ԵՄ դիտորդական առաքելությունը կարևոր գործառույթ է իրականացնում թափանցիկության ապահովման գործում։ Այս մասին X-ի իր էջում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ «Դիտորդական առաքելությունը բաց է նաև Ադրբեջանի հետ փոխգործակցության համար, եթե կան մտահոգություններ, դրանք պետք է լուծվեն անվտանգ միջավայրում, ինչպես Վրաստանում տեղակայված ԵՄ առաքելությունն է ապահովում բոլոր կողմերի հետ կանոնավոր շփումների միջոցով»,- գրել է Կլաարը։ Ավելի վաղ ԵՄ դիտորդները հայտնել էին, որ պարեկային շրջայցեր են իրականացրել Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում և որևէ ռազմական որևէ արտառոց տեղաշարժ չեն նկատել: Այդ կերպ ԵՄ առաքելությունը փաստացի արձագանքել է Ադրբեջանի ՊՆ-ի` Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին զորքերի կուտակումների մասին տարածած տեղեկությանը: Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է սահմանին զորքերի կուտակումների մասին Ադրբեջանի տարածած տեղեկությունը: