Հայաստանյան ծնելիության գումարային գործակիցը կազմում է 1.656, այն երկու տասնամյակից ավել զգալի ցածր է պարզ վերարտադրության մակարդակից (2.1), ինչը վտանգավոր է երկրի բնակչության թվաքանակի հետագա բնական կրճատման տեսանկյունից: Հարկ է նշել, որ հայաստանյան գործակիցը ցածր է նաև հարևան պետությունների համանուն ցուցանիշներից. այսպես՝ Ադրբեջանում այն կազմում է 1.86, իսկ Վրաստանում՝ 1.75: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Ծնելիությունը՝ ժողովրդագրական իրավիճակի բարելավման առանցքային գործոն․ ծնելիության գումարային գործակիցը Հայաստանում կազմում է 1.656, Ադրբեջանում՝ 1.86, իսկ Վրաստանում՝ 1.75:
Հայաստանի ժողովրդագրական իրավիճակն իր կարևորությամբ հրատապ լուծումներ պահանջող հիմնական մարտահրավերներից է, որին արդյունավետ, ժամանակին և համակարգված արձագանքումը հանդիսանում է պետության և հասարակության կարևորագույն խնդիրներից մեկը:
«Հերացի» վերլուծականը մեկնարկում է ժողովրդագրական հարցերին նվիրված հրապարակումների շարք, որի նպատակն է նպաստել հանրության շրջանում դեմոգրաֆիկ խնդիրների արդիականության վերաբերյալ միասնական ընկալման ձևավորմանը:
Ծնելիությունը բնակչության աճի համար առանցքային նշանակություն ունի: Վերջերս, Միավորված ազգերի կազմակերպության տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի զեկույցը վկայում է, որ ծնելիության մակարդակի նվազման միտումը կրում է գլոբալ բնույթ և մոլորակի բնակչության 2/3-ը ապրում է երկրներում, որտեղ ծնելիության գումարային գործակիցը ցածր է 2.1-ից, որը համարվում է բնակչության պարզ վերարտադրություն ապահովող նվազագույն շեմը: Մասնավորապես՝ Եվրոպական տարածաշրջանում, որտեղ գտնվում է նաև Հայաստանը, գործակիցը կազմում է 1.5:
Հայաստանյան ծնելիության գումարային գործակիցը կազմում է 1.656, այն երկու տասնամյակից ավել զգալի ցածր է պարզ վերարտադրության մակարդակից (2.1), ինչը վտանգավոր է երկրի բնակչության թվաքանակի հետագա բնական կրճատման տեսանկյունից: Հարկ է նշել, որ հայաստանյան գործակիցը ցածր է նաև հարևան պետությունների համանուն ցուցանիշներից. այսպես՝ Ադրբեջանում այն կազմում է 1.86, իսկ Վրաստանում՝ 1.75:
Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանում 2021 թ. ծնվել է 36585 երեխա, որը որոշակի ավելին է նախորդ տարիների տվյալներից, սակայն 1115-ով ցածր է 2017թ. ծնվածների թվից: Հարկ է նշել, որ ծնունդների թվի բացասական դինամիկան, բացառությամբ 2000-ականների կարճ ժամանակահատվածի, պահպանվում է արդեն ավելի քան 30 տարի, և 1990թ. ծնվածների թիվը շուրջ 2.2 անգամ գերազանցել է 2021թ. ծնվածներինը:
Համաձայն Միավորված ազգերի կազմակերպության տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի կանխատեսումների, որը համարվում է ժողովրդագրական հարցերով զբաղվող առավել հեղինակավոր կառույցներից մեկը, Հայաստանում ծնունդների թիվը 2050թ.-ին կարող է նվազել մինչև 24.000, իսկ ծնելիության գումարային գործակիցը կկազմի 1.6:
Վերոնշյալի և մի շարք այլ գործոնների ազդեցության արդյունքում մեր երկրի բնակչության թիվը 30 տարի հետո կարող է լինել ընդամենը շուրջ 2,6 միլիոն բնակիչ:
Իհարկե, այս ամենը կանխատեսումներ են, որոնք մեծապես հիմնված են ընթացիկ զարգացումների վրա, և հարցին մասնագիտական և համալիր մոտեցում ցուցաբերելու դեպքում, մեր ուժերի մեջ է փոխել բացասական զարգացումները՝ առաջիկա տասնամյակները դարձնելով բնակչության թվի աճի ժամանակաշրջան»: