10.06.2025
Քաղաքական առաջնորդների դպրոցները կարևոր են երիտասարդների համար. ՀԱՍԱԿ-ը մեկնարկեց առաջինը
30.03.2021
Քաղաքական առաջնորդների դպրոցները կարևոր են երիտասարդների համար. ՀԱՍԱԿ-ը մեկնարկեց առաջինը

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը մեկնարկել է Քաղաքական առաջնորդների դպրոց՝ «Հետպատերազմյան Հայաստանի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերները» թեմայով, որն անցկացվեց մարտի 27-ին և 29-ին: Հարյուրից ավելի հայտերից ընտրվել էր 50 մասնակից, որոնք երկու օրերի ընթացքում լսեցին քաղաքագետներ Արամ Սաֆարյանին, Գարիկ Քեռյանին, Գրիգոր Բալասանյանին, վրացագետ Ջոննի Մելիքյանին և քաղաքական մեկնաբան Արշալույս Մղդեսյանին: Քննարկումների հիմնական առանցքը ներկայիս ներքաղաքական իրավիճակն էր, հետպատերազմյան իրողությունները, միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետության մոտեցումներն ու սպասելիքներն առաջիկայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից: Առանձնահատուկ քննարկվեցին նաև այն խոչընդոտները, որոնք չեն թողնում երկրում հաստատել սոցիալական արդարություն: Կուսակցության նախագահ Արման Ղուկասյանի խոսքով, Քաղաքական առաջնորդների դպրոցի գաղափարը վաղուց էր ծնվել ու դեռ անցյալ տարի պետք է կյանքի կոչվեր, սակայն սկզբում կորոնավիրուսը, իսկ այնուհետ նաև պատերազմը խոչընդոտ հանդիսացան: Նա նշեց, որ նման քննարկումները կարևոր են, քանի որ հնարավորություն են ընձեռում քննարկել առկա զարգացումները և փորձել հասկանալ, թե ինչ է սպասվում առջևում:Քաղաքական առաջնորդների դպրոցի համակարգող, կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանի խոսքով էլ, այսչափ քաղաքականացված երկրում, ինչպիսին է Հայաստանը, չափազանց կարևոր է աշխատել երիտասարդների հետ նման ձևաչափերում: «Թյուր է այն կարծիքը, թե Քաղաքական առաջնորդների դպրոցները, որոնք կազմակերպվում են կուսակցությունների կամ քաղաքական այլ միավորների կողմից, պարտադիր նշանակում են, որ դասընթացներն ավարտողները պետք է դառնան կուսակցական: Մենք նման խնդիր չենք հետապնդում, պարզապես ցանկանում ենք անմիջական շփման միջոցով քննարկել իրողությունները, ներքաղաքական զարգացումները ու շփվել երիտասարդների հետ, որոնք անտարբեր չեն երկրի ներկայի և ապագայի նկատմամբ»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ դպրոցը շարունակական է լինելու: Դասընթացների ավարտին մասնակիցները ստացան սերտիֆիկատներ: