30.11.2024
Հայաստանը ստանձնեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը
15.12.2017
Հայաստանը ստանձնեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Կիևում մասնակցեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 37-րդ նիստին, որին ներկա էին ՍԾՏՀԿ անդամ 12 պետությունների, 13 դիտորդ երկրների և գործընկեր կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակություններ։ ՍԾՏՀԿ նախարարական կիևյան խորհրդին Հայաստանը ստանձնեց կազմակերպության նախագահությունը: Ելույթ ունենալով նախարարական խորհրդի նիստին Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ ՍԾՏՀԿ օրակարգային հարցերին, կազմակերպության շրջանակներում իրականացվող համագործակցությանը և դրա հեռանկարներին, ՍԾՏՀԿ բարեփոխումներին և կազմակերպության արդյունավետության ամրապնդման նպատակով անհրաժեշտ քայլերին։ Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը հանձնառու լինելով Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ռազմավարական նպատակներին՝ վերահաստատում է իր աջակցությունը կազմակերպության տնտեսական օրակարգին, որն ուղղված է տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը, ինչը բխում է ՍԾՏՀԿ կանոնադրական նպատակներից: Անդրադառնալով կառույցում Հայաստանի նախագահությանը արտգործնախարար Նալբանդյանը նշեց, Հայաստանը որպես նախագահող երկիր առաջիկա վեց ամիսների ընթացքում ուշադրության կենտրոնում կպահի ՍԾՏՀԿ տարածաշրջանում տնտեսական համագործակցության ընդլայնումը և առկա մեխանիզմների միջոցով առաջ կմղի նախագծված օրակարգը: Անդրադառնալով ՍԾՏՀԿ բարեփոխման գործընթացին՝ Էդվարդ Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ այս փուլում իր հիմնական առաքելությունն իրականացնելու համար ՍԾՏՀԿ-ին անհրաժեշտ են գործնական և իրատեսական քայլեր՝ նշելով, որ Կազմակերպությունն ի զորու է բարձրացնել իր արդյունավետությունը Նախարարների խորհրդի կողմից հաստատված որոշումների և բանաձևերի իրականացման միջոցով: ԱԳ նախարարն ընդգծեց նաև, որ Կազմակերպության գործունեությունը քաղաքականացնելու ՍԾՏՀԿ որոշ անդամ երկրների համառ փորձերն ազդում են ոչ միայն տարածաշրջանի բազմակողմ տնտեսական համագործակցության, այլև Կազմակերպության բուն հիմքերի, դրա հիմնական նպատակների վրա և հարցականի տակ դնում ՍԾՏՀԿ հեղինակությանը՝ որպես արդյունավետ տարածաշրջանային տնտեսական կազմակերպություն: Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև հավելեց, որ ՍԾՏՀԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում որոշ անխոհեմ փորձերը` բարեփոխումների քողի ներքո ներգրավվելու Կազմակերպությունից առանձին ինչ-որ գործողություններում, հակասում են Կազմակերպության կանոնադրությանը, ՍԾՏՀԿ ԽՎ նպատակներին և ընթացակարգերին՝ բացասաբար ազդելով Կազմակերպության հեղինակության վրա: Արձագանքելով Ադրբեջանի պավիրակության ղեկավարի ելույթին, Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ ՍԾՏՀԿ հարթակն իր նեղ քաղաքական շահերն առաջ մղելուն ծառայեցնելու Ադրբեջանի փորձերը խոչընդոտում են ՍԾՏՀԿ տնտեսական համագործակցությանը և դժվար թե Կազմակերպության շրջանակներում հնարավոր լինի ձեռքբերումներ ակնկալել, եթե այս հարթակը շարունակվի շահագործվել քարոզչության նպատակներով: Ամփոփելով իր խոսքը՝ արտգործնախարար Նալբանդյանը շեշտեց. « Հայաստանն իր նախագահության ընթացքում կապավինի այն համատեղ ջանքերին, որոնք միտված են համակողմանի տարածաշրջանային համագործակցության ու տնտեսական փոխկապվածութան առաջմղմանը»: