1.08.2025
Գյուղմթերք արտադրողների ապրանքի գնման եւ մատակարարների իրավահարաբերությունները կհստակեցվեն
06.06.2023
Գյուղմթերք արտադրողների ապրանքի գնման եւ մատակարարների իրավահարաբերությունները կհստակեցվեն

Հայաստանի Հանրապետությունում գյուղմթերք արտադրողների ապրանքի գնման եւ մատակարարների ու առեւտրային ցանցերի իրավահարաբերությունները հստակեցնելու համար օրենքով նոր կարգավորումներ կսահմանվեն. նշել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: Մեր երկրում միջին բիզնեսի շահերը պաշտպանելու, շուկան բարելավելու եւ մրցակցության հետ կապված խնդիրները վերացնելու նպատակով Բաբկեն Թունյանի նախաձեռնությամբ հունիսի 6-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են հանձնաժողովի անդամներ Հովիկ Աղազարյանը, Նարեկ Ղահրամանյանը, Հայկ Ցիրունյանը, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը եւ մի քանի տնտեսվարողներ: Գեղամ Գեւորգյանի տեղեկացմամբ կարգավորումը բոլորի գաղափարն է, հաշվի են առնվել թե՛ ՓՄՁ-ների խորհրդի մտահոգությունները, թե՛ բիզնեսի կարիքները, թե՛ տարբեր երկրների փորձը: «Կարգավորումը հետեւյալն է՝ ՀՀ-ում գյուղմթերք արտադրողների ապրանք գնելու պարագայում պետք է վճարել 30-օրվա ընթացքում, առեւտրային ցանցերը պարենային ապրանքի գնման դեպքում պետք է վճարեն 30 օրվա ընթացքում, ոչ պարենայինի դեպքում` 60 օրվա ընթացքում: Չվճարման չափը մեկ մատակարարի ու մեկ առեւտրային ցանցի համար կարող է լինել ոչ ավելի, քան 3 մլն դրամը»,- հայտնել է ՄՊՀ նախագահը: Ըստ հանձնաժողովի նախագահի տեղակալի՝ բիզնեսի տարբեր բնագավառներ ունեն իրենց կարծիքը կարգավորման վերաբերյալ: Խոշոր տնտեսվարողները՝ առեւտրային ցանցերի ներկայացուցիչները, հայտնել են, որ ուզում են մատակարարված ապրանքի համար վճարումները հնարավորինս ուշ անել: Տնտեսվարողների խոսքով կարգավորումն անհարմարություններ է պատճառելու իրենց. մատակարարներն ու առեւտրային ցանցերը, առանց որոշման էլ, կարողանում են կարգավորել իրենց հարաբերությունները: Ամփոփելով հանդիպումը՝ Բաբկեն Թունյանը նշել է, որ մինչեւ նախագծի մշակումը նման հանդիպումները շարունակական կլինեն, քանի որ կարեւոր է լսել բոլոր ոլորտների ներկայացուցիչների կարծիքները, որ օրենքի ընդունումից հետո տարընթերցումներ չառաջանան: