ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 14-16-ը ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Ղազախստան կատարած պաշտոնական այցի պատվիրակության կազմում մեկնել է Աստանա` մասնակցելու Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի միջոցառումներին։ Մշակույթի օրերի ծրագրում ներառված են մի շարք միջոցառումներ` hանդիսավոր համերգ Հայաստանի ջազ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար` Դավիթ Մելքոնյան) մասնակցությամբ, ֆոտոցուցահանդես՝ նվիրված Սերգեյ Փարաջանովին, հայկական կինոյի օրեր և Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնի (գեղարվեստական ղեկավար` Նարինե Գրիգորյան) հյուրախաղը։ Հայաստանի մշակույթի օրերի հիմնական միջոցառումները կանցկացվեն Ղազախստանի Քալիբեկ Կուանիշբաևի անվան ազգային երաժշտական դրամատիկական թատրոնում, որտեղ հոկտեմբերի 15-ին կկայանա մշակույթի օրերի բացման հանդիսավոր համերգը՝ նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյակին։ Համերգային ծրագրում հիմնականում ընդգրկված են շանսոնյեի երգերը, բայց կհնչեն նաև Կոմիտասի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները։ Հայաստանի ջազ նվագախմբի հետ միասին հանդես կգան Հայաստանի վաստակավոր արտիստուհի Ինգա Արշակյանը և միջազգային մրցույթների դափնեկիր Գոռ Սուջյանը։ Նույն օրը թատրոնի ճեմասրահում կբացվի Սերգեյ Փարաջանովի կյանքին ու գործունեությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդեսը, որը պատրաստվել է Ս. Փարաջանովի թանգարանի կողմից։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 16-ին, Ղազախստանի Քալիբեկ Կուանիշբաևի անվան ազգային երաժշտական-դրամատիկական թատրոնում հանդես կգա Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնը՝ «Լյու Բյոֆ» ներկայացմամբ։ Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում 7 IMAX KERUEN կինոթատրոնում կցուցադրվեն հայկական խաղարկային և անիմացիոն ֆիլմեր։