30.11.2024
Մամուլ. Կարեն Կարապետյանի վարկանիշն ու Հովիկ Աբրահամյանի պատքերը` նոր փոփոխություններ
08.12.2017
Մամուլ. Կարեն Կարապետյանի վարկանիշն ու Հովիկ Աբրահամյանի պատքերը` նոր փոփոխություններ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները: «Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե բավականին հետաքրքիր է «ստացվել» Կարեն Կարապետյանի ՀՀԿ-ացումը: Հայաստան վարչապետության եկած Կարապետյանը ոչ միայն չի ցանկացել անդամակցել ՀՀԿ-ին, որպես կաստայացած օրգանիզմի, այլեւ աշխատանք է տարել սեփական կուսակցությունն ստեղծելու ուղղությամբ: Նախ` իր թիմի անդամներին է (Ալթունյան, Ամիրյան, Առաքելյան...) տեղյակ պահել այդ մասին, ապա հանդիպել է Ռալֆ Յիրիկյանի հետ, որպեսզի հասկանա ապագայի նրա «տեսլականները»: Յիրիկյանը, ինչպես միշտ, ասել է, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվել եւ չի զբաղվելու: Կարեն Կարապետյանը հանդիպել է նաեւ քաղաքականություն մտնելու պատրաստվող Գագիկ Ծառուկյանի հետ, վերջինիս հորդորել դառնալու իր ստեղծելիք կուսակցության «պլատֆորմը»: Ծառուկյանը, որն արդեն մեծ խաղի մաս էր եւ որոշակի պայմանավորվածություններ ուներ «վերեւների» հետ, նույնպես հրաժարվել է: Եվ քանի որ Կարեն Կարապետյանն իրականում «հրավիրվել» էր Հայաստան` ՀՀԿ-ի տյունինգի, ընտրություններում ՀՀԿ-ին իր «թարմ» կերպարով հաղթանակի տանելու համար, խիստ բարեհաջող անդամակցեց ՀՀԿ-ին` որպես «մավր» անելով իր գործը»: «Իրատես» թերթը գրում է. «Gallup International Association-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի»-ի իրականացրած հարցումներից պարզվել է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշը զգալիորեն ընկել է: Երբ Կարապետյանը ստանձնեց վարչապետի պաշտոնը, հասարակությունը նրան «նոր մարդ» համարեց լճացած պետական համակարգում, «դրայվոտ» ելույթներն ու հրահանգներն էլ ոչ ձեւական փոփոխություններ թվացին: Սակայն ժամանակի հետ մարեցին եւ՛ դրայվը, եւ՛ հանրային սպասումները: Այսօր վարչապետի վարկանիշը 28 տոկոս անկում է գրանցել: Ի՞նչ է փոխվել, կամ ո՞վ է փոխվել: Փոխվել են եւ՛ վարչապետը, եւ՛ իրադրությունը նրա շուրջ: Ընտրությունների ժամանակ նույն Gallup-ը 80 տոկոսից ավելի վարկանիշ էր ներկայացրել վարչապետի համար: Մեկ տարի հետո, փաստորեն, շատ ջրեր են հոսել: Այս ամենում էականը, թերեւս, այն է, թե ինչու հենց այս պահին հարցման պատվեր եղավ, ո՞ւմ էր պետք հանրությանը ցույց տալ, որ վարչապետ Կարեն Կարապետյանն արդեն նախկինը չէ: 2018-ին ընդառաջ սա քաղաքական մեսիջ էր ոչ միայն հանրությանը, այլեւ հանրապետականներին ու քաղաքական բոլոր ուժերին, որպեսզի հասկանան, թե ապագայում ում հետ են գործ ունենալու: Ստացվում է` ՀՀԿ-ում միմյանց հետ սկսել են խոսել հարցումների «լեզվով»: «Ժամանակ» թերթը գրում է. «Բարեփոխված Սահմանադրության 125-րդ հոդվածի III կետը նախատեսում է. «Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն …-ը»: ԱԺ-ում … ունեն միայն երկու խմբակցություն՝ ՀՀԿ-ն եւ «Ծառուկյան» դաշինքը: Մեր տեղեկություններով՝ նախագահի միասնական թեկնածուով հանդես գալու առաջարկով «Ծառուկյան» դաշինքի հետ խոսակցություններ է սկսել նաեւ «Ելք» խմբակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով պաշտպանելու «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջադրվելիք թեկնածուին: Առաջարկ է հնչել նաեւ, որ «Ծառուկյան» դաշինքը պաշտպանի «Ելքի» առաջադրած թեկնածուին, եթե դաշինքում որոշում կայացվի չառաջադրել նախագահի թեկնածու»: «Ժողովուրդ» թերթը գրում է. ««Արփա-Սեւան» ԲԲԸ սեփականատեր, ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը վերջերս հաճախ է փայլատակում մտքի իր գլուխգործոցներով: Հիշում եք` նա հայտարարել էր, թե Հայաստանում աղքատներ չկան, նախօրեին էլ ասել էր, թե թանկացումները աղքատների վրա չի տարածվում, որովհետեւ գումար չունեն, որ գնեն թանկացած միս, կարագ: Միայն թե այս տրամաբանությամբ շարժվելու դեպքում պետք է նկատենք` գնաճը բավական շատ կարող է տարածվել հենց Հակոբ Հակոբյանի վրա, քանի որ ինքը բավական մեծահարուստ է: «Ժողովուրդ» օրաթերթը նրա պաշտոնական հայտարարագրից պարզեց, որ պատգամավորն ունի 9 հատ հողամաս,, երեք հատ անհատական բնակելի տուն, երեք հատ հողին ամրակցված անշարժ գույք: Բացի այս՝ ՀՀԿ-ական պատգամավորը չորս ընկերություններում ունի 29 մլն 668 հազար դրամի եւ 1500 ռուսական ռուբլու չափով բաժնետոմս: Փոխառությունները կազմել են 120 մլն դրամ: Իսկ դրամական միջոցները անցած տարվա դրությամբ կազմել են 57 մլն 920 հազար դրամ, 15 հազար 150 դոլար եւ 20 հազար եվրո: Որպես եկամուտ հայտարարագրել է աշխատավարձը, որը ամսական կազմում է 676 հազար դրամ եւ երկու ընկերությունից ստացած 215 մլն 881 հազար դրամի չափով շահաբաժինը: Այս ամենից հետո զարմանալի չէ, որ գծուծ պատգամավորի համբավ ունեցող օրենսդիրը այդքան անհոգությամբ է խոսում աղքատների մասին»: «Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և հողային պետական տեսչության պետ Արա Թորոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը: Թորոսյանի հայտարարագիրը առանձնապես ծավալուն չէ, ընդամենը երկու անշարժ գույք ունի: Բայց այդ երկու անշարժ գույքը բազմաբնակարան բնակելի շենքեր են: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ՝ հուլիսի 1–ին, դրամական միջոցները կազմել են 3 միլիոն 500 հազար դրամ, 2500 ամերիկյան դոլար ու 2000 եվրո: Դե իսկ եկամուտներն էլ կազմել են 2 միլիոն 912 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից: Թերևս, Թորոսյանի մասին այլ տեղեկություններ չկան, կադաստրի պետական մոկիտեի կայքում էլ նրա կենսագրությանը վերաբերող տվյալներ չկան»: «Ժամանակ» թերթը գրում է .«Gallup International Association-ը նախօրեին հարցում է ներկայացրել, որի համաձայն Կարեն Կարապետյանի վարկանիշը նվազում է, իսկ Սերժ Սարգսյանինն՝ աճում: Սոցիոլոգիական հարցումների վերաբերյալ Հայաստանում վաղուց կա բավականին ամուր հանրային կարծիք կամ անվստահություն, այստեղ իհարկե խնդիրը կոնկրետ հարցման վստահելիության եւ անվստահության աստիճանը դիտարկելը չէ, այլ այն, որ նույն կազմակերպությունը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ներկայացնում էր Կարեն Կարապետյանի ավելի քան 80 տոկոս վարկանիշ եւ որի վրա փաստորեն կառուցվում էր խորհրդարանական ընտրությունների այսպես ասած «սոցիալ-քարոզչական» բազան: Ահա դրանով իսկ հետաքրքիր է, որ ներկայումս այդ կազմակերպությունը կամա, թե ակամա, իր սոցիալական հարցման նոր տվյալով փաստորեն ձեւավորում է արդեն Սերժ Սարգսյանի քաղաքական պլանների «սոցիալ-քարոզչական» բազա, արձանագրելով նրա վարկանիշի վերելք եւ Կարեն Կարապետյանի վարկանիշի նվազում: Որոնք են Սերժ Սարգսյանի պլանները, դեռեւս իհարկե պարզ չէ, սակայն ուշագրավ է սոցիոլոգիայի սլաքի փոփոխությունն այդ ուղղությամբ եւ անկասկած հետաքրքիր է լինելու դիտարկել, թե ինչ ծավալում կարող է ունենալ այդ այսպես ասած միտումը կամ գործընթացը: Միեւնույն ժամանակ իհարկե հետաքրքիր է նաեւ հետեւել ներկայացվող պատկերից բխող վարքին, որ կցուցաբերեն իշխող համակարգի սուբյեկտները: Ի վերջո բացառված չէ, որ իրականացվում է այսպես ասած «հետապուզական» տեխնոլոգիայի կիրառում, շոշափելու համար առկա տրամադրությունները: Այդ տեսանկյունից ուշագրավ է ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ արձագանքը, մասնավորապես խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի շուրթերից: Նա հայտարարել է, թե հող նախապատրաստում են ոչ թե սոցհարցումներով, այլ գործողություններով: Խոսքը Սերժ Սարգսյանի համար հող նախապատրաստելու մասին է: Այլ կերպ ասած, Արմեն Ռուստամյանը կամա, թե ակամա թերահավատություն է հայտնել Սերժ Սարգսյանի գործողությունների կապակցությամբ, կամ դժգոհություն, որ կոալիցիոն գործընկերը տեղյակ չէ որեւէ գործողությունից: ՀՅԴ-ն իհարկե ունի դժգոհելու տեղ, քանի որ առայժմ միակ քաղաքական ուժը, որը հավանություն է տվել Սերժ Սարգսյանի վարչապետությանը, մնում է ՀՅԴ-ն: Դեռեւս սահմանադրական փոփոխությունների շրջանում նույն Արմեն Ռուստամյանը հայտարարել էր, որ, եթե խորհրդարանական կառավարման մոդելը հաստատվում է եւ կատարվում են այսպես ասած բարեփոխումներ, ապա ՀՅԴ-ն խնդիր չի տեսնում Սերժ Սարգսյանի վարչապետության հարցում, առավել եւս, որ օրենքը չի արգելում դա: Ըստ ամենայնի ՀՅԴ-ին նյարդայնացնում է անորոշությունը, որ պահում է Սերժ Սարգսյանը եւ Դաշնակցությունը սկսում է կամաց-կամաց դժգոհել այդ կապակցությամբ: Ընդ որում, այդ դժգոհությունը շատ նման է Ռոբերտ Քոչարյանի պլանների կապակցությամբ դժգոհությունից, որ տարիներ առաջ հայտնել էր նույն Արմեն Ռուստամյանը, երբ արդիական էր Ռոբերտ Քոչարյանի վերադարձի թեման եւ նա իր պարբերական հարցարույցներով տարաբնույթ ակնարկներով փորձում էր թարմ պահել այն: Արմեն Ռուստամյանը այդ ժամանակ հայտարարել էր, թե վերադարձողը վերադառնում է, ոչ թե սպասում է հանգամանքների: Քոչարյանը ակնհայտորեն նյարդայնացրել էր ՀՅԴ-ին եւ Դաշնակցությունն ի վերջո ընտրեց Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվելու տարբերակը, դուրս գալով ոչիշխանական բեւեռից եւ չցանկանալով այսպես ասած կույր խաղ խաղալ: Այժմ երեւի թե Սերժ Սարգսյանն է իր անորոշությամբ եւ գաղտնապահությամբ սկսել նյարդայնացնել ՀՅԴ-ին եւ Դաշնակցությունը գրեթե նույն ոգով դժգոհում է Սերժ Սարգսյանից, ակնարկելով ի վերջո հստակեցնել, թե ինչ գործողության է պատրաստվում, որպեսզի ՀՅԴ-ն էլ կողմնորոշվի իր անելիքի հարցում»: «Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» նախորդ համարում տեղեկություն էինք հրապարակել այն մասին, որ նախկինվարչապետ Հովիկ Աբրահամյանը կազինոյում խաղալու սովորույթ ունի եւ 20 մլն դոլար է տանուլ տվել արտերկրի կազինոներից մեկում:Անդրադարձել էինք նաեւ այն հանգամանքին, որ նախկին վարչապետի խաղալու մոլուցքը տարիների փորձ ունի: Պարզվում է, որ Հովիկ Աբրահամյանի արկածախնդրությունը այսքանով չի ավարտվում: «ՉԻ» տեղեկություններով՝ նա տարիներ շարունակ տարբեր կազինոներում հսկայական գումարներ է տանուլ տվել, իսկ վարչապետի պաշտոնում եղած ժամանակ հայաստանյան գործարարներից խոշոր գումարներ է վերցրել պարտքերը մարելու համար: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունից հետո պարտատեր գործարարները սկսել են պահանջել իրենց տված գումարները, ինչը չէին անում, երբ նա դեռ վարչապետ էր»: «Հրապարակ» թերթը» գրում է. «Դեկտեմբերի 22-ից ԱԺ-ում կմեկնարկի պետական ծառայողների ատեստավորման առաջին փուլը, որի մասին ազդարարվել է նոյեմբերի 22-ին։ ԱԺ ղեկավարությունն ասում է, որ դա օրենքից բխող պահանջ է՝ 3 տարի ծառայած ԱԺ ծառայողները պետք է ատեստավորում անցնեն, սակայն ծառայողները փաստում են, որ ԱԺ առնվազն վերջին տասնամյակի ընթացքում առաջին անգամ են ատեստավորվելու։ Եվ դրա նպատակը ԱԺ-ն բեռնաթափելն է, քանի որ 2018-ին ՀՀ նախագահի ինստիտուտի լիազորություններն ու աշխատակազմը կրճատվելու են, եւ շատերը, ըստ լուրերի, տեղափոխվելու են ԱԺ։ Ատեստացիայից հատկապես դժգոհ են ԱԺ հնաբնակները, որոնք պնդում են, որ «սեւագործ բանվորների պես» տարիներ շարունակ իրենց ուսերին տարել են աշխատանքի բեռը, եւ ընդվզում են՝ «չի կարելի հասուն տարիքի մարդկանց ստիպել զուբրիտ անել 150 հարցից բաղկացած հարցաշարը»։ Ի դեպ, ԱԺ-ում դժգոհության մթնոլորտ է ոչ միայն աշխատակիցների, այլեւ օրենսդիրների շրջանում, որոնք չեն կարող շուտ մեկնել արձակուրդ, քանի որ դեկտեմբերի 12-ի նիստից բացի մի արտահերթ էլ կգումարվի 19-ին։ Չի բացառվում, որ դա վերջինը չլինի»: «Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով, մոտ ժամանակներս աշխատանքից կարող է ազատվել ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, որի գործունեությունը տարբեր պատճառներով չի բավարարում իշխանություններին: Մեծ հավանականությամբ Մովսես Հակոբյանին այդ պաշտոնում կփոխարինի ԼՂՀ պաշտպանության նախարար Լյովա Մնացականյանը: Ուշագրավ է, որ Մ. Հակոբյանն ու Լ. Մնացականյանը բավական լարված հարաբերություններ ունեն եւ, կարծես, հատուկ որոշել են ավելի վատթարացնել այդ հարաբերությունները»: «Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը կրկին վերադառնում է քաղաքականություն: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը նրան ցանկանում է տեսնել ԿԲ նախագահի պաշտոնում: ԿԲ նախագահի պաշտոնում հայտնվելու հավանական տեղեկությունը վկայում է այն մասին, որ Գագիկ Խաչատրյանը վերադառնում է պետական տիրույթ, որտեղ ԿԲ նախագահի պաշտոնը հակակշռելու է վարչապետի պաշտոնին»: