Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Նրա խոսքով, հայ ժողովուրդն ընդվզում է գործող իշխանությունների դեմ, իսկ այս պահին հայերը դուրս են գալիս փողոց ու չեն պատրաստվում տուն վերադառնալ, քանի դեռ «թուրքամետ ուժին» չեն հեռացրել։ «Վաղը դուք (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը) պետք է հանդիպեք կապիտուլյանտ ռեժիմի ղեկավարի հետ: Խնդրում եմ նկատի ունեցեք, որ նրա կառավարմանը մնացել է հաշված օրեր, մի ենթարկվեք նրա մանիպուլյացիաներին և մի հավատացեք նրա որևէ խոսքի: Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանի և Արցախի շահերը։ Նրա քաղաքականության արդյունքում Հայաստանը դե ֆակտո կորցրել է ինքնիշխան պետության, առանձին սուբյեկտի կարգավիճակը, որը կարող է պաշտպանել իր իրավունքները։ Շատ շուտով կառավարությունից կվտարվեն հակապետական խամաճիկները, և հայ-ռուսական հարաբերությունները կրկին կդառնան իսկապես գործընկերային, ինչպես վայել է իրական ռազմավարական դաշնակիցներին»,- ասված է Ռուբեն Հակոբյանի կոչում։ VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների տնտեսական համագործակցության հարցերին և պայմանավորվել, որ այդ հարցերը մանրամասն կքննարկվեն ապրիլի 19-ին Փաշինյանի` Ռուսաստան պաշտոնական այցի ընթացքում։