Երկրորդ ընթերցմամբ ընդունվել են «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունները
Կառավարության հեղինակած ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 26-ի նիստում:
Ըստ «Կուտակային կենսաթոշակների մասին` ՀՀ օրենքի` Կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում Առողջապահության նախարարության կողմից տրված եզրակացության հիման վրա մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ, ներառյալ` նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, ներկայացնելու իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ: Ներկայում, ԱՆ իրականացվում է կենսաթոշակի հաշվում առկա միջոցների ամբողջությամբ ստանալու պահանջի վերաբերյալ շահառուի կողմից ներկայացված դիմումը, որի ընթացքում նախարարի հրամանով ստեղծվում է մասնագիտական աշխատանքային խումբ, և հանձնաժողովը, տվյալ փաստաթղթերն ուսումնասիրելով, տալիս է համապատասխանության կամ անհամապատասխանության եզրակացություն որոշում:
ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հիմնական զեկուցող, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի ներկայացմամբ առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է նշված գործառույթը վերապահել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը: Անձի ֆունկցիոնալության գնահատման իրականացումը, մասնագիտական հիվանդության հետ կապված անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանի որոշումը, այդ թվում` մասնագիտական եզրակացության տրամադրման գործառույթն իրականացնում է Միասնական սոցիալական ծառայությունը:
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարության կողմից ներկայացվել է տեխնիկական շտկման մեկ առաջարկություն: Հարակից զեկուցող Մարիամ Պողոսյանն առաջարկել է կողմ քվեարկել նախագծում առաջարկով փոփոխությանը:
Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն: