25.06.2025
Քննարկվել է Երևան-Պրագա ուղիղ չվերթների վերականգնման հնարավորությունը
24.01.2023
Քննարկվել է Երևան-Պրագա ուղիղ չվերթների վերականգնման հնարավորությունը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը: Շնորհավորելով նորանշանակ դեսպանին Հանրապետության նախագահն արդյունավետ աշխատանք է մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում: «Հունվարի 2-ին լրացավ Հայաստանի և Չեխիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և այս առումով խորհրդանշական է նաև, որ Դուք Հայաստան ժամանեցիք հունվարի 2-ին, հավատացած եմ, որ նաև Ձեր ջանքերը կնպաստեն հայ-չեխական հարաբերությունների հետագա զարգացմանը»,- իր խոսքում ընդգծել է նախագահ Խաչատուրյանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպան Պիրունչիկը պատրաստակամություն է հայտնել իր աշխատանքով հնարավորինս նպաստել Հայաստանի և Չեխիայի միջև փոխգործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ: Իր խոսքում նորանշանակ դեսպանը նախագահին է փոխանցել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի ողջույնները: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-չեխական առևտրա-տնտեսական կապերի ակտիվացման և խորացման, բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության, տուրիստական ոլորտներում համագործակցության հեռանկարներն ու Երևան-Պրագա ուղիղ չվերթների վերականգնման հնարավորությունը: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել փոխադարձ այցելությունների և բարձր մակարդակի քաղաքական շփումների կարևորությանը: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնել աշխատանքային շփումները՝ քննարկված համագործակցությունը կյանքի կոչելու նպատակով: