Նոյեմբերի 16-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Խաղաղությունը և անվտանգությունը կանխարգելիչ դիվանագիտության միջոցով» թեմայով հանդիպմանը, հաղորդում է ԱԳՆ-ն։ «Իր ելույթում Մհեր Մարգարյանն Անվտանգության խորհրդի ուշադրությունն է հրավիրել վերջին օրերին Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ զինված հարձակումների վրա, ինչը ոտնահարում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները։ Ընդգծվել է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները վտանգում են իրավիճակի լիցքաթափմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը և լրջորեն խաթարում են տարածաշրջանում խաղաղության հեռանկարները։ ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է միջազգային դերակատարների կողմից հրատապ և արդյունավետ քայլերի անհրաժեշտությունը՝ հետագա սրացումը կանխարգելելու և Հայաստանի տարածքից Ադրբեջանի զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերումն ապահովելու նպատակով։ Մեքսիկայի նախագահությամբ ԱԽ նիստին զեկույցներով հանդես են եկել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբեայի, Տնտեսական և Սոցիալական խորհրդի ու Արդարադատության միջազգային դատարանի նախագահները»,- նշվում է ԱԳՆ հաղորդագրությունում։ VERELQ-ը հիշեցնում է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում ինտենսիվ մարտեր են ծավալվել Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև: Երեւանը հայտարարել է, որ ադրբեջանական զինուժը հարձակում է սկսել հանրապետության տարածքի վրա: Սպառնալիքի տակ է հայտնվել Պետական մայրուղին, որը մայրաքաղաքը կապում է երկրի հարավային շրջանների եւ Իրանի հետ: ՀՀ զինված ուժերը հակառակորդին հակազդելու գործողություններ են ձեռնարկել: Հակառակորդի կենդանի ուժին զգալի վնաս է հասցվել, ոչնչացվել է առնվազն 6 միավոր զրահատեխնիկա: Հայկական կողմից կան նաև զոհեր։ Հաղորդվում է նաև 12 հայ զինծառայողների գերեվարման մասին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի գործողություններն անվանել է ուղղակի ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ: Նոյեմբերի 16-ին՝ ժամը 18:30-ից, Ռուսաստանի միջնորդությամբ հայ-ադրբեջանական սահմանին կրակը դադարեցվել է: