Ռուսաստանի Դաշնությանը դիմելու վերաբերյալ - Հայաստանի Հանրապետությունն անմիջական ու բազմամակարդակ կապի մեջ է դաշնակից Ռուսաստանի հետ: Ինչպես գիտեք, տեղի է ունեցել ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի հեռախոսազրույցը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին է ներկայացրել իրավիճակը: Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի քարտուղարի հայտարարության մեջ լրատվամիջոցների հարցերին ի պատասխան: «Այս համատեքստում, երկու երկրների ղեկավարները քննարկել են հնարավոր համատեղ քայլերը, որոնց իրականացումն ամրագրված է երկկողմ իրավապայմանագրային հենքով և համահունչ է դաշնակցային հարաբերություններին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու վերաբերյալ - ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ստեղծված իրավիճակի մասին: Ցանկանում ենք նշել, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար դիտարկվում է միջազգային իրավունքի և դիվանագիտական պրակտիկայի բոլոր գործիքների կիրառումը», - ասված է հաղորդագրության մեջ: VERELQ-ը հիշեցնում է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում ինտենսիվ մարտեր են ծավալվել Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև: Երեւանը հայտարարել է, որ ադրբեջանական զինուժը հարձակում է սկսել հանրապետության տարածքի վրա: Սպառնալիքի տակ է հայտնվել Պետական մայրուղին, որը մայրաքաղաքը կապում է երկրի հարավային շրջանների եւ Իրանի հետ: ՀՀ զինված ուժերը հակառակորդին հակազդելու գործողություններ են ձեռնարկել: Հակառակորդի կենդանի ուժին զգալի վնաս է հասցվել, ոչնչացվել է առնվազն 6 միավոր զրահատեխնիկա: Հայկական կողմից կան նաև զոհեր։ Հաղորդվում է նաև 12 հայ զինծառայողների գերեվարման մասին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի գործողություններն անվանել է ուղղակի ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ: Նոյեմբերի 16-ին՝ ժամը 18:30-ից, Ռուսաստանի միջնորդությամբ հայ-ադրբեջանական սահմանին կրակը դադարեցվել է: