Մեր բանակցությունների ընթացքում կարծիքներ փոխանակեցինք ռեգիոնալ և համաշխարհային օրակարգի ակտուալ հարցերի շուրջ: Այս մասին Երևանում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ասուլիսում հայտարարեց Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը: Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, Ղազախստանը և Հայաստանը շարունակում են արդյունավետ համագործակցել բազմակողմանի կառույցների շրջանակներում: Արդեն ավանդույթ է դարձել փոխադարձ օժանդակություն տրամադրելը միմյանց նախաձեռնություններին: "Մենք պայմանավորվեցինք հետայսու նույնպես ակտիվորեն համատեղ աշխատել, ակտիվորեն մասնակցել խաղաղության ամրացման գործընթացին և կայունության կառուցմանը: Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի ձգտումը՝ կնքել խաղաղության համաձայնագիր: Ինչպես քիչ առաջ նշեց մեծարգո վարչապետը, Ղազախստանը պատրաստ է առավելագույն օժանդակություն տրամադրել այս ուղղությամբ և իր հարթակը տրամադրել երկու երկրների միջև բանակցությունների համար: Մեր հիմնական նպատակն է՝ մերձեցնել մեր բարեկամական երկրները, բացել ճանապարհն անքակտելի, բարիդրացիական հարաբերությունների՝ այս տարածաշրջանում խաղաղության և կայուն զարգացման համար",- ասաց Տոկաևը: