնում մեր պետությունը, մեր անկախությունն ու ինքնիշխանությունը, իրատեսական է դարձնում մեր բարեկեցությունն ու երջանկությունը, որը մեր բոլոր ռազմավարությունների ռազմավարությունն է, բոլոր երազանքների երազանքը։


Այս խաղաղությունն Իրական Հայաստանի գաղափարախոսության տրիումֆն է, գաղափարախոսություն, որը մեր պատմության մեջ բացառիկ է նրանով, որ ոչ թե բանաձեւվել է էլիտաների կողմից եւ պարտադրվել ժողովրդին, այլ բանաձեւվել է ժողովրդի կողմից, ձեւակերպվել է ժողովրդի ներկայացուցիչների կողմից եւ կյանքի է կոչվում ժողովրդով, բոլորով, ամենքով։


Իրական Հայաստանը խաղաղ տարածաշրջանում եւ իրական աշխարհում. սա մեր պետականության հարատեւության բանաձեւն է։


Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,


Խաղաղությունը հաստատված է, եւ մեր խնդիրն է հոգ եւ խնամք տանել նրա մասին եւ ժամանակի ընթացքում այն դարձնել ավելի ու ավելի ինստիտուցիոնալ։


Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։


Կեցցե՛ անկախությունը, կեցցե՛ ինքնիշխանությունը, կեցցե՛ պետականությունը։


Եվ կեցցե՛նք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք Ազատ եւ Երջանիկ Հայաստանում։


Շնորհակալ եմ:


 

 Լուսանկարը` alikonline.ir
18.08.2025
Իրանի հայազգի պատգամավորը՝ Իրան–Հայաստան սահմանային հասանելիության փոփոխության դեմ