Հայաստանի Հանրապետությունն այսօր տոնում է Անկախության 26-ամյակը: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին` Անկախության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Այս օրը տոն է համայն հայության համար, ցանկացած հայի` Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում: Հզոր, ծաղկող ու բարգավաճող Հայրենիքը բոլոր հայերի երազանքն է ու հպարտությունը՝ աշխարհի որ ծայրում էլ նրանք լինեն: Հայ ժողովուրդը միշտ պայքարել է իր պետականության, սեփական հողում ազատ ու անկախ ապրելու, իր իրավունքները, իր օջախն ու ընտանիքը պաշտպանելու համար, սրբազան պայքար, որը հաղթանակով պսակվեց 1991 թվականի սեպտեմբերին: Մենք ավելի քան վստահ ենք, որ ինչպես այս բոլոր տարիների ընթացքում, այնպես էլ այսուհետ մեր ժողովուրդը միասին ու միակամ, համախմբված ու հաստատակամորեն կընթանա իր երազանքների իրականացման, հայոց պետականության շարունակական զորացման ու ամրապնդման, համազգային խնդիրների լուծման, Հայաստանի Հանրապետության կայուն ու առաջընթաց զարգացման ճանապարհով»: Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: