Ի՞նչ է նշանակում Թուրքմենստան-Իրան-Հայաստան գազային սվոփը. Վահե Դավթյան
ՀՀ պսևդո-իշխանությունները մոտ մեկ շաբաթ առաջ հայտարարեցին, որ բանակցություններ են սկսվել սվոփային ձևաչափով թուրքմենական գազը Հայաստան ներկրելու վերաբերյալ՝ Իրանի ուղիղ մասնակցությամբ: Այսինքն՝ Իրանը ներկրելու է թուրքմենական գազը, այնուհետև սեփական գազն արտահանելու Հայաստան:
Այս հայտարարությունը էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը շատ ուշագրավ է համարում՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ.
"1. Իրան-Հայաստան ՛՛էլեկտրաէներգիա գազի դիմաց՛՛ բարտերային պայմանագրի ժամկետն ավարտվում է 2026 թ.-ին, ու արդեն այսօր կողմերը սկսել են քննարկել հետագա գործարքի պայմանները: Հատկանշական է, որ այդ պայմանների քննարկման համար Թեհրանում անցկացված երկկողմ հանդիպումներից հետո հայտարարվում է ոչ թե իրանական գազի ներկրման ծավալների ավելացման, այլ ՛՛թուրքմենական սվոփի՛՛ մասին:
2. Իրան-Հայաստան գազմուղի թողունակությունը տարեկան կազմում է 2,3 մլրդ խմ, մինչդեռ ներկրումը դրանով լավագույն դեպքում հասնում է 350-400 մլն խմ-ի: ՛՛Թուրքմենական սվոփի՛՛ իրագործումը նշանակում է, որ գոնե այս պահին չկա Հայաստան իրանական գազի ներկրման էական ավելացման հարց: Դա, իր հերթին, մեծ հարցականի տակ է դնում բարտերային համագործակցության ընլայնման հեռանկարը ու, մասնավորապես, վկայում է Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցման հետ կապված շատ լուրջ խնդիրների մասին:
3. Հայ-իրանական բարտերային գործարքի խնդիրների մասին է վկայում նաև վիճակագրությունը: Այսպես, 2020 թ.-ի համեմատ 2021 թ. Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանումը նվազել է մոտ 25%-ով: Միաժամանակ, 26%-ով աճել է Ադրբեջանից էլեկտրաէներգիայի արտահանումը Իրան:
3. ՀՀ պսևդո-իշխանությունները, պատրաստվելով կեղծ ՛՛խաղաղության դարաշրջանի՛՛, փորձում են մասնակցել տարածաշրջանային էներգետիկ շուկայի վերաձևավորմանը: Ս.թ. մարտին Բաքուն և Աշխաբադը ողջունեցին Trans Caspian Resources Inc. խորրդատվական ընկերության կողմից ներկայացված նոր գազամուղի նախագիծը, որը պետք է թուրքմենական գազը հասցնի Ադրբեջան, այնուհետև՝ Հարավային Կովկաս և Թուրքիա: Մեծ հաշվով, խոսքը նույն Անդրկասպյան գազամուղի մասին է, բայց ավելի փոքր թողունակությամբ՝ 10-12 մլրդ խմ:
Այսպիսով, ակտիվացնելով ՛՛էներգետիկ երկխոսությունը՛՛ Թուրքմենստանի հետ՝ Երևանը հող է պարարտացնում հետագայում՝ խաղաղության պայմանագրի կնքման ու հաղորդակցությունների հաստատման դեպքում, Ադրբեջանին կարևոր գործոնի կարգավիճակ տալ հայաստանյան էներգետիկ շուկայում՝ անցնելով Թուրքմենստան-Ադրբեջան-Հայաստան լոգիստիկային (Թեհրանի հետ ազերիները մեծ հավանականությամբ կպայմանավորվեն՝ հաշվի առնելով համատեղ էներգետիկ ծրագրերը՝ էլեկտրաէներգետիկ համակարգերի սինխրոնիզացիա, Իրան-Ադրբեջան-Ռուսաստան էլեկտրաէներգետիկ միջանցք, հիդրոօբյեկտներ, երկրաբանական-հետախուզական աշխատանքներ և այլն) : Նման դասավորվածությունն առավել քան բխում է Բաքվի շահերից, որն այսօր ունի ռեսուրսային բազայի խնդիր ու ամեն կերպ ձգտում է սեփական ենթակառուցվածքներով ապահովել թուրքմենական ու ղազախական ածխաջրածինների արտահանումը:
Հ.Գ. Դեռևս 2019 թ. սեպտեմբերին Իրանում ՀՀ դեսպանը հայտատարեց սվոփի անհարժեշտության մասին՝ բացատրելով դա ոչ թե տնտեսական կամ ռազմավարական նպատակահարմարությամբ, այլ ՛՛գազային շուկայում խանդի տեսարանների բացառման ու բոլոր շահագրգիռ կողմերի հետ լավ հարաբերությունների պահպանման՛՛ անհրաժեշտությամբ",- գրել է փորձագետը Facebook-ի իր էջում: