Առաջին անգամ Հայաստանի քաղաքական գործիչների պատվիրակությունն այցելել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն։ Այս մասին հայտնում է @donbassr տելեգրամյան ալիքը։ Նրանք Մակեևկայում «Մայր Հայաստան» դաշինքի անունից տեղի հայ համայնքին և հայկական եղեկեցուն նվեր են փոխանցել՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի պատկերով նկար։ «Սա հայոց այբուբենի հիմնադիրն է ու սրբագույն անձնավորություն»,-ասել է հայաստանյան պատվիրակության ղեկավար, «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ Նա նաև իր խոսքում նշել է, որ ցանկանում են հասկանալ, թե ինչպես է հայկական ստորաբաժանումն ապրում ու մարտնչում Դոնբասում։ «Մեր առաքելությունը մարդասիրական է, տեղեկատվական և ճանաչողական։ Մենք ցանկանում ենք ի ցույց դնել, որ կողմ ենք հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը»,-նշել է Թևանյանը։ Տելեգրամյան ալիքը նշում է, որ Հյուսիսային ռազմական օկրուգում գործում է «ԱրԲաթ» հատուկ նշանակության գումարտակը, որը համալրված է Դոնբասի տարածքում ապրող հայերով և ժամանած կամավորներով։ Հայ քաղաքական գործիչների այցը Դոնբաս պետք է ցույց տա, որ յուրաքանչյուր ժողովուրդ ունի ինքնորոշման իրավունք, կարծում է «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ «Պետք է որքան հնարավոր է շուտ ավարտել պատերազմը, որպեսզի խաղաղություն լինի։ Մենք գիտենք, թե ինչ է պատերազմը։ Կարծում ենք, որ Դոնբասի ժողովուրդն ունի իր իրավունքները, որոնք պետք է հաշվի առնել։ Մեզ համար երկակի ստանդարտներն անընդունելի են»,-ընդգծել է նա։