22.11.2024
Ալիևի հետագիծը նմանվում է Սադամ Հուսեինի ուղուն․ Մայքլ Ռուբին
prev Նախորդ նորություն

Ռուս խաղաղապահների վառելիքն ու սնունդը սպառվում է. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» գրում է․ Հակարի կամրջին անցած շաբաթ տեղի ունեցած միջադեպից հետո ամբողջությամբ շրջափակված Արցախում առաջացած պարենային ճգնաժամի խնդիրը ծառացած է ոչ միայն Արցախի ժողովրդի առջեւ, այլեւ տեղում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի։ Բանն այն է, որ պատերազմից հետո Արցախում հայտնված մի քանի հազարի հասնող ռուս զինվորների սննդի խնդիրը ոչ թե Արցախում է լուծվում, այլ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայից են մատակարարում կտրոններով սնունդն ու դիզվառելիքը, ինչպես նաեւ այլ անհրաժեշտ ապրանքներ, իսկ Արցախում ընդամենը ընդունում-պահեստավորում են։ Հիմա, երբ Լաչինի միջանցքով ադրբեջանցիներն արգելում են անգամ հումանիտար բեռների փոխադրումը, ռուս խաղաղապահները կանգնել են ճիշտ նույն խնդրի առջեւ, ինչ արցախցիները։ Մանավանդ սուր է վառելիքի խնդիրը: Տեղի մեր աղբյուրներից իմացանք, որ ռուս խաղաղապահները բանակցում են ադրբեջանական կողմի հետ իրենց ելումուտը թույլատրելու համար, սակայն մինչ այս պահը դրական արձագանք չեն ստացել, ադրբեջանցիները ցանկացել են «մարդասիրական» ժեստ անել՝ առաջարկելով իրենք հոգան ռուսական կողմի սննդի, վառելիքի հարցերը, սակայն առայժմ ռուսները չեն հանձնվում, կամ ինչպես մեր աղբյուրն է ասում՝ դեռեւս վերեւներից հրահանգ չեն ստացել: Բանն այն է, որ խնդիրը սնունդը կամ վառելիքը չէ, այլ ավելի քաղաքական է, քանի որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի վերահսկողությունը վերապահված է ռուսական կողմին։ Իսկ Ադրբեջանից մատակարարում ստանալը ևս մի քայլ կնշանակի դեպի Ադրբեջանի հետ ինտեգրում:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ից Տիգրան Ավինյանին պարտադրում են նախընտրական քարոզարշավը տանել «սեւերի ու սպիտակների» տրամաբանության մեջ, ինչպես նախորդ ընտրություններին Հայկ Մարությանն արեց։ Բանն այն է, որ Ավինյանը մեծապես տարբերվում է թիմակիցներից նախկինների նկատմամբ իր պահվածքով, սերտ տարբեր խավերի ու խմբերի, այդ թվում թաղային հեղինակությունների հետ շփվելու կարողությամբ, ավելին, տեղեկություններ կան, որ ընտրություններում նաև նախկինների ու նրանց հետ փոխկապակցված անձանց աշխատանքի վրա է հույս դրել: Տիգրան Ավինյանը այս թիմի այն փոքրաթիվ անձանցից է, ով հարաբերություններ պահող է եւ չի առաջնորդվում՝ ով մեզ հետ չի քայլել, նախկին է ու մեր թշնամին է սկզբունքով։ Ի տարբերություն Ավինյանի՝ ՔՊ-ում խոր անվստահություն ունեն նախկին տասովշչիկների նկատմամբ, կասկածում են, որ սրանք կխոստանան, բայց վերջին պահին կգցեն, ուստի պետք է աշխատել կայուն էլեկտորատի՝ հեղափոխական պողոսների, զոմբիների ուղղությամբ։ Մինչ այս պահը Ավինյանը չի ընկրկում իր որդեգրած սկզբունքից եւ ինչպես տեսնում ենք արշավանքներ չի իրականացնում նախկինների դեմ՝ անկախ այն հանգամանքից, որ Նիկոլ Փաշինյանը նախազգուշացնող քայլեր է ձեռնարկել իր դեմ: ՔՊ վարչության վերջին նիստին ասել է, որ ավագանու ցուցակը պետք է կազմվի վարչությունում, այսինքն՝ ինքը կգրի, վարչությունը կհաստատի, բացի այդ Փաշինյանը նախընտրական շտաբի պատասխանատու նշանակելով իր հավատարիմներից Արմեն Փամբուխչյանին, փորձելու է վերահսկել տարածքային շտաբները, որ հանկարծ «չուժոյ» մեկը պատասխանատու չնշանակվի եւ տարածքային շտաբի պետերը լինեն բացառապես զտարյուն ՔՊ-ականներ։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագրի» դիլիջանյան ծեծկռտուքից հետո կրքերը չեն հանդարտվում. իշխանականները դեռ շարունակում են հաշիվ մաքրել միմյանց հետ: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախորդ շաբաթ ՔՊ-ի դիլիջանյան քեֆն ավարտվել էր ծեծկռտուքով. ՔՊ-ականները ծեծել էին Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթեւոսյանին, որը անցել ու ոմանց չէր բարեւել: Հիմնական հավաքվածները եղել էին ՔՊ-ական մարզպետներն ու համայնքապետերը: Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը դիմել էր Մաթեւոսյանին, թե՝ որ անցնում ես, ինչի՞ չես բարեւում: Մաթեւոսյանն էլ հայտարարել էր, թե չի ուզում, չի բարեւում, որից հետո մարզպետն ու համայնքապետը սկսել էին վիճաբանել, քաշքշել իրար ու ծեծել: Պարզվում է՝ այս միջադեպից հետո իշխանականները դեռ չեն հանդարտվում, պարբերաբար հանդիպում են իրար հետ, շարունակում «ռազբորկան»: Նախ՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, որը համարվում է Վայքի համայնքապետի հովանավորը, որոշել էր հաշիվներ պարզել Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի հետ: Սա էլ դեռ ամենը չէ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս ՔՊ-ական մի խումբ պատգամավորներ հանդիպել են մարզպետների հետ: Կռվի սիրահար ՔՊ-ականները հասկացել են, որ բարկացրել են Նիկոլ Փաշինյանին, ու որոշել են հանդիպել, մի վերջին անգամ զրուցել, ծեծկռտուքի թեման փակել, որպեսզի կրքերը չբորբոքվեն, ու Փաշինյանին չբարկացնեն: Արդյոք ՔՊ-ականները կհանդարտվեն, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա, բայց այն, որ թավշյա հեղափոխականներն իրենց կրիմինալ վարքուբարքով չեն զիջում անգամ նախկիններին, դա փաստ է:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ամիսներ առաջ ԱԳՆ մեր աղբյուրները փոխանցել էին, որ դեսպանի պաշտոնի է նշանակվելու Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ավագ որդին՝ գործարար Միսակ Բալասանյանը։ Համաձայն ամիսներ առաջ մամուլում շրջանառված լուրերի՝ Միսակ Բալասանյանը ցանկանում էր դառնալ ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոս, սակայն գործը գլուխ չի եկել, քանի որ Բալասանյանը սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ եւ, շրջանառվող լուրերի համաձայն, բիզնեսներ ունի Հայաստանում, ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում, ավելին՝ հանդիսանում է նաեւ ՌԴ քաղաքացի։ Չստացվեց ԱՄՆ-ն, հիմա էլ փորձում են վերջինիս դեսպան նշանակել Իրաքում, ու, ըստ հրապարակումների, արդեն ուղարկվել է համապատասխան ագրեմանը։ Դժվար է հասկանալ, թե շահագրգռող ինչ հանգամանք կա, որ ԱԳ նախարարը փորձում է Միսակին դարձնել դեսպան, ու թե Միսակին ինչը կարող է գրավել տվյալ երկրում, հատկապես որ երկիրը հեղինակավոր երկրների շարքում չէ, ավելին՝ անվտանգության առումով այնքան էլ ապահով չէ։ Վերջին օրերին մամուլում նաեւ տարածվեցին լուրեր, թե պայմանավորվածություններ են ձեռք բերվել Գյումրիում իշխանությունն ամբողջովին ՔՊ-ին տալու մասին։ Այս ամենում անհասկանալի է մնում այն, թե ԱՄՆ դեսպանի գլխավոր հյուպատոսի առաջարկ ստացած Միսակ Բալասանյանը, որը բիզնեսներ ունի ՌԴ-ում, հիմա ինչո՞ւ պետք է համաձայնի Իրաքի դեսպանի պաշտոնին. իսկ գուցե բիզնեսների ընդլայնման հարթակն է այնտեղ լավը եւ գրավիչ։ Այս ամենի մասով մենք կփորձենք կապ հաստատել եւ մեկնաբանություն ստանալ Միսակ Բալասանյանից: Հիշեցնենք, որ արդեն հրապարակել էինք շրջանառված տեղեկություններ այն մասին, որ Գյումրու ապագա քաղաքապետ դառնալու է Աննա Հակոբյանի ազգական, 28-ամյա փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանն իր իշխանության առաջին իսկ օրերից ձեռնոց է նետել Եկեղեցուն ու հոգեւորականներին: 2018թ. հեղափոխականների իշխանության օրոք Հայաստանում տեղի ունեցավ աննախադեպ մի երեւույթ. «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» նախաձեռնություն էր ձեւավորվել, որի անդամներն ընդդեմ կաթողիկոսի ակցիաներ էին իրականացնում Երեւանի փողոցներում՝ պահանջելով նրա հրաժարականը: Իշխանության գալուց մեկ տարի անց Փաշինյանը «սպառնում էր ծնկի բերել եկեղեցականներին»: «Երբ մենք ասում ենք, որ Եկեղեցու ներքին կյանքի մեջ չենք մտնում, որոշ եկեղեցականներ սրանից եզրակացնում եւ ասում են՝ սրանք նախկին կառավարության նման չեն, եկեք քանդենք այս կառավարության ոտքերի տակ: Նրանք շատ ուժեղ հակահարված կստանան եւ ծնկի կբերվեն` բառի թե՛ բուն, թե՛ փոխաբերական իմաստով», – հայտարարում էր նա: Եկեղեցի-իշխանություն հարաբերությունները սրվեցին հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ եկեղեցին պաշտոնապես միացավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին՝ հորդորելով «հանձնառություն ստանձնել եւ վայր դնել վարչապետի լիազորությունները՝ կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաեւ հնարավոր բախումներն ու ողբերգական հետեւանքները»։ Այն, որ Մայր Աթոռն ու Փաշինյանի իշխանությունը տարաձայնություններ ունեն, առաջին անգամ հրապարակային խոստովանել է Գարեգին Երկրորդ կաթողիկոսը: Եկեղեցի-պետություն անջրպետն արդեն թերեւս անդառնալի կետին է հասել. Մայր աթոռը եւ իշխանության ներկայացուցիչներն այլեւս անթաքույց փոխադարձ մեղադրանքներ, քննադատություններ են հնչեցնում, անգամ պետական միջոցառումներին եւ տոներին են իշխանություններն ու Եկեղեցին խուսափում մասնակցել:


Ի դեպ, Եկեղեցին, իր կանոնադրության համաձայն, կարող է անիծել, բանադրել (հեռացնել Եկեղեցու շարքերից) անհավատներին, Եկեղեցու դեմ դուրս եկած անձանց: «Ժողովուրդ» օրաթերթը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից հետաքրքրվեց՝ հնարավոր է արդյոք այս իրավիճակում Եկեղեցին կիրառի այս գործիքը Նիկոլ Փաշինյանի դեմ, որքանով է կիրառելի բանադրումը հիմա: «Նախ՝ բանադրանքի գործիքն արդեն 200 տարուց ավել է՝ Եկեղեցին չի կիրառում: Բանադրանքն արժեք ունի նրա դեպքում, ում համար Եկեղեցին հոգեւոր իշխանություն է համարվում: Եթե Եկեղեցին նրանց համար հոգեւոր իշխանություն չէ, բանադրանքն ի՞նչ պետք է փոխի. Դուք շատ գերագնահատում եք բանադրանքի դերը: Հիմա եթե Եկեղեցին բանադրանք կիրառեց, դա ի՞նչ է փոխելու. անարդյունավետ ու ոչ կիրառելի գործիք է դա այս դեպքում: Բանադրանքը կարող է սթափեցնել միայն այն մարդուն, որը հաղորդության մեջ է Եկեղեցու հետ ու բանադրելու դեպքում կզրկվի հաղորդությունից: Այս մարդիկ ոչ էլ հաղորդության մեջ են Եկեղեցու հետ, ինչի՞ց պետք է զրկվեն: Բանադրանքը հավատացյալի համար է խնդիր, անհավատի համար ի՞նչ խնդիր է»,- բացատրեց Սրբազանը: Այսպիսով, Եկեղեցին թերեւս անիմաստ է համարում անիծել-բանադրելը Նիկոլ Փաշինյանի իշխանությանը:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի դատական իշխանության անկախության թիվ մեկ երաշխավոր Բարձրագույն դատական խորհրդի կազմում աշխատելը դատական համակարգում դարձել է անցանկալի պաշտոն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայաստանյան մի շարք դատարանների նախագահներ, ստանալով ԲԴԽ անդամ դառնալու առաջարկ, մերժել են: Հիմա քաղաքական իշխանությունները փնտրտուքի մեջ են: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Արարատի մարզի դատարանի նախագահ Հարություն Պետրոսյանը, Գեղարքունիքի մարզի դատարանի նախագահ Սերոբ Մանուկյանը ստացել են Բարձրագույն դատական խորհրդի անդամ լինելու առաջարկներ, սակայն հրաժարվել են աշխատել: Նրանց համաձայնության դեպքում դատավորներն իրենք պետք է ընտրեին իրենց միջից դատավորների՝ ԲԴԽ անդամ դառնալու համար: Իսկ ինչու՞ է ԲԴԽ-ն անդամ փնտրում: Բանն այն է, որ 2023 թվականի հուլիսի 19-ին՝ ժամը 16:00-ին, հրավիրված է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողով: Ենթադրվում է, որ օրակարգում լինելու է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցը, քանի որ Խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանի լիազորությունները հունիսի 16-ից համարվում են դադարած, եւ նրա տեղը թափուր է մնում:  Նշենք, որ հունիսի 16-ին Մեսրոպ Մակյանի լիազորությունները ԲԴԽ-ում դադարեցվեցին՝ իր դիմումի համաձայն։ Մեսրոպ Մակյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամ է 2019 թվականից։ 2022 թ.-ին նշանակվել է նաեւ Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր եւ ԲԴԽ անդամից հրաժարվեց, քանի որ, ըստ լուրերի, նա նշանակվելու է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնում։