Թշնամին իր նպատակներին չէր հասնի, եթե Հայաստանում չունենար իր «տրոյական ձիուն». Գալստյան
Մինչպատերազմական և հետպատերազմյան ժամանակահատվածում ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում իշխանության եկածները պետական կառավարման, պաշտպանության ու անվտանգության ոլորտներում իսկական կադրային շիլաշփոթ ստեղծեցին։ ՀՀ-ում և Արցախում վերջին 5 տարիներին փոխվեցին 8 ԱԱԾ տնօրեններ, 7 պաշտպանության նախարարներ, հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով տեղակայված մարտական ստորաբաժանումների անխտիր բոլոր հրամանատարները։ Այս մասին գրում է քաղաքագետ Խաչիկ Գալստյանը՝ շարունակելով.
"Էլ չեմ խոսում մանր-մունր նախարարությունների ու կառավարման միջին և ստորին օղակներում կադրային փոխատեղումների մասին, որոնք իրագործվում էին գլխապտույտ առաջացնող արագությամբ։ Ընդ որում, այդ կադրային տեղաշարժերին, հրաժարականներին կամ պաշտոնանկություններին որևէ ռացիոնալ բացատրություն չէր տրվում։
Բացառություն էր, թերևս, ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի հեռանալը, որի հրաժարականի տեքստը ՀՀ կառավարման «բառդակի» ու մեր ազգային անվտանգության առաջնահերթությունների շուրջ «երիտհեղափոխական» կառավարության վարած կործանարար քաղաքականության վերաբերյալ առաջին խիստ մտահոգիչ բարձրաձայնումն էր։ Ցավոք, համընդհանուր էյֆորիայի պայմաններում այն բավարար ուշադրության չարժանացավ։ Բնականաբար կադրային նման քաոսային քաղաքականությունը անհետևանք չմնաց։ Դրա դառը պտուղները ազգովի քաղեցինք 44-օրյա պատերազմում ու մինչ օրս։
Ո՞ւմ էր ձեռնտու նման կադրային ջարդն ու խառնաշփոթը։ Առաջին հերթին՝ թշնամուն, որը գրեթե հասել է իր բաղձալի նպատակին՝ Արցախի օկուպացիային ու Հայաստանի տարածքի նկատմամբ անթաքույց հավակնություններին։ Բայց թշնամին այդ նպատակներին չէր կարող հասնել, եթե Հայաստանում չունենար իր «տրոյական ձիուն»՝ «համաշխարհային հեղափոխության մերօրյա գանդիին»՝ նիկոլին։ Ահա հենց նրա ձեռամբ էլ և՛ ՀՀ-ում, և՛ Արցախում խաղարկվում են այս բոլոր ազգադավ պարտիաները։
Պատերազմի օրերի անհասկանալի պաշտոնանկությունները, Ռուբեն Վարդանյանի նշանակումը Արցախի պետնախարարի պաշտոնում, «Կյանքի ճանապարհի» շրջափակումը, դրա վերաբացման շուրջ բանակցություններից հրաժարումը, Կաշենի հանքավայրի փակումը, հետո Ռուբեն Վարդանյանի ազատումն ու Ամուլսարի բացումը մեկ ընդհանուր սցենարի առանձին դետալներն են, որի իրական շահառուներն են ազերիները, ՀՀ իշխանությունները, Արևմուտքը, նույնիսկ ռուսները՝ բայց ոչ երբեք հայ ժողովուրդը։
Հ․Գ․ Հին լատիներեն հայտնի ասացվածք կա՝ ում ձեռնտու է, նա էլ շահառու է, IS FECIT, QUI PRODEST":