ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 14-ին ընդունեց Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ մշակույթի նախկին նախարար Միխայիլ Շվիդկոյին: Հանդիպմանը մասնակցեցին նաեւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը եւ ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը: Անդրադառնալով Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի՝ մինչ օրս չհաղթահարված հետեւանքներին՝ Հակոբ Արշակյանը փաստեց, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները եւ ազատ չի արձակում հայ ռազմագերիներին ու պահվող այլ անձանց: ԱԺ նախագահի տեղակալը երախտագիտություն հայտնեց Ռուսաստանի Դաշնությանը վերոնշյալ խնդիրների լուծման հարցում մեր երկրին շարունակաբար աջակցելու համար: Հակոբ Արշակյանը նշեց, որ 2022 թ. լրանում է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաեւ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի 25-ամյակը: ԱԺ փոխնախագահը հույս հայտնեց, որ այդ կապակցությամբ անցկացվելիք մշակութային միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով: Միխայիլ Շվիդկոյն իր հերթին ընդգծեց հայ-ռուսական երկկողմ համագործակցության առանձնահատուկ բնույթը՝ նշելով, որ իրենք հետեւում են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, եւ մտահոգություն հայտնեց պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար եւ մշակութային մարտահրավերների առնչությամբ: Հյուրը նշեց նաեւ, որ Ռուսաստանի հայ համայնքը զգալի դերակատարում եւ ներդրում ունի երկրի հասարակական-քաղաքական, ինչպես նաեւ մշակութային կյանքում: Քննարկվեցին նաեւ հայ-ռուսական դաշնակցային բարեկամական հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանն առնչվող այլ հարցեր: