29.11.2024
Անհամբեր սպասում եմ Հայաստանում Կորեայի դեսպանատան բացմանը. դեսպան
prev Նախորդ նորություն

Չենք հասկանում տասնյակ գերիների հետևողականորեն չվերադարձնելու Բաքվի մոտեցումը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին և հանդես եկել ելույթով:


Վարչապետն իր ելույթում, մասնավորապես, նշել է.


«Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի մեծարգո նախագահ,
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի մեծարգո նախագահ,
Տիկին Գլխավոր քարտուղար,
Հարգելի պատգամավորներ,
Հարգելի ներկաներ,


Ողջունում եմ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում: Այն տեղի է ունենում չափազանց բարդ մի ժամանակաշրջանում, երբ վերջին տասնամյակներում գոյություն ունեցած համաշխարհային կարգը ճաքեր է տալիս, քայքայման հավաստի նախանշաններ ցույց տալով:


Ակնհայտ է, որ Աֆղանստանի, Ուկրաինայի, Գազայի ճգնաժամերից, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումներից հետո աշխարհը նույնը չի լինելու. սրանում արդեն ոչ ոք չի կասկածում: Բայց թե ինչպիսին է լինելու աշխարհը վաղը, սա արդեն ոչ ոք չգիտի:


Եվ հատկապես այս պատճառով, չափազանց կարևոր է, որ այսօրվա լարումների մեղմման, ճգնաժամերի կառավարման, հակասությունների քննարկման ժամանակատար գործընթացում չմոռանանք ապագայի պլանավորումը, որովհետև եթե ապագան չպլանավորվի, ճգնաժամերն ու բախումները ծավալվելու արգելք չեն գտնի իրենց ճանապարհին:


Երեկ մենք ի վիճակի չեղանք ամբարտակներ կառուցել այսօրվա հեղեղները կանխելու համար, հետևաբար, որքան էլ դժվար լինի, այսօր պիտի փորձենք կառուցել այդ ամբարտակները՝ վաղվա հնարավոր հեղեղները հանդարտեցնելու նպատակով:


Հայաստանի Հանրապետությունը գլոբալ երկիր չէ, բայց մենք փորձում ենք հենց վերոհիշյալ գործելակերպը որդեգրել այն հարցերի առնչությամբ, որոնք մեր ամենօրյա օրակարգի մաս են, և որոնց լուծման համար մենք պատասխանատվության էական բաժին ունենք:


Խոսքը նախ և առաջ Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացի մասին է: Այստեղ մենք և՛ լավ լուրեր ունենք, և՛ վատ լուրեր:


Լավ լուրն այն է, որ Ադրբեջանի հետ խաղաղության հիմնական սկզբունքները համաձայնեցված են: Դա տեղի է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպումների արդյունքներով: Այդ համաձայնություններն արձանագրված են եռակողմ հանդիպումների արդյունքներով՝ Շառլ Միշելի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի հայտարարությունների մեջ:


Խաղաղության առաջին սկզբունքը հետևյալն է. Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, այն ըմբռնմամբ, որ Հայաստանի տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանի տարածքը 86 հազար 600 քառակուսի կիլոմետր:


Առաջին սկզբունքը կոնկրետացնելու համար է երկրորդ սկզբունքը, որը հետևյալն է. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի քաղաքական հենքը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրն է:


Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրել են Խորհրդային Միության 12 հանրապետությունները՝ 1991 թվականի դեկտեմբերի 21-ին: Այդ հռչակագրով արվել են հետևյալ երկու կարևոր արձանագրումները.


1. Խորհրդային միությունը դադարում է գոյություն ունենալ:


2. Խորհրդային 12 հանրապետությունները, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, գոյություն ունեցող, այսինքն՝ վարչական սահմանների անխախտելիությունը, և հետևաբար, Խորհրդային միության հանրապետությունների միջև գոյություն ունեցած վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ:


Ահա այս հենքի վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև կա որոշակի ըմբռնում, որ սահմանների դելիմիտացիայի համար պետք է օգտագործվեն նախկին ԽՍՀՄ Զինված ուժերի գլխավոր շտաբի 1974-ից 1990 թվականների քարտեզները:


Նաև կա ըմբռնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և պատրաստ են ստանձնել իրավական պարտավորություն՝ ապագայում ևս նման պահանջներ առաջ չքաշելու վերաբերյալ:


Ահա նաև այս ըմբռնումն է պատճառը, որ մենք Ադրբեջանին առաջարկում ենք փոխադարձաբար զորքեր չունենալ Խորհրդային Միության ադմինիստրատիվ սահմանից այս ու այն կողմ, ինչպես նաև հասցեագրել էքսկլավ/անկլավների հարցերը: Հայաստանի ինքնիշխան տարածքի մաս հանդիսացող էքսկլավ Արծվաշենը, օրինակ, ավելի քան 30 տարի գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո:


Ադրբեջանի հետ խաղաղության հաջորդ սկզբունքը հետևյալն է. տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է վերաբացվեն երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության, հավասարության սկզբունքների հիման վրա:


Սա չափազանց կարևոր է, որովհետև ինչպես Ազգային ժողովի նախագահը նշեց, խաղաղությունը մեր պատկերացմամբ մի վիճակ է, երբ տարածաշրջանի բոլոր երկրներն ապրում են բաց սահմաններով, տնտեսական, քաղաքական, մշակութային ակտիվ կապերով կապված, բոլոր հարցերը դիվանագիտական եղանակով և երկխոսությամբ լուծելու փորձ և ավանդույթ կուտակած: Նման բան առնվազն շատ դժվար է ունենալ առանց ճանապարհային, երկաթուղային, օդային ակտիվ կոմունիկացիաներ ունենալու: Բայց սա ամենը չէ, տարածաշրջանի երկրները միմյանց հետ պետք է կապված լինեն նաև մալուխներով, խողովակաշարերով, էլեկտրագծերով:


Եվ ահա այս ամենի իր բաժինն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի վերաբերյալ բրոշյուրը տրամադրված է ձեզ, իսկ այսօր մենք հրապարակեցինք «Խաղաղության խաչմերուկի» մասին ամբողջական պատկերացում տվող հոլովակը:


Ահա, հարգելի ներկաներ, սրանք Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին վերաբերվող լավ լուրերն էին: Իսկ որո՞նք են վատ լուրերը: Ամենակարևոր վատ լուրն այն է, որ մենք դեռևս խոսում ենք տարբեր դիվանագիտական լեզուներով և շատ հաճախ չենք հասկանում իրար:


Սրա համար, իհարկե, կան նաև օբյեկտիվ պատճառներ. երկարամյա հակամարտությունը՝ պատմական որոշակի կոնտեքստով, հազարավոր զոհերը, որոնց հարազատների աչքերի մեջ շատ դժվար է նայել, տասնյակ գերիները, որոնց ընտանիքի անդամների հարցերին պատասխաններ չկան, տասնամյակներով գերիշխող ատելության մթնոլորտը և կասկածները, որ կառուցողական հայտարարությունների տակ թաքնված են վատ մտադրություններ: Ընդ որում, ինչ ասում եմ, այս կամ այն չափով վերաբերում է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին: Բայց Ադրբեջանն, օրինակ, ոչ մի անգամ հրապարակային հղում չի արել վերը հիշատակված երեք սկզբունքներին, չի վերահաստատել իր հավատարմությունն այդ սկզբունքներին, ինչը խորացնում է անվստահության մթնոլորտը:


Չափազանց կասկածելի է թվում նաև այն, որ Ադրբեջանում բարձրագույն հովանավորությամբ, և ըստ էության, պաշտոնական մակարդակում Հայաստանի Հանրապետությունը սկսել են կոչել «Արևմտյան Ադրբեջան»: Եվ այս հայեցակարգն ուսուցանում են դպրոցներում, համալսարաններում, պետական լրատվամիջոցներով: Սա մեզ նոր պատերազմ, Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում, և խաղաղության գործընթացի առաջընթացի հիմնական խոչընդոտներից է:


Մենք չենք հասկանում նաև տասնյակ գերիների հետևողականորեն չվերադարձնելու Ադրբեջանի մոտեցումը՝ չնայած վաղուց առաջարկել ենք այս թեման լուծել խաղաղության օրակարգին հարիր բանաձևով. բոլորը՝ բոլորի դիմաց:


Բայցևայնպես, հարգելի ներկաներ, Հայաստանի Հանրապետությունը նվիրված է խաղաղության օրակարգին, խաղաղության գործընթացին, և նախորդ օրը Հայաստանի Ազգային ժողովում ունեցած ելույթում հայտարարեցի, որ մտադիր եմ մեր կողմից ակտիվացնել դիվանագիտական ջանքերը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հասնելու համար:


Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի մեծարգո նախագահ,
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մեծարգո նախագահ,
Տիկին Գլխավոր քարտուղար, հարգելի պատգամավորներ,
Հարգելի ներկաներ,


Մենք երկխոսության մեջ ենք նաև Թուրքիայի հետ: Համենայնդեպս, նախկինում նման ակտիվ երկխոսություն երբեք չենք ունեցել, չնայած՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման առումով դեռևս որևէ հաջողություն չունենք: Բայց Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կարևորագույն գործոն է մեր տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի, խաղաղ, զարգացող ու անվտանգ միջավայրի ռազմավարական տեսլականի համար: Առաջիկայում հույս ունենք Հայաստան-Թուրքիա սահմանի՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացելու նորությունը լսել, և սա կլինի մեծ խորհրդանիշ կրող քայլ:


Հույս ունենք՝ Հարավային Կովկասը դարձնել աշխարհին լավ նորություններ մատակարարող տարածաշրջան, և Հայաստանի Հանրապետությունը, ես անձամբ պատրաստ ենք կրել այս նպատակին հասնելու համար մեր բաժին պատասխանատվությունը:


Հաջողություն եմ մաղթում ԵԱՀԿ երևանյան Խորհրդարանական վեհաժողովին:


Շնորհակալ եմ ուշադրության համար»: