1.06.2025
ԼՂՀ սահմանների ամրագրում, քաղաքացիության մասին օրենքի ընդունում. Մելիքյանը՝ բարեփոխումներից ակնկալիքի մասին
17.08.2016
ԼՂՀ սահմանների ամրագրում, քաղաքացիության մասին օրենքի ընդունում. Մելիքյանը՝ բարեփոխումներից ակնկալիքի մասին

Նախօրեին հրապարակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների Հայեցակարգը, որը ենթադրում է անցում նախագահական կառավարման համակարգի: Մտահոգվելու տեղիք տվող հայեցակարգ, թե՞ առողջ փաստաթուղթ: ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը VERELQ-ի հետ զրույցում նշեց, որ Հայեցակարգը իր մեջ մտահոգիչ անցումային դրույթներ է պարունակում, որոնք միտված են պաշտոնական Երևանի պատասխանատվության լղոզմանը, ինչպես նաև Արցախի նախագահի իշխանության պահպանմանը մինչև 2020 թվականը: Առաջին հերթին, ըստ Մելիքյանի, աչք է ծակում այն, որ ՀՀ-ում իրականացված, իսկ ԼՂՀ-ում նախաձեռնված սահմանադրական փոփոխությունների էությունը կառավարման համակարգի ձևափոխման տրամագծորեն հակադիր նպատակներ է հետապնդում: Հայաստանի պարագայում, նրա խոսքով, նախատեսված է որոշումների ընդունման համար անհատական պատասխանատվության լղոզման խորհրդարանական կառավարման ձևը, մինչդեռ ԼՂՀ-ում առաջարկվում է անցում մաքուր նախագահական կառավարման տարբերակին, այսինքն՝գործադիր իշխանության առավելագույն կենտրոնացում մեկ ձեռքում: Բացի այդ, իրեն հասած տեղեկությունների համաձայն, լինելու են անցումային դրույթներ, որոնք նախատեսում են ներկայումս գործող նախագահի պաշտոնավարման երկարաձգում մինչև 2020 թվականը: «Հատկապես հակամարտության կարգավորման համատեքստում ընթացող ապակառուցողական գործընթացների ծավալման համատեքստում պաշտոնական Երևանի մասով պատասխանատվությունը լղոզելու, իսկ Ստեփանակերտում՝ իշխանությունը մեկ ձեռքում կենտրոնացնելու միտումը մտահոգության տեղիք է տալիս: Այն տպավորությունն է ստեղծվում, որ այստեղ որոշել են ձեռքները լվանալ ու մի կողմ քաշվել, իսկ այնտեղ պայմաններ են ստեղծվում, որպեսզի բարձրագույն պաշտոնյայի որոշմամբ ու մեկ ստորագրությամբ հնարավոր լինի ցանկացած հարց լուծել: Սրանք, անշուշտ, ընդհանուր մտահոգություններ են, որոնց իրավացիությունը հնարավոր կլինի հաստատել կամ ժխտել սահմանադրական բարեփոխումների վերջնական տարբերակին ծանոթանալուց հետո միայն»,-նշեց նա: Ամեն դեպքում, շարունակեց Մելիքյանը, եթե ճիշտ է, որ գործող նախագահ Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու տարբերակ է նախատեսված, ապա մտահոգություններն ավելի առարկայական են դառնում, քանի որ առաջ է գալիս նրա կողմից ևս մի քանի տարով իշխանությունը պահելու նպատակով սահմանադրություն փոխելու, անգամ յուրացնելու հիմնավոր կասկած: «Անկեղծ ասած, հայկական քաղաքական միջավայրի համար հանուն ժողովրդավարության արվող փոփոխությունները վստահություն չեն ներշնչում՝ այդ պատրվակով գործող վարչակազմերը սովորաբար սեփական նեղ խնդիրներն են ձգտում լուծել: Արցախում նախաձեռնված սահմանադրական բարեփոխումների իրական նպատակը կերևա, եթե հընթացս հենց պարոն Բակո Սահակյանի կողմից որոշ լրացուցիչ օրենսդրական նախաձեռնություններ իրականացվեն: Բայց եթե ԼՂՀ գործող նախագահը հանրապետության սահմանները հստակորեն նկարագրող և ամրագրող օրենքի նախագիծ ներկայացնի խորհրդարան, որի համաձայն աներկբա կերպով երկրի անքակտելի մաս կհռչակվի այն ամբողջ տարածքը, որն այժմ ընդամենը վերահսկվում է ԼՂՀ իշխանությունների կողմից, գումարած արցախյան առաջին պատերազմի ընթացքում հակառակորդի կողմից գրաված ԼՂՀ բոլոր տարածքները, ապա կարող ենք համարել, որ նա պատրաստ է լինել ԼՂՀ տարածքային ամբողջականության իրական երաշխավոր»,-կարծիք հայտնեց գործիչը: Արցախի նախագահի երկրորդ պարտադիր օրենսդրական նախաձեռնությունը պետք է լինի, ըստ նախկին արտգործնախարարի, ԼՂՀ քաղաքացիության մասին լիարժեք օրենքը, որի ընդունումից հետո միայն հնարավոր կլինի խոսել այն մասին, որ ԼՂՀ-ն լիարժեք ինքնիշխան պետություն է: «Այս քայլերը պետք է կատարվեն նախքան սահմանադրական բարեփոխումների ուժի մեջ մտնելը և միայն դրանց իրականացումն անհրաժեշտ նախադրյալները կստեղծի պարոն Սահակյանի իրական մղումները գնահատելու և դրանց վստահելու համար»,- հավելեց Արման Մելիքյանը: