Հետաքննություն. Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կարող են տեղի ունենալ "մայդանի սցենարներ"
Հոկտեմբերի 21-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբում հյուրընկալվել էին «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ նախագահ Արման Ղուկասյանը, փոխնախագահ Ծովինար Կոստանյանը և նույն ՀԿ անդամ Սևան Աղաջանյանը: Բանախոսները խոսեցին իրենց կատարած Ժողովրդական հետաքննության արդյունքների մասին` կապված "Սասնա ծռեր" խմբավորման գործողությունների հետ:
«Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ նախագահ Արման Ղուկասյանը ասուլիսի սկզբում իր խոսքում նշեց,որ այս հետազոտությունը անցկացվել է երկու ամսվա ընթացքում: Թեև «Սասնա ծռեր» խմբավորման ակցիան կրել է տարերային բնույթ, սակայն Արևմուտքի կողմից ֆինանսավորվող մի շարք հայկական հասարակական կազմակերպություններ և շարժումներ փորձում էին ապակայունացնել իրավիճակը երկրում:
"Ինչպես հայտնի է, 15 օրվա ընթացքում տեղի ունեցող այդ իրադարձություններին ակտիվ մասնակցություն բերեցին նաև մի շարք հասարակական կազմակերպություններ: "Ընդդեմ կանանց հանդեպ բռնության կոալիցիան" իրավապահ մարմինների գործունեության վերաբերյալ հանդես եկավ հայտարարությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում էր, որ հուլիսի 17-ի առավոտյան իրադարձություններին հաջորդեցին ցույցերը, բողոքի ակցիաները Ազատության հրապարակում և այնուհետև Խորենացի փողոցում, որի ժամանակ ոստիկանությունը գերազանցեց իր իրավասությունները՝ գործադրելով վայրագության և բռնության իր ավանդական մեթոդները ցույցին մասնակից խաղաղ բնակչության հանդեպ: Ցուցարարների կողմից հրահրված սադրանքների և դրանք կանխելու մասին՝ ոչ մի խոսք : Այս հայտարարությանը միացան նաև հետևյալ հասարակական կազմակերպությունները՝ «Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը», «Բնապահպանական ակադեմիան», «Երիտասարդ ինժեներների ընկերակցությունը», ինչպես նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի գրասենյակը և «50/50» քաղաքացիական նախաձեռնությունը: Նշված կազմակերպությունների ճնշող մեծամասնությունը ֆինանսավորվում է արևմտյան աղբյուրներից, մասնավորապես՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորյան գրասենյակը, որը չորս տարվա ընթացքում Ժողովրդավարության աջակցման ազգային ֆոնդից ստացել է 131 650 դոլար: Եվ դեռ չհաշված այլ արևմտյան կազմակերպություններից դրամական մուտքերը, ինչպիսիք են՝ ''Human Rights Watch''-ը, ''Amnesty International''-ը, ''Civil Society Institute''-ը, ''Transparency International''-ը: Լրագրողների «Ասպարեզ» ակումբը միայն NED-ից ստացել է 58 650 դոլար, իսկ «Լրագրող-հետաքննիչների» ոչ կառավարական կազմակերպությունը չորս տարվա ընթացքում NED-ից ստացել է 187 400 դոլար, իսկ լրագրողների անկախ ցանցը՝ 83 200 դոլար: Հարկ է նշել, որ հայ-ռուսական հարաբերությունների շուրջ բացասական տեղեկատվական դաշտ ստեղծելու հարցում այս ոչ կառավարական կազմակերպություններն ամբողջությամբ «ծախսածածկել» են իրենց վճարված գումարները", - նշեց Ղուկասյանը:
«Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ փոխնախագահ Ծովինար Կոստանյանը նշեց,որ ուսումնասիրելով վերջին 15 տարիների ընթացքում մի շարք երկրներում տեղի ունեցած գունավոր հեղափոխությունների մեթոդաբանությունը, հարկ է նշել, որ Հայաստանում քաղաքացիական պատերազմ և պետական հեղաշրջում իրականացնելու մեթոդներն ու նախապատրաստական աշխատանքներն ամբողջովին համընկնում են այն մեթոդներին, մեխանիզմներին և տեխնոլոգիաներին, որոնք կիրառվում էին Սերբիայում, Լիբիայում, Թունիսում, Եգիպտոսում, Ուկրաինայում և Սիրիայում: Այդ մեթոդները իր աշխատանքներում ներկայացրել է նաև հայտնի ամերիկացի վերլուծաբան Ջին Շարփը:
Կոստանյանը նշեց, որ հուլիսի 17-31-ն ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև «Սասնա ծռեր» խմբավորման՝ իրավապահ մարմիններին հանձնվելուց հետո, քաղաքական բանավեճը Հայաստանում կրում էր բավական իռացիոնալ և զգացմունքային բնույթ: Նախնական շրջանում սոցիալական ցանցերում ստեղծվում էր այնպիսի տպավորություն, որ մարդիկ կորցրել են համարժեք մտածելու ունակությունը և բացեիբաց զբաղված են բռնություն քարոզելով: Ոստիկանության ներկայացուցիչների մահը որոշ անձանց կողմից ընդունվում էր մեծ խինդով և նախանձախնդրությամբ: Այսպիսով, ձգտում էին «Ֆեյսբուքում» ձևավորել այնպիսի մտայնություն, թե իբր ողջ հայությունը կողմ է ոստիկանների սպանությանը և «Սասնա ծռեր» խմբի գործողություններին: Փաստորեն, այստեղ գործի է դրվել նույն մեթոդաբանությունը, որը ժամանակին կիրառվել է «Ֆեյսբուքի» ուկրաինական տարրում եվրամայդանյան ժամանակահատվածում:
ՀԿ-ի անդամ Սևան Աղաջանյանը, ամփոփելով հետաքննության արդյունքները, ներկայացրեց եզրակացության արդյունքերը՝ «Սասնա ծռերը» հայրենասերներ են. նրանք սկսել էին անկեղծ պայքար, սակայն այդ պայքարն անվերապահորեն ոչ առևտրային կազմակերպությունների օգնությամբ ի շահ իրենց նպատակների փորձեցին օգտագործել արտաքին ուժերը, որոնք ֆինանսավորվում էին արևմտյան աղբյուրներից: ԱՄՆ-ը և Եվրամիությունն առաջնորդվում են երկակի ստանդարտներով, երբ մի կողմից ԱՄՆ-ը հայ ոստիկաններին սպառնում է պատժամիջոցներով՝ ստեղծելով իշխանության և ոստիկանության ներկայացուցիչների սև ցուցակ, իսկ մյուս կողմից իրենց երկրում դաժանաբար ցրում է անկարգությունների մասնակիցներին (ինչպես՝ Ուոլ Սթրիթում):
Արևմուտքը քննադատեց Հայաստանի ոստիկանությանն ու իշխանություններին, սակայն չդատապարտեց ցույցերի կազմակերպիչներին ու կոորդինատորներին, որոնցից շատերը հրահրել էին այդ անկարգությունները: Ոստիկանների շարքերում կային սադրիչներ, որոնք փորձում էին ՊՊԾ գնդի շենքի գրավման շուրջ կազմակերպված ցույցերի ժամանակ բորբոքել իրավիճակը:
Արևմտամետ հայկական ոչ առևտրային կազմակերպությունները փորձում էին նպաստել Հայաստանում պետական հեղաշրջմանը մայդանյան տեխնոլոգիաներով ինչպես փողոցներում, այնպես էլ վիրտուալ տարածքում: Հայաստանում տիրող քաոսը ձեռնտու է ոչ միայն ԱՄՆ-ին, այլև Հայաստանի իշխանության ներսում առկա Արևմուտքին ենթակա որոշ տարրերին: Հայաստանում ձգտում էին հասարակության մի մասին հանել մյուսի դեմ՝ հիմք ընդունելով արտաքին քաղաքական հայացքները: Վերոնշյալ փաստերը վկայում են այն մասին, որ Հայաստանի երիտասարդ պետականությունը թիրախավորված է, և նրան մեծ վտանգ է սպառնում:
Բանախոսները կարծում են, որ գալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, վերոնշյալ ուժերը կփորձեն նորից ակտիվանալ: Այդ իմաստով, ինչպես նշում է Ղուկասյաննը, "Սասնա ծռերի" հետ կապված դեպքերը պարզապես "փորձարկում" էին: