VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. Արցախյան աղբյուրը վստահեցրեց, որ Արցախում չկա մեկը, որը հնարավոր համարի Արցախի ինտեգրումն Ադրբեջանի հետ: Բոլորը միակարծիք են, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, անգամ՝ ֆիզիկական ոչնչացման սպառնալիքով: Սակայն մարտավարության մեջ կա 2 տարբեր մոտեցում․ անհաշտ ռուբենվարդանյանական գիծը, որ ոչ մի հարցում չի կարելի բանակցել Ադրբեջանի հետ, եւ Արայիկ Հարությունյանի գիծը, որը բանակցելու՝ մանր բաներում զիջելու, գլխավոր` անկախության հարցում անսասան մնալու կողմնակից է: Ըստ էության, երկխոսելու կողմնակիցներն այս փուլում հաղթեցին, ենթադրվում է, որ առաջիկայում Ադրբեջանի եւ Արցախի ներկայացուցիչները կհանդիպեն: Դրա մասին էր Հարությունյանի ուղերձի Ե կետը. «Բանակցային պատվիրակությունների կազմերը պետք է որոշվեն բացառապես կողմերի կողմից, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը չի կարող միջամտել արցախյան պատվիրակության կազմի ձեւավորման հարցում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնում նշանակել եմ իմ որոշմամբ ու առաջարկն արել եմ իմ նախաձեռնությամբ… Գիտակցելով Արցախի ու մեր ժողովրդի հանդեպ պատասխանատվությունը՝ Արցախը զարգացնելու եւ առաջիկա մարտահրավերներին դիմագրավելուն պատրաստ լինելն ապահովելու փոխարեն մեր բոլորիս եւ պետության (առանց փակագծեր բացելու)՝ բոլոր առումներով դիմադրողականությունը չսպառելու համար որոշում եմ կայացրել Ռուբեն Վարդանյանին ազատելու պետական նախարարի պաշտոնից»,- երեկ իր սպասված ուղերձում այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունից Արցախ մշտական բնակության տեղափոխված Ռուբեն Վարդանյանը գրանցված է Արայիկ Հարությունյանի՝ Ստեփանակերտի տան վրա, եւ նրանք իրապես ունեցել են ջերմ հարաբերություններ մինչեւ պետնախարարի պաշտոնի ստանձնումը: Երբ Ռուբեն Վարդանյանը նշանակվեց պետնախարար, նրա թիմակիցները ակնհայտորեն սկսեցին աշխատել Արայիկ Հարությունյանի դեմ: Նրանցից է հատկապես Մեսրոպ Առաքելյանը, որն «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրն է եւ Ռուբեն Վարդանյանի թիմում համակարգում է տեղեկատվական ոլորտը: Տարբեր տեղեկությունների համաձայն՝ Արցախի իշխանության, պետական գործիչների դեմ տարաբնույթ լրատվական հարձակումները կազմակերպվում են Առաքելյանի միջոցով, եւ թեեւ երեկվա ուղերձում Արայիկ Հարությունյանը մի քանի անգամ էլի շեշտել էր, որ Վարդանյանն իր ընկերն է եւ շարունակում է մնալ, բայց, միեւնույնն է, ե՛ւ Արցախի նախագահի, ե՛ւ նոր նշանակվող պետնախարար, Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի եւ էլի շատերի դեմ արշավը փաստացի համակարգվում է նույն Վարդանյանի առաքելյանական թիմի կողմից:
«Հրապարակ» թերթը գրում է. Փետրվարի 20-ին Ստեփանակերտի մշակույթի տանը արցախյան շարժման 35-ամյակին նվիրված միջոցառումը վերածվել է միտինգի։ Չնայած Արցախի նախագահն ամեն ինչ արել է, որ այն դառնա միասնականության, պետության գլխին կախված մարտահրավերները համատեղ լուծելու շարժման մեկնարկ, եւ հրավեր է եղել նաեւ ընդդիմադիրներին, նախկին նախագահներին, բոլոր շերտերին, սակայն մի քանի հոգի այն շեղել են օրակարգից եւ սկսել են քննադատել Արցախի իշխանություններին։ Պետհամալսարանի նախկին ռեկտոր Համլետ Գեւորգյանն ասել է. «Ի՜նչ պրազդնիկ, ի՜նչ բան, երկիր ենք կորցնում»: Ասել է, որ Արցախում պետական ոչ մի ինստիտուտ չի գործում, շրջափակման երկրորդը օրը կաղամբ չկար, էլ ինչի՞ համար է գյուղնախարարությունը։ Նրան շարունակել է Ռազմիկ Պետրոսյանը, ով Արայիկ Հարությունյանի հիմնադրած «Ազատ հայրենիք» կուսակցության նախկին պատգամավոր Գագիկ Պետրոսյանի հայրն է։ Միջոցառմանը մասնակցած պատգամավոր Մետաքսե Հակոբյանը մեզ ասաց. «Նախատեսված էր հուշ-երեկո, շարժման խորհրդի մասին պետք է խոսվեր, բայց Համլետ Գեւորգյանը ելույթի սկզբում ասաց, որ պիտի շեղվի ծրագրից, որովհետեւ դա է պահանջում այսօրվա իրավիճակը, եւ խոսեց ընդհանուր կառավարման մասին։ Իսկ Ռազմիկ Պետրոսյանը խոսքն ուղղեց Արայիկ Հարությունյանին եւ Արցախի բարբառով ասաց՝ չե՞ս տեսնում, որ քեզ չեն ընդունում, չես կարողանում՝ թող գնա, մենք էլ կնստենք` կորոշենք, թե ով լինի նախագահ։ Դրանից հետո նախագահը գնաց»։ Հավաքին ներկա է եղել Սամվել Բաբայանը, ով բոլոր ելույթների ժամանակ բարձրաձայն ռեպլիկներ է արել, ներկաներից մեկն անգամ արձագանքել է, թե «Սյամոն չի մեծանում»։
«Հրապարակ» թերթը գրում է. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում կամուսնացնի դստերը։ Զույգը վաղուց է նշանված, հարսանիքը դեռ հոկտեմբերին էր ծրագրված, բայց հետաձգվել է, իսկ դեկտեմբերի 12-ից հետո՝ անհնարին դարձել: Փեսացուն փրկարար ծառայությունում է աշխատում, դստեր համակուրսեցին է եղել, Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքից է։ Արցախում լուրեր էին շրջանառվում, թե որոշել են հարսանիքն անել Հայաստանում, որ ՀՀ պաշտոնյաներ էլ մասնակցեն, եւ դրա համար է Արայիկ Հարությունյանն ամեն ինչ անում, որ Լաչինը բացվի, սակայն ընտանիքի մտերիմներից մեկը խիստ վրդովվեց մեր հարցից` ասելով. «Բացառված է, Արցախում էլ շատ փոքր կազմով ենք անելու, եթե վիճակը չփոխվի: Իսկ եթե վիճակը փոխվի, ու ճանապարհը բացվի, մի քիչ ավելի լայն կազմով կանենք, բայց՝ մի քանի ամսից եւ անպայման Արցախում»:
«Հրապարակ» թերթը գրում է. Երկու ամսից կլրանա 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը, սակայն հանձնաժողովը երեկ առաջին բարձրաստիճան պաշտոնյային է հրավիրել «հարցաքննության»։ Փետրվարի 23-ին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստ, որին մասնակցել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ՝ գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։ Քննիչ հանձնաժողովը ստեղծվել է մեկ տարի առաջ, բայց դեռ որեւէ գործընթաց չի իրականացրել, հանձնաժողովի գործունեության համար ի սկզբանե 6 ամիս էր սահմանված, սակայն հանձնաժողովի առաջարկությամբ հոկտեմբերին երկարաձգվեց ժամկետը եւս 6 ամսով։ Չնայած հանձնաժողովի նախագահությունը հայտարարում է, թե փաստաթղթերի ծավալի պատճառով են ձգվում ուսումնասիրությունները, սակայն ակնհայտ է, որ ընդդիմության բոյկոտը նրանց զրկել է փոխհրաձգության եւ վերջին պատերազմի մեղքը նախկինների վրա բարդելու հնարավորությունից, ուստի հանձնաժողովը տեւական պարապուրդի մեջ էր։ Հիմա էլ, ասում են, ակտիվացել է, քանի որ Անդրանիկ Քոչարյանը պաշտպանության նախարար դառնալու հավակնություններ ունի։ Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը կարող է երկու անգամ երկարաձգվել` ԱԺ որոշմամբ, մինչեւ վեցական ամիս ժամկետով:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այսօր կգա Հայաստան: Մեր տեղեկություններով՝ նա հանդիպում կունենա ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ: Նշենք, որ վերջին անգամ Տոյվո Կլաարը Հայաստան էր եկել մեկ ամիս առաջ՝ հունվարի 23-ին: Նա այդ ժամանակ գրառում էր կատարել եւ ասել. «Մեկօրյա հանդիպումներով՝ վերադարձ Երեւան։ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, եւ պետք է շտապ լուծումներ գտնել»: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս անգամ Հայաստանի այցի նպատակներից են նաեւ (բացի Լաչինի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելուց) ԵՄ առաքելության հետ կապված հարցերը: Ինչպես հայտնի է, փետրվարի 21-ին ԵՄ-ն պաշտոնապես հայտարարել է Հայաստանում քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկի մասին։ Եմ առաքելության կենտրոնակայանը Եղեգնաձորում է: ԵՄ դիտորդական առաքելությունը կազմված է 100 դիտորդից:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՄԻՊ թեկնածուի առաջադրման հարցը շարունակում է գլխացավանք մնալ իշխող խմբակցության համար: Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ պաշտոնը թափուր մնալուց հետո՝ եռամսյա ժամկետում, նոր ՄԻՊ պետք է ընտրվի: «ԱԺ կանոնակարգ» օրենքը սահմանում է, որ եթե սահմանված 10-օրյա ժամկետում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովին թեկնածու չի առաջադրվում, ապա դրանից հետո՝ էլի տասնօրյա ժամկետում, պետք է առաջադրում լինի. դարձյալ տասնօրյա ժամկետ է սահմանվում. մինչեւ 3-րդ ամսվա վերջին օրը պետք է արդեն օմբուդսմենն ընտրված լինի: ԱԺ հանձաժողովից տեղեկացանք, որ առաջադրման երրորդ տասնօրյակն է լրանում, սակայն թեկնածու այդպես էլ չի նշմարվում. ո՛չ իշխող ֆրակցիան, ո՛չ էլ ընդդիմությունը թեկնածու չեն գտնում: ՔՊ-ականները դժգոհում են, թե ում առաջարկում են առաջադրվել այդ պաշտոնում, չի ցանկանում: Ընդդիմությունն էլ թեկնածու չի առաջադրում, քանի որ վստահ է՝ ում էլ առաջադրեն, միեւնույնն է, իշխող ֆրակցիան չի ընտրելու: Ստացվում է՝ իշխող ֆրակցիան ո՛չ ինքն ունի թեկնածու, ո՛չ էլ ցանկանում է ընդդիմության թեկնածուի շուրջ համաձայնության գալ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները խմբակցության նիստերից մեկի ժամանակ տեսակետ են գեներացրել, որ թեկնածու չգտնելու դեպքում մտադիր են ՄԻՊ թեկնածու առաջադրել հենց իրենց խմբակցության պատգամավորներից մեկին. հակված են՝ կին թեկնածու լինի: Թեեւ ՔՊ-ականները իրենք էլ դեմ են այս պաշտոնում առաջադրվելու գաղափարին (քանի որ ՄԻՊ-ը պետք է լինի անկուսակցական), սակայն ասում են, որ եթե Նիկոլ Փաշինյանն ասաց, չեն կարող հակադրվել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ կառավարությունը «Լիդիան» ընկերության հետ 250 միլիոն դոլար արժեքով փաթեթ է ստորագրել։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, թե Ամուլսարի հանքը շուտով կշահագործվի։ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո հենց նրա եւ թիմակիցների կողմից Ամուլսարի հանքի շահագործման մասին եղել են տարբեր եւ հակասական հայտարարություններ: Հանքը պետք է աշխատեր դեռ 2018 թվականին, սակայն նույն իշխանությունը, ինչ-ինչ շահերից ելնելով, փակեց թեման։ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարում էր, թե Սեւանա լիճը իր համար Ղարաբաղի հարցին հավասար թեմա է, եւ եթե անգամ մի թեթեւ վնաս է կրելու հանքի շահագործումից, ուրեմն հանքը չի բացվի։ Վերհիշենք նախորդ հայտարարությունները. 2018 թվականի հոկտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց. «Ամուլսարի մասին ի՞նչ ենք ասում. մեզ պետք է փաստ եւ փաստարկ, որ Սեւանի համար այդտեղ վտանգներ չկան: Ասում են՝ չկա, հավատացե՛ք մեր խոսքին, փաստաթղթերին: Սեւանի հարցը Ղարաբաղի նման հարց է, չի կարելի ուղղակի փակ աչքերով գնալ այդտեղ»: Ներկայումս ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը 2021 թվականի օգոստոսի 23-ին ասում էր. «Հանքարդյունաբերությունը չպետք է շարունակել երկրում, եւ նախկինում էլ այնպիսի հանքարդյունաբերություն, որ վնասում էր բնապահպանությանը եւ մեր բնակիչների առողջությանը, պետք է բերվեն միջազգային ստանդարտներին: Պետք է դադարեցնել եւ չսպասարկել զարգացած երկրների շահերը»: Տարօրինակ է, թերեւս, ՔՊ-ական նախկին բնապահպան-ակտիվիստների քար լռությունը, որոնք Սերժ Սարգսյանի օրոք առիթը բաց չէին թողնում խոսելու հանքի շահագործման վտանգների մասին: Նույն Լենա Նազարյանը, որ դեռեւս ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ պայքարում էր հանքի շահագործման դեմ, բնապահպանական ակցիաների էր մասնակցում, ճանապարհներ էր փակում, խոսում էր հանքի շահագործման վտանգավոր ռիսկերի մասին, հիմա, սակայն, տարօրինակ կերպով լռում է: