23.11.2024
Սուքիասյանին ու Ալեքսանյանին դարձնում  են շատ ավելի օլիգարխ, քան ՍՍ-ի այլանդակ ժամանակները
prev Նախորդ նորություն

Արտաքին տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացումը ՀՀ գերակայությունն է ԵԱՏՄ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Լուսանկարման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել միջկառավարական խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի վարչապետները: Ընդլայնված կազմով նիստին մասնակցել է նաև Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչը:


Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.


«Հարգելի գործընկերներ,


Նիստի հարգելի մասնակիցներ,


Ելույթս կսկսեմ Դմիտրի Անատոլիի հասցեին շնորհակալական խոսքերով՝ այսօրվա հանդիպումը կազմակերպելու, հյուրընկալության և ավանդական ջերմ ընդունելության համար: Ես շատ ուրախ եմ կրկին այցելել Մոսկվա և մասնակցել Միջկառավարական խորհրդի նիստին:


Անցնելով օրակարգային հարցերին՝ ցանկանում եմ սկսել անցած ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի արդյունքների մասին մեզ տրամադրված տեղեկատվությունից: Կարծում եմ, որ գրեթե չորս տարվա գործունեության ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իսկապես հսկայական աշխատանք է կատարել ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժման ազատության սկզբունքների գործնական իրականացման առումով: Շոշափելի արդյունքներ են գրանցվել Եվրասիական տնտեսական միության ինստիտուտների ստեղծման և ամրապնդման տեսանկյունից: Մենք կարող ենք հպարտորեն նշել, որ մեր կազմակերպությունը հսկայական քայլ է կատարել միջազգային տնտեսական համակարգում իր տեղի ու դերի հաստատման ուղղությամբ՝ համագործակցության բազմազան փաթեթով:


Գոհունակությամբ նշելով ձեռք բերված արդյունքները՝ ես նաև կցանկանայի ընդգծել նորմատիվ իրավական բազայի հետագա կատարելագործման, թերությունների և սահմանափակումների վերացման, տնտեսության հիմնական ճյուղերում քաղաքականությունը համակարգելու և բիզնեսի վրա բյուրոկրատական բեռը թեթևացնելու անհրաժեշտությունը: Մեր առջև ծառացած են լայնածավալ խնդիրներ, որոնք ուղղված են մեր երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը:


Այս խնդիրներից մեկը ոգելից խմիչքների ընդհանուր շուկայի գործունեության համար իրավական դաշտի ստեղծումն է: «ԵԱՏՄ շրջանակներում ալկոհոլային շուկայի կարգավորման մասին» համաձայնագրի վերջնական համաձայնեցումը, որը հիմնված է խտրականության և մրցակցության սահմանափակման անթույլատվության սկզբունքների վրա, կլինի ևս մեկ քայլ առկա խոչընդոտները վերացնելու համար:


Միության ներքին շուկայում թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված արտադրանքի ազատ շրջանառությունն ապահովելու համար պայմանների ստեղծումը նույնպես պատկանում է այդ խնդիրների շարքին: Կարծում եմ, որ համապատասխան միջազգային պայմանագրի ստորագրումը թույլ կտա ձևավորել փոխշահավետ առևտրատնտեսական մեխանիզմներ, որոնք ուղղված են անդամ պետությունների մրցակցային առավելությունների ստեղծմանը: Պայմանագիրը թույլ կտա վերացնել գոյություն ունեցող սահմանափակումը, որը կապված է դրոշմանշանների փոխադարձ ճանաչման բացակայության հետ:


Այս համատեքստում, «Երրորդ երկրների շուկաներում ԵԱՏՄ անդամ պետությունների ոսկերչական զարդերի խթանմանն ուղղված գործողությունների ծրագրի» հաստատումը, իր հերթին, կնպաստի մրցակցության բարձրացմանը, արտահանման աճին և հզոր ազդակ կհաղորդի մեր երկրներում այդ ոլորտի զարգացմանը:


Որքան մոտենում է 2020 թվականի փետրվարը, այնքան ավելի արդիական են դառնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նոր կազմի ձևավորման հարցերը: Մենք կարծում ենք, որ ռոտացիոն մեխանիզմի ընտրությունը կարող է հիմք դնել գործառույթի արդար վերաբաշխման համար՝ հիմնվելով միմյանց շահերի հավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա:


Ինչպես ես բազմիցս նշել եմ, 2019 թվականին ԵԱՏՄ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության հիմնական գերակայություններից մեկն արտաքին տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացումը և ազատ առևտրի համաձայնագրերի աշխարհագրության ընդլայնումն է:

Այս կապակցությամբ ուզում եմ շնորհավորել բոլորիս ազատ առևտրի մասին հաջորդ համաձայնագրի կապակցությամբ: Հաճույքով կցանկանայի նշել, որ այսօր այն կստորագրվի մեր բարեկամ Սերբիայի հետ: Հայաստանը մտադիր է ամբողջովին օգտվել բոլոր մեխանիզմներից, որոնք մեզ տալիս է այս պայմանագիրը:


Միության միջազգային գործունեության նպատակների և խնդիրների իրականացման համատեքստում ևս մեկ կարևոր իրադարձություն է Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրի և տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելը: Չնայած այն բանին, որ համաձայնագիրը չի նախատեսում տուրքերի վերացում կամ ոչ սակագնային խոչընդոտների ավտոմատ իջեցում, այլ կրում է ոչ արտոնյալ բնույթ, այն առևտրի ընթացակարգերի, թափանցիկության և առևտրային համագործակցության բոլոր ոլորտներում փոխգործակցության մակարդակի բարձրացման միջոցով կբարելավի ԵԱՏՄ երկրներից ՉԺՀ շուկա ապրանքների մուտքի պայմանները:


Եզրափակելով խոսքս, ցանկանում եմ նշել, որ այսօրվա նիստը Միջկառավարական խորհրդի վերջին նիստն է, որին ես մասնակցում եմ որպես նախագահող: Այս կապակցությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին համագործակցության և աջակցության համար: Օգտվելով այս հնարավորությունից՝ նաև ցանկանում եմ Բելառուսի վարչապետ Սերգեյ Նիկոլայի Ռումասին մաղթել հաջող նախագահություն Միջկառավարական խորհրդում:


Շնորհակալություն ուշադրության համար»:


Նիստի ընթացքում քննարկվել են ալկոհոլային արտադրանքի առևտրի ոլորտում ազգային կարգավորումներին, տարբեր, այդ թվում` թանկարժեք մետաղների, արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում անդամ-պետությունների միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի գործող կազմի գործունեության ժամկետի ավարտի կապակցությամբ, որը լրանալու է 2020 թվականի փետրվարի 1-ին, զեկույց է ներկայացվել ԵՏՀ-ի գործունեության հիմնական արդյունքների մասին:

Նիստի շրջանակում ԵԱՏՄ-ի միջազգային գործունեության զարգացման համատեքստում միության անդամ-պետությունների վարչապետները մի կողմից և Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչը ստորագրել են ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիր:


ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի` հոկտեմբերի 2019 թվականի հոկտեմբերի 25-ից ուժի մեջ մտնելու կապակցությամբ ընդունվել է ԵԱՏՄ անդամ-պետությունների և ՉԺՀ-ի համատեղ հայտարարություն: