14.07.2025
Վարչապետը շնորհավորել է Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին
11.02.2020
Վարչապետը շնորհավորել է Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 41-րդ տարեդարձի կապակցությամբ: ՀՀ վարչապետի՝ ԻԻՀ նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 41-րդ տարեդարձի կապակցությամբ: Մեր ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունն ու պատմական ավանդույթներն ամուր հիմք են հայ-իրանական անխափան հարաբերությունների շարունակական առաջընթացի համար։ Համոզված եմ, որ Իրան կատարած իմ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև համատեղ ծրագրերի լիակատար իրագործումը կնպաստեն երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը՝ ի շահ երկու ժողովուրդների: Օգտվելով առիթից՝ հրավիրում եմ Ձեզ այցելելու Հայաստան Ձեզ հարմար ժամանակ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և խաղաղություն»: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 41-րդ տարեդարձի կապակցությամբ: Համոզված եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կշարունակի զարգացման ուղին՝ արձանագրելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: Դարերի խորքից եկող հայ-իրանական հարաբերությունները, հիմնված մեր ժողովուրդների միջև անխախտ բարեկամության ու փոխադարձ հարգանքի վրա, երկկողմ գործակցության ընդլայնման առհավատչյան են։ Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի հետ առաջ մղելու ընդգրկուն երկկողմ օրակարգ` ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության ու առաջընթացի: Ձերդ Վսեմությանը մաղթում եմ քաջառողջություն և արևշատություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»: