Հակարիի կամրջին ադրբեջանական անցակետ տեղադրելու հարցով Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան: Այս մասին VERELQ-ին հայտնեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։ Ադրբեջանի այս քայլը դատարանի՝ փետրվարի 22-ի որոշման խախտում է, ինչի մասին ներկայացվել է Հայաստանից Հաագա ուղարկված նամակում: Հիշեցնենք, Ադրբեջանը կիրակի օրը, խախտելով բոլոր Եռակողմ պայմանավորվածությունները, Լաչինի միջանցքում, ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում անցակետ է տեղադրել: Երեկ արդեն Ադրբեջանն այդ տարածքում ցուցանակ է տեղադրել, որին գրված է. "Բարի գալուստ Ադրբեջանի Հանրապետության տարածք":