23.11.2024
Արմեն Դարբինյանը չի մասնակցի բուհի ռեկտորի ընտրություններին. ՌԴ-ն ու ՀՀ-ն մերժել են
prev Նախորդ նորություն

Մարաղայի կոտորածը Սումգայիթում և Բաքվում հայերի ջարդերի շարունակությունն էր. ԱԳՆ

ԱԳՆ հայտարարություն Մարաղայում հայերի կոտորածի 31-րդ տարելիցի կապակցությամբ.

31 տարի առաջ՝ 1992թ․ ապրիլի 10-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվեց Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա հայկական բնակավայրում խաղաղ բնակչության ծրագրավորված դաժան կոտորածը, որի հետևանքով շուրջ 5000 բնակչություն ունեցող բնակավայրն ամբողջությամբ ենթարկվեց էթնիկ զտման, ավելի քան 50 խաղաղ բնակիչ դաժանաբար սպանվեց, նույնքան էլ գերեվարվեց. տվյալներ, որոնք փաստագրված են «Human Rights Watch» և «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում: Գերեվարվածներից շատերի ճակատագրերը մինչ օրս պարզված չեն, և վերջիններս համարվում են բռնի անհետացածներ:

Մարաղայի կոտորածը Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում կազմակերպված հայերի ջարդերի շարունակությունն էր և ադրբեջանական իշխանությունների՝ ազգային ինքնության հողի վրա զանգվածային ոճրագործությունների հերթական դրսևորումներից մեկը: Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ կանխամտածված ոճրագործությունները, ռազմական հանցագործությունները, դրանց անպատժելիությունն ու հերոսացումն Ադրբեջանի համակարգային քաղաքականության մաս կազմեցին և նոր դրսևորումներ ստացան Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի 2016թ. ապրիլյան ագրեսիայի, իսկ ավելի մեծ մասշտաբներով՝ 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ, որի հետևանքով տեղահանվեցին նաև Հադրութի, Շուշիի և հարակից շրջանների տասնյակ հազարավոր հայեր:

Մարաղայի ոճրագործությունից 31 տարի անց, շուրջ չորս ամիս է, ինչ Ադրբեջանն ապօրինի կերպով արգելափակված է պահում Լեռնային Ղարաբաղը մնացյալ աշխարհի հետ կապող Լաչինի միջանցքը: Լեռնային Ղարաբաղում կանխամտածված կերպով հումանիտար ճգնաժամի ստեղծումը, ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում զինադադարի պարբերական խախտումներն ու ագրեսիվ գործողությունները, քաղաքացիական բնակչության շարունակական թիրախավորումն ու ահաբեկումը կրկին ապացուցում են, որ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելն է։

Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Մարաղայի կոտորածների զոհերի հիշատակին: Նման ոճրագործությունների հետագա կանխարգելման համար ևս մեկ անգամ ընդգծում ենք միջազգային հանրության գործուն քայլերի, այդ թվում՝ տրամադրության տակ առկա միջազգային մեխանիզմերի կիրառման հրատապությունը: