24.11.2024
Ձեր ցավը մեզ համար խորթ չէ. էստոնացի գործընկերները՝ Ալեն Սիմոնյանին
prev Նախորդ նորություն

Սա աննախադեպ ավելացում է. Անդրեասյան

ԿԳՄՍ նախարարության 2024 թվականի հատկացումները ներկայացնելով՝ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը նշել է, որ ընդհանուր ծախսերի համար նախատեսված է 345 մլրդ 417 մլն դրամ, որը նախորդ տարվա ծախսերի համեմատ աճել է 38 տոկոսով: 62 տոկոսը կազմում են ընթացիկ ծախսերը, 129 մլրդ դրամի չափ ծախսեր նախատեսված են կապիտալ ծախսերի գծով:


Կրթության ոլորտի ծախսերը կկազմեն 285 մլրդ դրամի չափով, որոնք նախորդ տարվա համեմատ աճել են շուրջ 47 տոկոսով: Գիտության ոլորտի ծախսերը կկազմեն 32 մլրդ 498 մլն դրամ, նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 8 տոկոս: Մշակույթի ոլորտի ծախսերը կկազմեն 18 մլրդ 909 մլն դրամ, սպորտի ոլորտինը՝ 6 մլրդ 656 մլն դրամ, երիտասարդության ոլորտինը՝ 2 մլրդ 331 մլն դրամ: Ընդհանուր առմամբ իրականացվելու է 22 ծրագիր՝ 200 միջոցառմամբ:


«ՀՀ 2024 թվականի պետական բյուջեով նախատեսվում է հատկացնել 345 մլրդ 417 մլն դրամ, որը նախորդ տարվա ծախսերի համեմատ աճել է 95 մլրդ 148 մլն դրամով կամ 38 տոկոսով: Սա աննախադեպ ավելացում է»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եւ հավելել. «Էական ավելացել է բյուջեն, հաշվի առնելով դինամիկան ըստ տարիների` կարող ենք ասել, որ սա աննախադեպ ավելացում է, որովհետեւ այսպիսի մեծ ծավալով ավելացում նախորդ տարիներին չի եղել, նման ծավալի աճ առաջին անգամ ենք գրանցում»:


Նոյեմբերի 2-ին ԱԺ գիտության, կրթության,մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Սիսակ Գաբրիելյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ քննարկվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2024 թվականի բյուջետային ծրագրերն ու ֆինանսական հատկացումները:


Կրթության ոլորտին կհատկացվի 285 մլրդ դրամ` աճը 47 տոկոս, գիտությանը՝ մոտ 32,5 մլրդ դրամ, աճը` 8 տոկոս, մշակույթին՝ շուրջ 19 մլրդ դրամ, սպորտին՝ 6 մլրդ 656 մլն դրամ եւ երիտասարդության ծրագրերին՝ 2 մլրդ 331 մլն դրամ:


Նախատեսվում է իրականացնել 22 ծրագիր` 200 միջոցառմամբ:


Ժաննա Անդրեասյանը նախարարության կապիտալ ծրագրերից առանձնացրել է 300 դպրոցների ու 500 մանկապարտեզների ծրագիրը:


Ըստ նրա՝ այս պահին ավարտվել է 26 դպրոցի կառուցումը, մինչեւ 2023 թվականի ավարտը եւս 8 դպրոցի կառուցումը կավարտվի:


«Ընդհանուր առմամբ, տարեվերջի դրությամբ 34 դպրոցներում աշխատանքներն ավարտված կլինեն, իսկ 2024 թվականի սկզբի դրությամբ շինարարության ընթացքում կլինի 41 դպրոց, որոնցից 21-ի շինարարությունը կավարտվի 2024 թվականին»,- ասել է նա:


Նշվել է, որ 2024 թվականի դեկտեմբերին շինարարությունն ավարտված կլինի 55 դպրոցներում, մնացած դպրոցների շինարարությունները կավարտվեն 2025-2026 թվականներին:


Կարեւոր է համարվել կապիտալ ծախսերի համար նախատեսված 129 մլրդ դրամ հատկացումը:


2024 թվականի պետական բյուջեով հուշարձանների ամրակայման, նորոգման եւ վերականգնման համար նախատեսվում է ծախսել 1 մլրդ 159 մլն դրամ:


«Կապիտալ ծախսերի հաջորդ ուղղությունը, որը ցանկանում եմ ընդգծել, հուշարձանների ոլորտին է վերաբերում, որտեղ ունենք 2024 թվականի համար ռեկորդային ցուցանիշներ. հուշարձանների ամրակայման, նորոգման եւ վերականգման համար նախատեսում ենք ծախսել 1 մլրդ 159 մլն դրամ, որը կրկնակի ավելի է 2023 թվականի համեմատ: Ընդ որում, ասեմ, որ 2023 թվականին արդեն իսկ էական աճ է գրանցվել՝ ավելի քան 600 մլն դրամ, որը եւս նախորդ տարիների համեմատ էական ավելացում էր»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:


Ըստ նախարարի՝ 13 հուշարձանների ամրակայման, նորոգման եւ վերականգման աշխատանքներ են իրականացվելու, ինչպես նաեւ 9-ը հուշարձանների գիտանախագծային փաստաթղթերի կազմման, ներառյալ պեղումների աշխատանքներ են իրականացվելու:


Ժաննա Անդրեասյանի հավաստմամբ 2024 թվականին էականորեն կաճի գիտաշխատողների աշխատավարձը, ինչը, ըստ նրա՝ Կառավարության քաղաքականության կարեւորագույն ուղղություններից է գիտության ոլորտում աշխատավարձերի բարձրացումը:


Նա հիշեցրել է, որ առաջին բարձրացումը տեղի է ունեցել 2022 թվականի հունվարին:


«2024 թվականի հունվարին լաբորանտի աշխատավարձը կբարձրանա 78 տոկոսով՝ 2021 թվականի համեմատ: 2024 թվականի հունվարի 1-ին առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2021 թվականի համեմատ կաճի արդեն 267 տոկոսով եւ կդառնա 420 հազար դրամ: 2021 թվականին առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 114 հազար 300 դրամ էր: Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը 2024 թվականի հունվարի 1-ին կդառնա 500 հազար դրամ, որը մինչեւ այս գործընթացը 138 հազար 100 դրամ էր»,- փաստել է ՀՀ ԿԳՄՍ նախարարը՝ հավելելով, որ մշակվել է գիտաշխատողների ատեստավորման նոր կարգը, որը կմտցնի որակական փոփոխություններ ոլորտում:


Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության ծրագրի գծով 2024 թվականին նախատեսվում է հատկացնել 14 մլրդ 202 մլն դրամ:


Ծրագրի նպատակն է՝ ապահովել մատչելի, որակյալ եւ մրցունակ բարձրագույն ու հետբուհական մասնագիտական կրթություն:


Նշվել է, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հայագիտության զարգացման ռազմավարություն է մշակում:


«Հայագիտության մասով շատ կարեւոր աշխատանք ենք անում. հայագիտության զարգացման ռազմավարություն է մշակվում, եւ դա մեզ նաեւ պարզ կդարձնի ամբողջական աշխատանքների ուղղվածությունը: Մենք նաեւ մեր բյուջետային ծրագրում մի շատ կարեւոր ուղղություն ունենք՝ հայագիտական կենտրոնների բացումն է տարբեր երկրների համալսարաններում: 13 նման կենտրոններ արդեն ունենք տարբեր երկրների համալսարաններում, դրանք ֆինանսավորում են ստանում պետական բյուջեից որոշակի հետազոտությունների եւ հաստիքակազմի համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:


Նա շեշտադրել է այն հանգամանքը, որ հայագիտությունը ռազմավարության հաստատումից հետո շատ ավելի հստակ ճանապարհային քարտեզով կզարգանա:


Նշվել է, որ նախարարության բոլոր ծրագրերն ուղղված են հայրենասիրության բարձրացմանը:


«Այն, ինչ անում ենք կրթության ոլորտում, ուղղված է նրան, որ մեր երեխաները ստանան լավ կրթություն, իսկ դա, իմ կարծիքով, ամենաուղիղ հայրենասիրությունն է: Ես հայրենասիրությունը պատկերացնում եմ գործողությունների եւ քայլերի մի շղթա, որն ուղղված է պետության հզորացմանը, կայացմանը եւ պետության ներսում երջանիկ քաղաքացիներ ունենալուն: Լավ եւ որակյալ կրթությունը դրա ուղիղ ճանապարհներից մեկն է: Երբ ունենք դպրոցներ, որտեղ յոթ տարի երեխաները ֆիզիկա չեն սովորել, սա հայրենասիրությո՞ւն է: Չէ՞ որ, կարեւոր է, որպեսզի քայլեր ձեռնարկենք, որ անկախ նրանից, թե մեր երեխան, որ գյուղի, որ դպրոցում է, ուսուցչի պակաս չլինի եւ այդ դպրոցներում երեխաները նույն ծավալով եւ նույն որակով կրթություն ստանան»,- փաստել է ԿԳՄՍ նախարարը:


Սպորտի ոլորտում կիրականացվեն մի շարք բարեփոխումներ: 2024 թվականին նախատեսվում է կառուցել մի շարք մարզական համալիրներ, այդ թվում՝ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան եւ պրոֆեսիոնալ բռնցքամարտի մի քանի վարկածներով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի անվան մարզապալատները:


Բազմաթիվ դպրոցներ կունենան սեփական մարզադահլիճներ:


2024 թվականին կյանքի կկոչվի երիտասարդության վերաբերյալ նոր օրենքը:


ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանել է պատգամավորների բազմաթիվ հարցերի:


ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի հարցն առնչվել է ուսուցիչների ատեստավորմանը: Ըստ նրա՝ այդ ուղղությամբ ունենք ֆանտաստիկ արդյունք: «Այս գործընթացի հետ կապված բազմաթիվ քաղաքական շահարկումներ եղան, ուսուցիչների շրջանում բավականին հուզումներ եղան, տարբեր գնահատականներ հնչեցին, բայց այսօր մենք կարող ենք արձանագրել, որ ունենք ամբողջապես կայացած ծրագիր, եւ Կառավարությունը նույնիսկ հավելյալ ջանքեր է գործադրել եւ աշխատավարձերը բարձրացրել հազարավոր ուսուցիչների, որոնք, ի սկզբանե, նախատեսված շեմը չէին հաղթահարել, եւ սա նշանակում է, որ խնդիրը գումարի մեջ չէ, խնդիրը պատրաստակամության մեջ է՝ քաջալերելու մեր ուսուցիչներին, որպեսզի նրանք էլ ավելի մասնագիտորեն վերապատրաստվեն, կրթվեն՝ սոցիալական խնդիրներ լուծելու համար: Գոհ ու շնորհակալ ենք այսպիսի արդյունքների համար»,- ասել է ԱԺ նախագահի տեղակալը եւ հավելել. «Դուք նաեւ ասացիք, որ բնագիտական ուղղություններով 25 տոկոս ավելացում ունենք, որը շատ կարեւոր եմ համարում: Այս մասով ուզում եմ նաեւ մենք բյուջետային համակարգի առումով մեր աշխատանքը զարգացնենք եւ հստակ ու չափելի արդյունքային ցուցանիշներ դնենք, այսինքն՝ եթե մենք ասում ենք բնագիտական ուղղությամբ հավելյալ գումար ենք տալիս, նաեւ պիտի ասենք, թե հավելյալ արդյունքն ինչ պիտի լինի, օրինակ՝ միջին գնահատականի ավելացում Հայաստանի տարածքում եւ կամ այլ տեսակի: Օրինակ՝ բուհերի ընդունելության քննությունների առումով, բնագիտական ուղղություններով որոշակի առաջխաղացում եւ այլն, այսինքն՝ այս ուղղությունը ես կցանկանամ միասին աշխատենք եւ արդյունքային ցուցանիշները ֆիքսենք, որ այնպես չստացվի, որ գործողություն ենք անում հետո չենք կարողանում չափել ու նաեւ հիմնավորել»:


Ենթակառուցվածքների մասով Հակոբ Արշակյանը նշել է. «Պիտի ասեմ, որ օրինակ՝ վերջերս Սիսիանի խոշորացված համայնքի Դարպաս գյուղում ականատես եղանք նոր կառուցվող դպրոցի շինարարությանը, պիտի նշեմ, որ մեր տեսած ամենաբարձր որակով էր իրականացվում շինարարությունը ե՛ւ սեյսմիկ կայունության տեսանկյունից, ե՛ւ աշակերտների պաշտպանվածության տեսանկյունից: Բոլոր տեսակի ենթակառուցվածքների առումով անհրաժեշտ է, որպեսզի մենք հետեւենք, որ շինարարության որակային չափանիշների անկում տեղի չունենա եւ հակառակը՝ զարգացում տեղի ունենա»:


Միջին մասնագիտական կրթության առումով նշվել է. «Որոշակի աշխատանք ենք տարել նաեւ Սիսակ Գաբրիելյանի հետ, որպեսզի միջին մասնագիտական կրթություն տրամադրող այն մասնավոր ընկերությունները, որոնք կցանկանան ստանալ լիցենզիա եւ լինել մեր օրենսդրության շրջանակում, ունենան ավելի հարմար պայմաններ լիցենզիա ստանալու համար: Նման ենթակառուցվածքային կամ այլ տեսակի պահանջներ դնելը կարող է ուղղակի խոչընդոտել, որ այդ ընկերությունները գան եւ պետական լիցենզիա ստանան, ըստ այդմ՝ օգտվեն թե՛ պետական արտոնություններից, եւ թե՛ մենք կարողանանք նրանց առաջ խնդիրներ դնել: Կարծում եմ, որ այս ուղղությամբ մենք աշխատանքներ ունենք անելու եւ հույս ունեմ, որ կհասնենք նրան, որ ստանան որակյալ միջին մասնագիտական կրթություն: Պետք է կարողանանք ամբողջապես ներգրավել մասնավոր հատվածին: Եվ, իհարկե, չտուժելով մյուս հատվածներում»:


ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է դիտարկմանն ու կարեւորել միջին մասնագիտական կրթության ոլորտի զարգացումն ու որակյալ կադրերի պատրաստումը:


Նշենք, որ 2024 թվականի պետական բյուջեի նախագծով նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության ծրագրի գծով նախատեսվում է հատկացնել շուրջ 15 մլրդ 402 մլն դրամ:


Ծրագրի նպատակն է՝ աշխատաշուկայի արդի պահանջներին համապատասխան նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության որակավորում ունեցող մասնագետների պատրաստումը, կրթության մատչելիության ապահովումը:


ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի հարցը եւս առնչվել է տարբեր ոլորտներում մասնագետների պատրաստմանը: Ըստ նրա՝ որոշ մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունը նվազում է:


Ի պատասխան նշվել է, որ կա այդ խնդիրը: Վերջին շրջանում այդ ուղղությամբ ներդրվել է երկու գործիքակազմ: Առաջին գործիքը, ըստ նախարարի, տարկետման իրավունքի ներդրումն է, երկրորդը՝ կրթաթոշակային ծրագիրն է: Նշվել է, որ այս մեխանիզմներն արդեն նպաստում են մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունների աճին: