Հայաստանում 2023 թ․ հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 23,3%-ով և կազմել 125 757,8 տոննա։ Բացի տնտեսական պատճառներից, այս միտումների վրա բացասաբար են ազդում նաև արտաքին քաղաքական գործոնները։ Այս մասին ասուլիսում հայտարարեց տնտեսագիտության դոկտոր, «Ալտերնատիվա» հետազոտական կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը:
Մասնավորապես, Ադրբեջանի ռազմական կազմավորումների կողմից Հայաստանի ինքնիշխան հանրապետության տարածքների մի մասի գնդակոծման, ապա գրավման պատճառով Սոթքում հանքարդյունաբերության ոլորտում աշխատանքը դադարեցվել է։ Իսկ վերջերս Հանքագործների և մետալուրգների միության ղեկավար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ (ԶՊՄԿ) ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջանյանը նշել է Հայաստանում հանքարդյունաբերությանն սպառնացող ռիսկերն ու վտանգները։
"Այսօր Հայաստանի հանքարդյունաբերական ակտիվները, աշխատելով ճգնաժամային մարտահրավերների մշտական պայմաններում, լուրջ ներդրումային միջոցներ են ուղղորդում արտադրողականությունը բարձրացնելու և արտադրության մրցունակությունը պահպանելու համար։ Ադրբեջանի գործողությունները կարող են հանգեցնել Հայաստանի տնտեսական աճի 10-20%-ի կորստի՝ հանքարդյունաբերության վրա բացասական ազդեցություն թողնող գործընթացների պատճառով։ Ադրբեջանը օգտագործում է հիբրիդային պատերազմի բոլոր միջոցները։ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրավիճակը սրվել է բնապահպանական ռիսկերի կառավարման առումով՝ ադրբեջանցի «բնապահպանների» շահարկումների պատճառով։ Միաժամանակ, ՀՀ բնապահպանության նախարարությունը հերքել է ադրբեջանցիների հայտարարությունը Հայաստանի Հանրապետությունում հանքարդյունաբերական ընկերությունների կողմից բնապահպանական սպառնալիքի մասին։ Այս բոլոր գործոնները նվազեցնում են Հայաստանի արդյունաբերության տնտեսական ակտիվության աճը",- ասաց նա։
Անդրադառնալով հարցին, թե ինչպես է տնտեսության վրա ազդել ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը, Մանասերյանը նշեց՝ 2023 թվականին Հայաստանը տնտեսական աճով կմնա առաջատար ԵԱՏՄ երկրների շարքում:
"Տնտեսական զարգացման միտումները, մասնավորապես, Հայաստանի տնտեսության զարգացման տեմպերի արագացումը 2022-2023 թթ. չի կարող վերլուծվել ինտեգրացիոն գործընթացներից մեկուսի: Ըստ Ռուսաստանի փոխվարչապետ Ա.Օ. Օվերչուկի, Հայաստանի տնտեսական հաջողությունները կենդանի օրինակ են և ապացույց են Ռուսաստանի ղեկավարության առաջարկած ինտեգրացիոն կուրսի հավատարմությանը իր հարևանների հանդեպ։ Ի վերջո, հենց ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շնորհիվ հնարավոր եղավ հաղթահարել ներքին տնտեսական լճացումը 2013-2022 թթ. ավելի քան 10 անգամ ավելացնել ԵԱՏՄ երկրների հետ արտաքին առևտրի ծավալը: Այսօր տնտեսության զարգացման համար բարենպաստ իրավիճակը ոչ միայն պահպանվում, այլև բարելավվում է",- ասաց նա:
Թվարկեց նաև որոշ տվյալներ. արդյունաբերական արտադրությունը ԵԱՏՄ-ում 2023 թ․ 5 ամսում աճել է գրեթե 2%-ով, Հայաստանում՝ 3%-ով, Հայաստանը 3%-ով երկրորդ տեղում է ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրության աճի տեմպերով, ԵԱՏՄ երկրների արդյունաբերության նախարարները հանդես են եկել Հայաստանում «Եվրասիական INNOPROM» — 2024թ., ԵԱՏՄ երկրներից առաջին կիսամյակի մաքսատուրքերի միջոցով Հայաստան է փոխանցվել 34,3 մլրդ դրամ, ՀՀ նախաձեռնությամբ ԵԱՏՄ շրջանակներում ստեղծվում է էլեկտրոնային առևտրի օպերատորի ինստիտուտ, փոփոխություններ են կատարվում ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի՝ արտաքին էլեկտրոնային առևտրի կարգավորման մասին պայմանագրում և այլն:
Ինչ վերաբերում է կանխատեսումներին, ապա, նշեց Մանասերյանը, հաշվի առնելով տնտեսական զարգացման ներկա միտումները՝ իրենք համարձակվում են 2023 թվականի համար պետական բյուջեից մի փոքր այլ կանխատեսում անել։
"Հիշեցնենք, որ «2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված է 7 տոկոս տնտեսական աճ։ Մեր կարծիքով, Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները գրանցելու տնտեսական ակտիվության առնվազն 9 տոկոս, անգամ հնարավոր է, 11-12 տոկոս աճ։ Մեր կանխատեսումը տարբերվում է ոչ միայն ՀՀ Կենտրոնական բանկի հունիսյան կանխատեսումից (6,9%), այլ նաև Fitch-ի կանխատեսումներից՝ Հայաստանի տնտեսության մինչև 6,1%, Moody’s-ի կանխատեսումներից՝ մինչև 7%, չխոսելով արդեն Համաշխարհային բանկի (4,4%), ՎԶԵԲ (5%) գնահատականների, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների (5,5%) մասին։ Միայն ԵԱԶԲ-ի կանխատեսումն է 7,5%-ով մոտ մեր գնահատականներին։ Լավատեսական կանխատեսման հիմքում ընկած են մի շարք տարբեր ցուցանիշներ և միտումներ, որոնք մեծ մասամբ նախորդ տարվա միտումների օրգանական շարունակությունն են",- հավելեց պրոֆեսորը։