2022 թվականից նկատվում է Հայաստանի առևտրային ակտիվության աճ՝ հիմնականում Միության ուղղությամբ։ 2022 թ Հայաստանի արտահանումը Ռուսաստան զգալիորեն աճել է՝ $880 մլն-ից հասնելով $2,564 մլն-ի, այսինքն՝ 2,9 անգամ։ Այս մասին են վկայում տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանի անցկացրած հետազոտության արդյունքները:
Նրա խոսքով, Հայաստանը պետք է ակտիվորեն զարգացնի բարձր ավելացված արժեքով արդյունաբերություն՝ արտահանման հեռանկարով։ Դրա անհրաժեշտության մասին վկայում են ինչպես ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, այնպես էլ խոշորագույն հարկատուների ցանկը։ 2023 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում տնտեսական աճի ցուցանիշները մի փոքր նվազել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Մինչդեռ բանկային և շինարարության ոլորտների համեմատությամբ արդյունաբերությունը շատ դանդաղ է աճում, որի աճը հունվար-հունիսին կազմել է ընդամենը 1%, ինչը բավականին ցածր ցուցանիշ է տնտեսական ակտիվության ընդհանուր աճի ֆոնին։ Մինչդեռ արդյունաբերությունը տնտեսական աճի առանցքային գործոնն է։
"Ներկայացվել են 2023 թվականի առաջին կիսամյակի պետբյուջեի կատարման վերաբերյալ տվյալներ, որոնց համաձայն՝ պետբյուջեի եկամտային մասն աճել է մոտ 20%-ով։ Այս առումով ուշադրություն պետք է դարձնել երկրի խոշորագույն հարկատուների հնգյակին։ Հինգ խոշոր հարկատուներից միայն մեկը՝ «Գրանդ Տոբակոն», պատրաստի արտադրանք է արտադրում։ Մնացած բոլորը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Գազպրոմ-Արմենիան, Ամերիաբանկը և Արդշինբանկը կա՛մ հումք են արտահանում, կա՛մ ներմուծում, կա՛մ ծառայություններ են մատուցում, ինչը խոսում է տնտեսության կառուցվածքի հետ կապված խնդիրների մասին։
Այն պայմաններում, երբ գլխավորապես գունավոր մետաղների հանքաքարն է արտահանվում, իսկ բանկերում մնում են բարձր տոկոսադրույքներ, արդյունաբերությունը շատ դժվար է զարգացնել։ Այդ իսկ պատճառով միջնաժամկետ հեռանկարում լուրջ տնտեսական աճի համար քիչ տեղ կա։ Մեր երկիրը նման է մի փոքրիկ նավի, որի շարժման ուղղությունը կախված է արտաքին քամիներից, որտեղ փչում է, այնտեղ նավարկելու ենք։ Հարցը թե՛ նավի, թե՛ նրա շարժիչի արդիականացումն է, և դրա համար անհրաժեշտ է բարելավել ողջ կառավարման թիմի հմտությունները, հակառակ դեպքում մեզ լուրջ խնդիրներ են սպասվում",- ասում է Թավադյանը։
Նա վստահ է, որ Հայաստանը պետք է ակտիվորեն միանա Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների արդյունաբերական համագործակցության նախագծին, որը մտնում է գործնական հարթություն։ Պատրաստի արտադրանք արտադրելու հնարավորությամբ նոր համատեղ ձեռնարկությունների ստեղծումը կհանգեցնի աշխատատեղերի ավելացմանը։ Իհարկե, հայկական արտադրանքի արտահանման մեծ մասի կողմնորոշումը դեպի ռուսական շուկա որոշակի ռիսկեր է պարունակում, սակայն նման համատեղ ձեռնարկությունների ստեղծումը հնարավորություն կտա չեզոքացնել Հայաստանի դեմ արևմտյան երկրորդական պատժամիջոցների հնարավորությունը։
"Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ երկրում գործազրկության մակարդակը կազմում է 14%, սակայն փորձագիտական հանրության տվյալներով՝ այս ցուցանիշը հասնում է 20%-ի։ Պետք է նախաձեռնող լինել, որպեսզի դրամական հոսքերը գնան գործազրկության նվազմանը: Ոչ պակաս կարևոր է գրագետ հարկաբյուջետային քաղաքականություն վարելը և դրամավարկային քաղաքականությունը , ինչը կլուծի նաև արդիականացումը:
Ներկայումս, հատկապես դեպի Ռուսաստանի Դաշնություն հայկական արտադրանքի արտահանման կտրուկ աճի ֆոնին, հայկական կազմակերպությունների նկատմամբ երկրորդական պատժամիջոցների կիրառման դեպքեր են արձանագրվել, և այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հստակ գնահատել իրավիճակը: Միևնույն ժամանակ արևմտյան գործընկերներին բացատրելով ԵԱՏՄ նախագծերին Հայաստանի մասնակցության առավելությունները։ Հայաստանը հնարավորություն ունի էներգառեսուրսներ ստանալ համեմատաբար արտոնյալ գներով, բացի այդ, ԵԱՏՄ մասին պայմանագրի չորրորդ հոդվածը սահմանում է մարդկանց, ապրանքների, կապիտալի և ծառայությունների ազատ տեղաշարժը, և եթե այդ ոլորտներից գոնե մեկը արգելափակված է, ապա Հայաստանը. շատ ավելի մեծ խնդիրների առաջ կկանգնի",- ասում է տնտեսագետը։
Իհարկե, շարունակում է նա, ԵԱՏՄ-ն ունի իր դրական և բացասական կողմերը, բայց հարցերը լուծվում են, այն էլ ամենաբարձր մակարդակով։ Պետությունների ղեկավարները հավաքվում են և վարչական կարգով որոշումներ են կայացնում։ Այս մեթոդը միշտ չէ, որ արդյունավետ է, բայց երբեմն այն թույլ է տալիս խուսափել ԵԱՏՄ-ի գործընկերների հետ խնդիրներից։
"Սակայն ԵԱՏՄ մասին պայմանագրի արդիականացումը`հատկապես 63,64 հոդվածների, որոնք որոշում են մակրոտնտեսական ցուցանիշների ու դրամավարկային քաղաքականության համաձայնեցվածությունը, առաջնահերթ խնդիր է: Հարցը չհետաձգելով՝ անհրաժեշտ է նաև զբաղվել մարքեթինգային աշխատանքով՝ դրանով իսկ խթանելով երկրի տնտեսության տարբեր ոլորտների զարգացումը",- հավելում է Թավադյանը։